ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևան-Թբիլիսի-Երևան գնացքներից մեկի պետը պարբերաբար ՀՀ է տեղափոխել մաքսային հսկողությունից թաքցված դեղորայք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը, շարունակելով անզիջում պայքարը Հայաստանի Հանրապետության սահմանով դեղորայքի անօրինական տեղափոխման ուղղությամբ, բացահայտել է դեղամիջոցների մաքսանենգության 2 դեպք:
Օրերս ՊԵԿ ՄԴՊ վարչության Օպերատիվ Հետախուզության բաժին տվյալներ էին ստացվել այն մասին, որ Գ. Կ.-ն, հանդիսանալով «Հարավկովկասյան Երկաթուղի» ՓԲ ընկերության Երևան-Թբիլիսի-Երևան գնացքներից մեկի պետ, Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիից Երևան ուղևորվող գնացքի երթուղով, պարբերաբար, ՀՀ է տեղափոխում մաքսային հսկողությունից թաքցված դեղորայք։

Օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ ՊԵԿ աշխատակիցները Երևանի Սասունցի Դավիթ կայարանի մուտքի մոտ` ավտոկայանատեղիում, մոտեցել են քաղաքացի Գ. Կ.-ին, ով այդ պահին փորձել է իր մեքենայի բեռնախցիկում տեղավորել «Հարավկովկասյան Երկաթուղի» ընկերությանը պատկանող գնացքով, իր իսկ կողմից ներմուծած՝ շուրջ 25 կգ քաշով, երկու մեծ սև պոլիեթիլենային տոպրակ: Գ. Կ-ն հրավիրվել է ՊԵԿ ՄԴՊ վարչություն, որտեղ ներկայացրել է իր ձեռքի պոլիէթիլենային տոպրակներում առկա ապրանքները: Ուսումնասիրությունից հետո պարզվել է, որ ամբողջը դեղորայք է եղել։

Դեպքի առնչությամբ կազմվել է մաքսային կանոնների խախտման արձանագրություն, որը տրամադրվել է ՊԵԿ իրավաբանական վարչություն։
Մեկ այլ դեպքով, ՊԵԿ ՄԴՊ վարչության աշխատակիցները տեղեկություններ էին ստացել, որ քաղաքացի Դ. Ս.-ն, իր կողմից շահագործվող տրանսպորտային միջոցով մաքսային հսկողությունից թաքցնելով, Վրաստանից Հայաստան է տեղափոխում դեղորայք:
Հիշյալ օպերատիվ տվյալներն իրացնելիս, ՄԴՊ վարչության աշխատակիցները Դ. Ս.-ի կողմից շահագործվող տրանսպորտային միջոցը, Վրաստանից ժամանելուց հետո ուղեկցել են «Ուրբան Լոջիստիք Սերվիսիս» ՓԲ ընկերության մաքսային հսկողության գոտի: Մաքսային զննման արդյունքում տվյալ տրանսպորտային միջոցի դռների և բեռնախցիկում առկա գազաբալոնային համակարգի միջից հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված ընդհանուր 24 կգ քաշով, տարբեր տեսակի դեղամիջոց:
Կազմվել է մաքսային կանոնների խախտման արձանագրություն, որը տրամադրվել է ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչություն:




Լրահոս