195 դպրոցի աշակերտի դանակահարության պատճառն աղջի՞կն է, թե՞ հեռախոսը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ` փետրվարի 22-ին, Երևանի թիվ 195 ավագ դպրոցի մոտ աշակերտների միջև սկսված վիճաբանությունն ավարտվել է նրանցից մեկի դանակահարությամբ: Armlur.am-ի հետ զրույցում դպրոցի տնօրեն Անահիտ Պողոսյանը նշեց, որ իրենց աշակերտը, ով մեղադրվում է դանակահարության մեջ, պարկեշտ և համեստ տղա է: Նրա այդ քայլը, Անահիտ Պողոսյանի խոսքով, զարմացրել է դպրոցի ուսուցչական ողջ անձնակազմին: «Ուսուցիչներն ասում են` ցանկացածից կսպասեինք, բայց նրանից` երբեք»,- շարունակեց տնօրենը:

Վերջինս նշեց, որ իրեն հասած տեղեկությունների համաձայն` վիճաբանությունը սկսվել է հեռախոսի պատճառով: Մեր զրուցակիցը ներկայացրեց տեղի ունեցածի հանգամանքները. այսպես, 8-րդ դասարանի երկու աշակերտ դուրս են եկել խնջույքից, դպրոցի մոտ տեսել 11-րդ դասարանի աշակերտի, ումից հեռախոս են խնդրել: «Այս տղան տվել է հեռախոսը, հետո նրանք երկար խոսել են հեռախոսով և շարժվել առաջ: Նա էլ հեռախոսը վերցնելու համար քայլել է նրանց հետևից: Հետո սկսել են վիճել, թե դու ինձ լավ չբարևեցիր: Ինձ թվում է` 11-րդ դասարանցին դանակը ձեռք է բերել բարեկամի տնից, որը դպրոցի մոտ է գտնվում»:

Անահիտ Պողոսյանը հայտնեց նաև, որ ուշ երեկոյան տղան ոստիկանությունում ցուցմունք է տվել, ժամեր անց ազատ արձակվել: Դպրոց, սակայն, չի գնացել:

Armlur.am-ին հայտնի դարձավ, որ դեպքի մասնակից 8-րդ դասարանցի աշակերտները Երևանի 168 դպրոցից են: Մեզ հետ զրույցում դպրոցի տնօրեն Սոնա Գալստյանը նշեց, որ դանակի վնասվածք ստացած Բենիկ Նիկողոսյանի վիճակն այս պահին լավ է: Նա և միջադեպին մասնակից մյուս աշակերտը այսօր դպրոց չեն ներկայացել:

Պարզվեց` 168 դպրոցի տնօրենը աշակերտների մասնակցությամբ դանակահարության մասին այլ տեղեկություններ է լսել: Մեր զրուցակցի խոսքով` լուրեր են շրջանառվում, թե վիճաբանությունը սկսել է խանդի հողի վրա:

«Ինձ պաշտոնապես որևէ տեղեկություն չի հասել: Սակայն լուրեր են շրջանառվում, թե ծննդյան արարողությունից են տղաները դուրս եկել: Տղաներից մեկը ինչ-որ աղջկա է հավանել: Ու մյուսների հետ անհամաձայնությունների պատճառով այսպիսի բան է եղել»,- ասաց Սոնա Գալստյանը:

Տեղեկացնենք, որ գործով նախաքննություն է կատարվում:




Լրահոս