ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ՝ ԵՐԿՈՒ ՔԱՐԻ ԱՐԱՆՔՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանը երեկ հանդիպել է Վլադիմիր Պուտինի հետ: Ինչպես հայտնի է, աշխատանքային այցի անվան տակ այս հանդիպումը նախատեսել էր ռուսական կողմը, եւ զարմանալի զուգադիպությամբ Պուտինը Սարգսյանին տարածաշրջանային խնդիրները քննարկելու համար Մոսկվա էր կանչել հենց օգոստոսի 8-ին՝ ռուս-վրացական պատերազմի 4-րդ տարելիցի օրը:
Ժամը 14.20-ի սահմաններում Կրեմլի պաշտոնական կայքը հաղորդեց հանդիպման ավարտի մասին, նաեւ տեղադրվեց Պուտին-Սարգսյան առանձնազրույցի առաջին մասի սղագրությունը: Առանձնազրույցից հետո նրանք նաեւ փոքր ասուլիս են տվել:
Այս հանդիպումից 10 րոպե անց՝ 14:30-ին, Կրեմլի պաշտոնական կայքը հաղորդեց, որ Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի եւ Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաեւի հետ: Հատկապես Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույցն ուշագրավ է այն առումով, որ բացի ՌԴ-ից, Ղազախստանն ու Բելառուսն են համաձայնել մաս կազմել Մաքսային միասնական միությանը (Ս. Սարգսյանի հետ հանդիպման օրակարգի հիմնական կետը վերաբերել է հենց Եվրասիական միությանն ու Մաքսային միասնական միությանը): Եվ ուրեմն՝ նշանակում է, որ կողմերը որոշակի հստակեցումներ են արել իրենց դիրքորոշումներում:

ՖՈՐՊՈՍՏԻ ԳԵՐԻՆԵՐԸ
Այն, որ Ռուսաստանի իշխանությունները Հայաստանին վերաբերում են որպես ֆորպոստի, հերթական անգամ երեւաց նաեւ այս հանդիպման ժամանակ: Պուտինը, ինչպես ժամանակին Ռոբերտ Քոչարյանին էր հիշեցրել Ռուսաստանում աշխատող մեծաքանակ հայերի մասին, նույնը կրկնել է նաեւ Ս. Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ: Ավելին, նա բաց տեքստով հայտարարել է, որ Հայաստանն այսօր ապրում է հենց ՌԴ-ից եկած տրանսֆերտների հաշվին: «Հայաստանի քաղաքացիների եւ մեծ հաշվով՝ Հայաստանի համար մեծ օգնություն է այն, որ ՀՀ քաղաքացիների զգալի մասը, որոնք ապրում են Ռուսաստանում, մոտավորապես 1 մլրդ դոլար են ուղարկում իրենց ընտանիքներին. դա փոքր գումար չէ, ՀՀ ՀՆԱ-ի մեծ մասն է»,-ասել է Պուտինը: Այլ կերպ ասած՝ նա վերջերս արեւմտամետ «խաղեր տվող» Ս. Սարգսյանին հստակ հասկացրել է, որ Հայաստանը շարունակում է կախված մնալ ՌԴ-ից՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով: Այսինքն՝ ավելորդ գումարներ պետք չէ ակնկալել ՌԴ-ից: Իսկ թե ինչ են նշանակում նախագահական ընտրությունների նախաշեմին ՌԴ այս ակնարկները, մնում է միայն գուշակել: Հավելենք, որ Սերժ Սարգսյանն էլ պաշտոնապես հայտարարել է, թե ռուսական բիզնեսը Հայաստանում «լավ է զգում»:

ՈՐԲԻ ԳԼԽԻ ՍԻՆԴՐՈՄ
