ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԸ 45-ՐԴՆ Է
Լոնդոնի օլիմպիական խաղերում թիմային հաշվարկում 1 արծաթե եւ 2 բրոնզե մեդալով Հայաստանն այս պահին 45-րդն է: Նույնքան մեդալ է նվաճել նաեւ Ադրբեջանը: Իսկ առաջին հորիզոնականում շարունակում է մնալ Չինաստանը, որն ունի 24 ոսկե, 21 արծաթե եւ 18 բրոնզե մեդալ: Երկրորդ տեղում գտնվող ամերիկացիները նվաճել են 30 ոսկե, 19 արծաթե եւ13 բրոնզե մեդալ, իսկ լավագույն եռյակը եզրափակող Մեծ Բրիտանիան ունի 22 ոսկե, ինչպես նաեւ 13-ական արծաթե ու բրոնզե մեդալ: Չորրորդ տեղում Հարավային Կորեան է` 12 ոսկե, 5 արծաթե եւ 6 բրոնզե մեդալով: Ռուսաստանի հավաքականը, որը եզրափակում է լավագույն հնգյակը, նվաճել է 10 ոսկե, 18 արծաթե եւ 20 բրոնզե մեդալ:

ՍԿՍԵԼ Է ՊԱՐԵԼ
«ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը չի դիմացել եւ սկսել է պարել Հարավաֆրիկյան Հանրապետության ԱԳ նախարար Մաիթե Նկոնա-Մաշաբանեի կազմակերպած ընթրիքին»,-գրում է The Telegraph-ը: Կապույտ, երկար ժակետով եւ սեւ տաբատով Քլինթոնը՝ ժպիտը դեմքին, պարային մի քանի շարժումներ է կատարել եւ ծափ տվել երգի ռիթմերին համապատասխան: Նշենք, որ ԱՄՆ պետքարտուղարը շրջագայում է աֆրիկյան 7 երկրներում: Նրա առաքելությունն է նպաստել ԱՄՆ-ի՝ որպես տարածաշրջանում Չինաստանի աճող տնտեսության եւ քաղաքական ազդեցության այլընտրանք դառնալուն:

ՆԱՀԱՆՋԵԼ Է
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը մեկ կետով նահանջել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում` հանգրվանելով 56-րդ հորիզոնականում: Հարեւան երկրների հավաքականներից Ադրբեջանը 108-րդն է, Վրաստանը` 97-րդը, Իրանը` 45-րդը, Թուրքիան` 30-րդը: Մեր հավաքականի առաջիկա մրցակիցներից Բելառուսը 76-րդն է, Մալթան` 143-րդը, իսկ Բուլղարիան` 94-րդը: Աղյուսակը շարունակում է գլխավորել աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիան, որին հաջորդում են Գերմանիան, Անգլիան, Ուրուգվայը, Պորտուգալիան, Իտալիան, Արգենտինան, Հոլանդիան, Խորվաթիան եւ Դանիան:

ՁՈՂԸ ԿՈՏՐՎԵԼ Է
Օլիմպիական խաղերի ձողացատկի տղամարդկանց մրցումներում հետաքրքիր միջադեպ է գրանցվել: Օգոստոսի 8-ին կայացած մրցման ժամանակ Կուբայի ներկայացուցիչ Լազարո Բորխեսը փորձել է հաղթահարել 5.35 մետրի արգելքը, սակայն ձողափայտը կոտրվել է, եւ մարզիկը վայր է ընկել: Վերջինս լուրջ վնասվածքներ չի ստացել եւ շարունակել է մասնակցել մրցումներին:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՇԱԲՈՅԱՆԸ




Լրահոս