ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՍԻՐՈՒՆ ՉԷ
ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը մեկուսարանից հանդես է եկել հայտարարությամբ: Նա ՀԱԿ ակտիվիստների դեմ հարուցված քրեական գործի 1-ամյա տարեդարձի կապակցությամբ հետադարձ հայացքով փորձել է գնահատականներ տալ «հակափաստարկներ չունեցող հանրահայտ միջադեպին»: Դատավարության ողջ ընթացքը որակելով կեղծ, պատվիրված, թուղթ սեւացնելու իրողություն՝ նա դիմել է Սերժ Սարգսյանին. «Մարտի 1-ին թափված արյան համար դեռ պատասխան չտված քո մարդասպանները սպանեցին Վահե Ավետյանին: Ոչինչ էլ չի բացահայտվի, քանի դեռ դու ես ՀՀ նախագահը, Սե՛րժ Սարգսյան: Կարող ես ցմահ բանտարկել. մենք դրանից չենք կաշկանդվում: Ո՛չ թմրամոլ ենք, ո՛չ գող, ո՛չ խուլիգան. ընդամենը առանց զենքի պայքարում ենք զինված մարդասպանների դեմ: Սիրուն չի, Սերժի՛կ»:

ՊԱԿԱՍՈՒՄ Է 200 ՀԱԶԱՐ
Հայաստանի մի խումբ բնապահպանների նախաձեռնությամբ կառուցվելու է  «Թեղուտ»  էկոնավը, որը մեկ անգամ  եւս նպատակ ունի հիշեցնելու  Թեղուտի խնդրի մասին: Այն պատրաստվելու է պլաստիկ շշերից  եւ գործարկվելու է  Սեւանա լճում՝  անվճար սպասարկելով այցելուներին: Նավակի պատրաստման մեջ մեծ ներդրում ունեցած բնապահպան Արման Յարալյանը «Ժողովուրդ»-ի հետ հեռախոսազրույցում ասաց, որ շշերից նավ պատրաստելու համար անհրաժեշտ է 1000-1500 դոլար գումար, ներկայում պակասում է 200 հազար դրամ, ինչը բնապահպանները մտադիր են հավաքել հանրային դրամահավաքի արդյունքում: Արման Յարալյանը տեղեկացրեց, որ մինչ այսօր կուսակցությունների, արվեստագետների, գործարարների կողմից եղել է գաղափարական, բայց ոչ դրամական աջակցություն: Նավը կառուցվել է 4-5 օրում: Ի դեպ, այն կառուցելիս հաշվի  է առնվել  «Կիլիկիա» նավի նավապետի մասնագիտական կարծիքը:

ՏԵՐ Է ԿԱՆԳՆԵԼ
Գյումրու քաղաքապետարանը շնորհավորել է Լոնդոնի օլիմպիական խաղերում հաջողության հասած հայաստանցի մեդալակիրներին: Սա ուշագրավ է այն առումով, որ շուտով իր պաշտոնին հրաժեշտ տվող Վարդան Ղուկասյանը փորձել է բոլոր պաշտոնյաներից առաջ ընկնել ու ինքն է առաջինը նշանավորել կատարվածը: Այլ կերպ ասած՝ փաստացի Վ. Ղուկասյանը փորձում է «տեր» կանգնել օլիմպիական մեդալներին՝ այդպես որոշակի ատամ «ցույց տալով» ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին:

ՄԱՀԱՑԵԼ Է
Երեկ մահացել է գեղանկարիչ, Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի տնօրեն Նարեկ Առուշանյանը: Նա 39 տարեկան էր եւ երկար ժամանակ առողջական խնդիրներ ուներ: Գեղանկարիչն արձակագիր Ալվարդ Պետրոսյանի եւ դերասան Լորենց Առուշանյանի միակ զավակն էր: Նարեկ Առուշանյանի հոգեհանգիստը կայանալու է օգոստոսի 14-ին` Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում:

ԽԵՂԴԱՄԱՀ Է ԱՐՎԵԼ
Խեղդամահ է արվել Երեւանի թիվ 56 միջնակարգ դպրոցի տարրական դասարանի ուսուցչուհի 45-ամյա Լուսինե Ղազարյանը: Նրա դին հայտնաբերվել է ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցների կողմից օգոստոսի 12-ին՝ առավոտյան ժամը 06:40-ի սահմաններում, Կոմիտաս 30 շենքի 6-րդ բնակարանում, որտեղ Ղազարյանն ապրում էր միայնակ:

ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐ ՍՐԲԱԶԱՆԸ
Asekose.am-ը գրում է, որ ՀՀ կառավարությունը դեռեւս 2005թ. որոշում է ընդունել` խրախուսել փոքր հէկ-երի շահագործումը: Այս որոշումը կարծես ոգեւորել է նաեւ Հայ առաքելական եկեղեցու Վայոց ձորի թեմի առաջնորդ տեր Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանին, որը նույնպես դարձել է իր հոտի տարածք հանդիսացող մարզի հէկ-երի տերը: Ինչպես գրում է թերթը,  ստուգված ու ճշտված տվյալներով՝ սրբազանին է պատկանում երեք հէկ, ինչը հաստատել է նաեւ Հերմոնի գյուղապետ Գայ Օհանյանը: Սրբազան հայրը հէկ-երի գոյությունը չի ժխտել, այլ պարզապես ասել է, որ դրանք մոսկվայաբնակ ինչ-որ գործարարի սեփականությունն են, իսկ ինքն ընդամենը օգնում ու օրհնում է:




Լրահոս