Ինչպես հայտնի է՝ այս հանդիպման օրակարգի հիմնական կետերից մեկը վերաբերել է Եվրասիական միության ու Մաքսային միության վերաբերյալ Հայաստանի դիրքորոշմանը: Ճիշտ է, երեկվա պաշտոնական հաղորդագրություններում որեւէ խոսք չկա Եվրասիական միության մասին, սակայն հասկանալի է, որ այս թեման քննարկվել է փակ դռների հետեւում: Փոխարենը երեկ Պուտինն անդրադարձել է Մաքսային միասնական միությանն ու ՀՀ հնարավոր անդամակցությանը: Ընդ որում, ասուլիսի ժամանակ նա Հայաստանի անունից հստակ հայտարարություն է արել՝ Մաքսային միասնական միությանն անդամակցելու մասին: «Մենք պայմանավորվել ենք ստեղծել խառը հանձնաժողով, որը  պետք է դիտարկի` ինչպես կարելի է Մաքսային միության շրջանակում օգտագործել Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի միջեւ վերջին պայմանավորվածությունները, միասնական տնտեսական տարածքը Հայաստանի համար՝ նկատի ունենալով այն, որ մենք ընդհանուր սահմաններ չունենք»,-ասել է Պուտինը: Թե ինչ մեխանիզմներ պետք է գտնեն, որպեսզի ՌԴ-ի, Ղազախստանի կամ Բելառուսի հետ միասնական սահման չունեցող Հայաստանն անդամակցի այդ միությանը, անհասկանալի է: Եվ այդ մասին ասում են ոչ միայն փորձագետները, այլեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Սակայն հասկանալի է, որ ՌԴ-ն փորձելու է ամեն գնով իրագործել իր ծրագիրը, որովհետեւ այդպես հնարավոր կլինի նաեւ նախաձեռնել Եվրասիական միությունը:
ԳԱԶԻ ԲԱԼՈՆ
Սերժ Սարգսյանը Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ իրենք պայմանավորվածության են եկել ՌԴ-ից Հայաստան մատակարարվող գազի սակագնի շուրջ: Միայն թե նա անուղղակի կերպով խոստովանել է, որ իրեն չի հաջողվել կանխել գազի սակագնի թանկացումը: «Այսօր մենք կարեւոր հարցի` Հայաստան մատակարարվող բնական գազի սակագնի  մասին ենք զրուցել: Կարծում եմ՝ դրա ձեւավորման սկզբունքների հարցում փոխըմբռնման ենք հասել: Այն պետք է բխի գազի շուկայական իրական գնից, բազմապատկած կամ բաժանած, ինչպես ցանկանում եք, Հայաստանի բնական գազի կարիքները հարաբերակցելով տարածաշրջանային գներին` պահպանելով Հայաստանի տնտեսության արդյունավետությունը»,- ասել է նա: Ինչպես նկատեցիք, Ս. Սարգսյանը խոսում է գազի շուկայական իրական գնի մասին: Իսկ շուկայական իրական գինը շատ ավելի բարձր է, քան ՀՀ մատակարարվողի սակագինը: Ավելին, Հայաստանը, դեռ 90-ականներից սկսած, գազը ՌԴ-ից գնել է ոչ թե շուկայական իրական գնով, այլ երկկողմանի պայմանավորվածությունների արդյունքում, եւ այդ սակագինը մշտապես ավելի ցածր է եղել շուկայական իրական գնից: Փորձագետների տվյալներով՝ ՌԴ-ն Եվրոպային գազը մատակարարում է 1000 խմ-ն մոտ 330 դոլարով: Ներկայում ՀՀ-ն սահմանի մոտ գազը ՌԴ-ից գնում է 180, ոչ պաշտոնական տվյալներով՝ 211 դոլարով, իսկ Հայաստանի ներսում բնակչությանն այն վաճառվում է 350 դոլարով: Այսինքն՝ առաջիկայում Հայաստանը ՌԴ-ից եթե գազը գնի ոչ թե 330 դոլարով, այլ՝ շուկայական իրական գնին մոտ սակագնով, ապա միեւնույն է, այն լինելու է ավելի բարձր, քան ներկայումս է: Ասել է թե՝ առաջիկայում գազի սակագինը, միեւնույն է, բարձրանալու է:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս