Այսօր բարոկկո դարաշրջանի գերմանացի մեծ երգահան Գեորգ Ֆրիդրիխ Հենդելի ծննդյան օրն է: Նա երկար տարիներ ապրել և ստեղծագործել է Անգլիայում։
Հենդելը ծնվել է 1685թ. փետրվարի 23-ին Հալե (Halle) քաղաքում (Գերմանիա)։ Հայրը սափրիչ -վիրաբույժ էր։ Յոթը տարեկանից ակտիվորեն զբաղվել է երաժշտությամբ, ինը տարեկանից սկսել է ստեղծագործել։ Աշակերտել է երգեհոնահար-կոմպոզիտոր Ֆ. Ցախաուին։ Եղել է Հալլեի տաճարի երգեհոնահար (1702-1703) 1703 թ. մեկնում է Համբուրգ, որտեղ եղել է Համբուրգի օպերային թատրոնի ջութակահար (1703-1706) և բեմադրել իր առաջին օպերաները։ 1707 – 1709 թթ. երգահանը ճանապարհորդում է և սովորում է Իտալիայում, որտեղ ձեռք է բերում իտալական օպերայի վարպետի համբավ։
1720- 28 թթ. Հենդելը զբաղեցնում է Երաժշտության թագավորական ակադեմիայի տնօրենի պաշտոնը, 1726 թ. ընդունում է բրիտանական հպատակություն։ 1720-30-ական թթ. շարունակում էր գրել օպերաներ, դրանց կատարման համար ներգրավելով Իտալիայից հրավիրված երգիչներ։
1750-ական թթ. սկզբներին երգահանի մոտ կտրուկ վատանում է տեսողությունը, 1752 մայիսին նա ենթարկվում է անհաջող վիրահատության։ 1753 թվականին նա գրեթե զրկվում է տեսողությունից։ Մահանում է 1759 թ. ապրիլի 14-ին։ Թաղված է Վեսթմինսթերյան աբբայությունում։