ԱՎԱԳԱՆԻՆ՝ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ «ԲՈՍՏԱՆԸ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն, որ տեղական ինքնակառավարումը մեր երկրում կայացած չէ, որ ավագանին երբեւէ ազդեցիկ նշանակություն չի ունեցել, նորություն չէ: Նորանկախ Հայաստանում, հատկապես խոշոր քաղաքներում, ավագանին եղել է կցորդ մարմին, որը երբեւէ համարձակություն չի ունեցել ընդվզել քաղաքապետի դեմ: Այդպես է եղել նաեւ Գյումրիում Վարդան Ղուկասյանի օրոք: Հիմա նրա աթոռը սահուն կերպով փոխանցվում է Բալասանյանին, եւ վերջինս իր հերթին փորձում է ձեւավորել իրեն ձեռնտու կազմով ավագանի, մի մարմին, որը կենթարկվի Բալասանյանին ճիշտ այնպես, ինչպես Ղուկասյանին` դառնալով  դակիչ մարմին: Այս ընթացքում Բալասանյանին հաջողվեց ձեւավորել իր թիմը հիմնականում գարեջրագործների մասնակցությամբ:
Օգոստոսի 8-ին ավագանու ընտրություններին մասնակցելու համար թիվ 34 ԸԸՀ-ին է ներկայացվել 18 հայտ: Նրանք ինքնաառաջադրվել են: Ավագանու թեկնածուները Բալասանյանի մերձավոր շրջապատից են, ոմանք աշխատում են «Գյումրի» գարեջրի գործարանում: Աշխատավայրը նշված է նաեւ նրանց հայտարարագրերում: ԲՀԿ-ական Բալասանյանի թիմի անդամներն էլ հիմնականում այդ կուսակցության ներկայացուցիչներ են: Նշենք, որ առաջադրված թեկնածուներից 8-ն այս պահի դրությամբ «Բարգավաճ Հայաստան»-ից են: Փաստորեն, Բալասանյանը եւս ջանքեր չի խնայում Գյումրու քաղաքապետարանը սեփական «բոստանը» դարձնելու համար: Հավելենք, որ Գյումրու ավագանու ընտրություններին ընդհանուր առմամբ թեկնածություն է առաջադրել 20 հոգի:
Անկախ այն հանգամանքից, որ Վարդան Ղուկասյանը, ըստ երեւույթին, կխուսափի իր թեկնածությունն առաջադրելուց, լուրեր են շրջանառվում, որ նա եւս կփորձի գոնե ավագանու տեսքով պահել իր ներկայությունը քաղաքապետարանում եւ սեփական թիմը ստեղծել, որը եւս կփորձի «գրավել» ավագանու տեղերը: Հիշեցնենք, որ ավագանու համար իրենց թեկնածությունն են առաջադրելու «Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնության անդամները, որոնք Գյումրիում քիչ թե շատ ճանաչված մարդիկ են, եւ նրանց հաղթելու շանսերը շատ ավելին են, քան, ասենք, գյումրեցիներին անհայտ գարեջրագործներինը: Այնպես որ, թերեւս քաղաքապետի ընտրություններին իրենց  թեժությամբ չեն զիջելու նաեւ ավագանու ընտրությունները:
Հավելենք, որ օգոստոսի 8-ին քաղաքապետի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրեց դաշնակցական Հովսեփ Սիմոնյանը: «Իմ մասով ես կարող եմ երաշխիք տալ, որ հաստատ լինելու է քաղաքակիրթ քարոզարշավ»,-նշեց Հովսեփ Սիմոնյանը:
Հ. Գ. ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի նորանշանակ ղեկավար Սահակ Մինասյանը երեկ վերահաստատել է այն լուրը, որ Հանրապետականները որոշում են կայացրել, որ առաջիկա ՏԻՄ ընտրություններին սատարելու են Գյումրու քաղաքապետի թեկնածու  Սամվել Բալասանյանին: Ըստ ՀՀԿ ներկայացուցչի՝ կուսակցությունը սեփական թեկնածու առաջադրելու հարցն ընդհանրապես չի քննարկել: Այսինքն՝ Սամվել Բալասանյանը ԲՀԿ-ում, այսպես ասած, Սերժ Սարգսյանի մարդն է: Այս ձեւակերպմանն ի պատասխան՝ Մինասյանը նշեց. «ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, ես կարծում եմ, Սերժ Սարգսյանի մարդն է»:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Գյումրի




Լրահոս