Երեվանի մետրոյում եվ զբոսայգիներում տեղադրվել է WiFi

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ գեղարվեստական լուսավորությամբ ապահովված արձանների լուսավորման ժամանակացույցը կերկարաձգվի գիշերային ժամերին: Հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում, որը վարում էր քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը, զեկուցվել է, որ ընթացքի մեջ են նաև Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքների ծառերի գեղարվեսական լուսավորման աշխատանքները: 
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից armlur .am-ին հայտնում են, որ անխափան գիշերային լուսավորություն ապահովելու նպատակով հանձնարարվել է գույքագրել մայրաքաղաքի արտաքին լուսավորության համակարգի այրված լամպերն ու կարճ ժամկետում վերականգնել վթարները` ներառելով նաեւ բակային տարածքները:
Երևանի քաղաքապետարանի 2012թ.-ի բարեկարգման ծրագրերի շրջանակում արդեն ավարտվել են կենտրոնական փողոցների, այգիների ու պուրակների ցայտաղբյուրների վերանորոգման ու վերագործարկման աշխատանքները: Զեկուցվել է, որ գործընթացը շարունակվում է նաև բակային տարածքներում: Քաղաքապետի տեղակալը նշելով, որ ցայտաղբյուրների բարեկարգման ու վերագործարկման աշխատանքները մեծ ոգևորություն ու գոհունակություն են առաջացրել ոչ միայն երևանցիների այլև մայրաքաղաքի բազում հյուրերի շրջանում, փոխանցել է ծրագիրը սահմանված ժամկետում ավարտելու վերաբերյալ քաղաքապետի հանձնարարականը: 
Մայրաքաղաքի փողոցներում և բակային տարածքներում 2012 թվականի ծրագրով իրականացվող ասֆալտապատման և ճաքալցման աշխատանքների մասով զեկուցվել է, որ գործընթացը շարունակվում է սահմանված ժամանակացույցի համաձայն: Հանձնարարվել է բարեկարգված փողոցներում զուգահեռաբար շարունակել նաև գծանշման աշխատանքները:
Անդրադառնալով կանաչ տարածքների խնամքին եւ ոռոգման համակարգերի արդյունավետ շահագործմանը` հանձնարարվել է միջոցներ ձեռնարկել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի և Մարզահամերգային համալիրի մերձակա անտառային տարածքների համատարած ոռոգումը ապահովելու ուղղությամբ:
Շարունակվում է ամենօրյա հսկողությունը հասարակական ավտոտրանսպորտային միջոցների սպասարկման որակի ուղղությամբ: Զեկուցվել է, որ ընթացքի մեջ է նաև Երևանի ներքաղաքային ավտոբուսային և միկրոավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների մրցույթների անցկացումը: Մրցույթի արդյունքում բացառապես ընտրվում են այն շարժակազմերը, որոնք համապատասխանում են սահմանված չափանիշներին:
Զեկուցվել է, որ ի կատարումն Երևանի քաղաքապետի հանձնարարականի գույքագրվել են մայրաքաղաքի ավտոկայանատեղիներն ու ուսումնասիրվել են դրանց համար տրամադրված բոլոր պայմանագրերը: Զեկուցվել է նաև, որ շարունակվում է վերահսկողությունը վարձակալների պայմանագրային պարտավորություններով սահմանված նորմերի պահպանման ուղղությամբ: 
Արդեն ավարտվել են մետրոպոլիտենի տարածքում WiFi համակարգի սարքավորումների տեղադրման աշխատանքները: Շուտով այդ համակարգով ապահովված կլինեն նաև մայրաքաղաքի այգիներն ու պուրակները, զեկուցվել է, որ այդ ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են:




Լրահոս