ԴԵՂԵՐԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՎԵՐԱՁԵՎԱՎՈՐՈՒՄ Է ՍՊԱՍՎՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի դեղորայքի շուկայում վերջին ամիսներին զգալի գնաճ է արձանագրվել: Դեռեւս նախորդ տարվա վերջին դոլարի եւ եվրոյի փոխարժեքի բարձրացման հետեւանքով դեղերը սկսեցին թանկանալ: Սակայն դոլարի եւ եվրոյի փոխարժեքի կայունացումից հետո էլ Հայաստանում դեղերի գնաճը շարունակվում է: Բանն այն է, որ դեղերի թանկացումն անխուսափելի է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցելուց հետո, քանի որ եվրոպական երկրներից դեղերի ներմուծման դեպքում նախկինում գործում էր զրոյական մաքսատուրք, իսկ հիմա այն կազմում է 8-12.5 տոկոս:

ՀՀ-ում դեղորայքի ներմուծման համար գործում է զրոյական մաքսատուրք, իսկ ՄՄ-ում՝ 8-12.5%: Ու քանի որ դեղորայքի մեծ մասը բերվում է եվրոպական երկրներից (Ֆրանսիա, Գերմանիա, Շվեյցարիա, Իտալիա) եւ ԱՄՆ-ից, ապա ակնհայտ է, որ դեղորայքի գինը կարող է թանկանալ նվազագույնը 8%-ով:
Նախորդ տարվա վերջին, երբ դոլարի ու եվրոյի փոխարժեքը սկսեց բարձրանալ, առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հորդորեց դեղ ներմուծողներին տարադրամի արժույթի տատանման պայմաններում վարել դեղերի գների բարձրացումը զսպող քաղաքականություն: Ինչը, մեծ մասամբ, անտեսվեց: Հայաստանի դեղերի շուկայում գերիշխող դիրք զբաղեցնող տնտեսվարողներն այդքան էլ պատահական մարդիկ չեն եւ վարվեցին այնպես, ինչպես ցանկացան: Եւ ոչ մի վերահսկողություն չիրականացվեց նախարարության կողմից: Դեղերը թանկացան ու կրկին կթանկանան:
Առ այսօր հայ սպառողները ծանոթ են առավելապես եվրոպական արտադրության տարբեր դեղատեսակներին, որոնք թեեւ թանկ են, բայց որակով ավելի բարձր են: Նույնիսկ դեղատներում մեր հարցմանը դժվարացան պատասխանել, թե որքան է կազմում ռուսական դեղերի տեսակարար կշիռը հայկական դեղերի շուկայում: Ամեն դեպքում այն փոքր է: Ռուսական արտադրության դեղերը եվրոպականի կտրուկ թանկացման դեպքում կարող են մրցունակ դառնալ. քանի որ եվրոպական արտադրության դեղերի գինը բարձրանում է, իսկ ռուսական դեղերի՝ հայկական շուկայում հայտնվելու եւ իրացվելու հնարավորությունները՝ էապես մեծանում: Թե ինչ պատկեր կստացվի այս ամենի արդյունքում, առայժմ անհայտ է:
ՀՀ առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում այս թեմայի շուրջ կիսեց իր մտահոգությունը. «Այս ճանապարհով փորձելու են ռուսական արտադրության դեղամիջոցների առաջնահերթ հոսքը ապահովել մեր հանրապետությունում: Բացի այդ՝ աստեղ նաեւ սահմանված մաքսատուրքերն էլ կունենան իրենց բացասական հետեւանքները: Չէ որ առավելապես ռուսական արտադրության դեղամիջոցները ԵՏՄ անդամ չորս երկրների դեղերի շուկայում ներկայացված կլինեն ավելի մեծ ծավալներով եւ տեսականիով: ԵՏՄ անդամ երկրներում դեղարտադրությունը սահմանափակ է, նաեւ փոքր քանակությամբ էլ արտահանվում է: Բայց ՌԴ-ն բավականին մեծ տեսականի ունի, եւ շուկան էլ հագեցված է: Փաստորեն նոր շուկա է առաջանում: Ցավալին այն է, որ մենք հիմա ընտրություն ունենք, կարող ենք ձեռքբերումներ իրականացնել՝ որակի չափորոշիչները հաշվի առնելով, բայց առաջիկայում գուցե դա հնարավոր չլինի»:
Մեր զրուցակիցը նույնպես չբացառեց, որ այս ամենի արդյունքում եվրոպական երկրներից ներմուծված դեղերը է՛լ ավելի թանկանան: «Բնականաբար գնային մեծ տարբերություն կլինի: Քաղաքացիների համար կսահմանափակվի նաեւ ընտրության հնարավորությունը: Ստիպված նրանք պետք է էժան դեղորայք գնեն, բայց այն որակով կլինի՞: Դա արդեն անհայտ է»,- լրացրեց Մկրտչյանը:
Չնայած դրան՝ Մկրտչյանը լավատեսորեն է տրամադրված, նա հուս ունի, որ պատկան մարմինները մեխանիզմներ կգտնեն՝ խնդիրը կարգավորելու եւ առանց այն էլ առկա սոցիալական մեծ լարվածությունը մեղմացնելու համար: «Հույս ունեմ, որ եվրասիական այդ խաղը չի կայանա, որովհետեւ բոլորի տնտեսությունը եւ քաղաքական իրավիճակն այնքան է սրված, որ այս միության կայացումը շատ մշուշոտ է թվում»,- ասաց նա:
