Կկազմակերպվի գյուղատնտեսական մթերքների երկրորդ տոնավաճառ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սույն թվականի օգոստոսի 19-ին և դրան հաջորդող յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում (Մովսես Խորենացու փողոցում` պարփակված Տիգրան Մեծի և Ագաթանգեղոսի փողոցներով) նախատեսվում է կազմակերպել գյուղատնտեսական մթերքների երկրորդ տոնավաճառը, տեղեկացնում են Գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունից:
Տոնավաճառին մասնակցելու են ՀՀ տարբեր մարզերը ներկայացնող գյուղացիական տնտեսություններ, որոնք երևանյան սպառողներին են ներկայացնելու բացառապես սեփական արտադրանքը:
Գյուղացիական տնտեսությունների մասնակցությունը տոնավաճառներին անվճար է: Տոնավաճառին միայն սեփական արտադրանքը ներկայացնող գյուղացիական տնտեսությունների մասնակցությունը ապահովելու և միաժամանակ առևտրային միջնորդների մասնակցությունը բացառելու նպատակով սահմանվել և հետևողականորեն կիրառվելու են տոնավաճառին մասնակցելու հատուկ ընթացակարգեր. մասնակցությունը տոնավաճառին թույլատրվում է միայն գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների (ԳԱՄԿ) կողմից ստացված համապատասխան տեղեկանքների առկայության դեպքում, որոնք հավաստում են, որ վաճառքի ներկայացվող ապրանքը հանդիսանում է տվյալ մասնակցի սեփական արտադրանքը:
Բացի այդ, միջնորդների ներկայությունը տոնավաճառին բացառելու նպատակով տոնավաճառի կազմակերպիչների կողմից տեղում իրականացվելու է վերահսկում:
Տոնավաճառների մասնակիցներին կազմակերպիչների կողմից անվճար տրամադրվելու են հարմարավետ վրաններ, վաճառասեղաններ, կշեռքներ, սայլակներ և արտահագուստ: Տոնավաճառներն ուղեկցվելու են երաժշտությամբ, ներկայացումներով և համերգային ծրագրերով:
Տոնավաճառի տարածքում հասարակական կարգը և երթևեկությունը կարգավորվում է ՀՀ ոստիկանության կողմից: Տոնավաճառի ավարտին կազմակերպվելու են տարածքի մաքրման աշխատանքները:




Լրահոս