Բացի նշված խնդիրները՝ Մկրտչյանը եւս մեկ հարցի մասին բարձրաձայնեց. Հայաստանում ընդունված են դեղերի արտադրման GMP ստանդարտները, իսկ ՌԴ-ն այդ համակարգին չի անցել: «Դրա համար լրացուցիչ ներդրումներ են պետք, որպեսզի արտադրանքը, արտադրական գործընթացը, հումքային խնդիրները համապատասխանեն միջազգայնորեն ընդունված նորմերին: Այս պատճառով էլ ցանկացած արտադրող սկսում է խուսափել: Հենց ՌԴ-ն էլ է խուսափել դա ներդնել իր մոտ, որովհետեւ դրանք լուրջ պահանջներ են եւ լուրջ ներդրումներ են պահանջում»,- տեղեկացրեց Մկրտչյանը:
Նշենք, որ ԱՊՀ երկրների թվում Ուկրաինայից հետո Հայաստանը երկրորդ երկիրն է, որը դեղագործության մեջ ընդունել է եվրոպական ստանդարտները: ՌԴ-ի դեղ արտադրողներն այժմ խորհրդային տարիներից եկած «ГОСТ»-երով են աշխատում: Դա որակի վրա էական ազդեցություն չի ունենում, բայց այն աշխարհում ոչ մի երկրի կողմից ընդունված չէ: Այս դեպքում կամ ԵՏՄ անդամ երկրները պետք է ընդունեն եվրոպական ստանդարտները, կամ մենք պետք է ստիպված «ГОСТ»-երով աշխատենք:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 
ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԸ
Թուրքական hurriyetdailynews.com կայքը լայնածավալ հոդված է հրապարակել վերջին ժամանակներում ԱՄՆ-ի հետ իր ունեցած հարաբերությունների մասին՝ դրանք դիտարկելով նաեւ հայ-թուրքական հարաբերությունների ֆոնին: Խոսելով Վաշինգտոնի հետ հարաբերությունների մասին՝ թուրք վերլուծաբանները բազմիցս են արձանագրել՝ ԱՄՆ-ի հետ իրենց բարեկամությունը ոչ լավագույն ժամանակներն է ապրում:
«Այդ առումով ճգնաժամային էր 2007 թվականը. այդ ժամանակ Թուրքիան Վաշինգտոնից հետ կանչեց իր դեսպանին, երբ ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատում քվեարկության դրվեց «Հայոց ցեղասպանության մասին» բանաձեւը: Հետագայում, սակայն, ԱՄՆ-ի՝ այդ ժամանակվա նախագահ Ջորջ Բուշը չեղյալ համարեց փաստաթուղթը: 2008-ին նախագահ Օբաման խոստացավ ընդունել Հայոց ցեղասպանությունը»,-գրել է հոդվածի հեղինակն ու հավելել, որ Օբամայի համար դա հայերի մոտ տպավորիչ հանդես գալու հնարք էր:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին՝ աղբյուրը գրում է. «Այս տարին կարեւոր է հայերի համար, քանի որ նրանք պատրաստվում են մեծ շուքով նշել 1915 թվականի իրադարձությունները: Տարին կարող է շրջադարձային լինել»,-խոստովանում է հոդվածի հեղինակն ու արձանագրում, որ Սերժ Սարգսյանի հրավերը՝ ուղղված աշխարհի տարբեր երկրների ղեկավարներին՝ ապրիլի 24-ին գալ Հայաստան, շատերի կողմից ընդունվել է: Մինչդեռ Էրդողանի հրավերը` նույն օրը գնալ Թուրքիա՝ մասնակցելու Գալիպոլիի ճակատամարտի, այսպես կոչված, հաղթանակին նվիրված տոնակատարությանը, այդքան էլ էնտուզիազմով չի ընդունվում:
Իսկ Սարգսյանի պատասխանը հրավերին եղավ ժխտողական. նա անգամ երկրի պառլամենտից հետ կանչեց 2009-ին նախաձեռնված հայ-թուրքական արձանագրությունները: Շարունակելով խոսքը Հայաստանի համար այդքան կարեւոր իրադարձության՝ ապրիլի 24-ի մասին՝ պարբերականը նշել է, որ ՀՀ համար հույժ կարեւոր է ԱՄՆ-ի ներկայությունն ու դերակատարությունը: Այս առումով կարեւորվում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանի դերը: «ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը միջազգայնորեն հայտնի դեմք էր, ով եղել է նաեւ երկրի նախագահն ու Կենտրոնական բանկի ղեկավարը: Դեսպան նշանակվելուց հետո Սարգսյանի հիմնական նպատակներից մեկն էր համախմբել բոլոր հայկական օղակները միասնական լոբբինգի հովանու ներքո՝ մոռացության տալով ներքին բոլոր խնդիրներն ու բանավեճերը»,-եզրափակել է աղբյուրը:

 

ՏԱՐԱԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ
Rate.am կայքը ներկայացրել է տարադրամի փոխարժեքը հայաստանյան բանկերում: Ըստ այդ տվյալների` դոլարի առքի միջին փոխարժեքը բանկերում կազմում է 479 դրամ, իսկ վաճառքի միջին փոխարժեքը՝ 481 դրամ:




Լրահոս