Պապի մահից հետո անհետացած 22-ամյա երիտասարդը գտնվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ փետրվարի 19-ին Արարատի մարզի Զորակ գյուղի ջրատարի մեջ 74-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել: Տարեց մարդուն խնամում էր նրա քրոջ 22-ամյա թոռը, ով դեպքից անմիջապես հետո անհետացել է:

Եվ այսպես, դեպքի հաջորդ օրը` ուշ երեկոյան, երիտասարդը հայտնաբերվել է: Armlur.am-ի հետ զրույցում Զորակի գյուղապետ Մանուկ Մալոյանը հայտնեց, որ տղան իր անհետանալը բացատրել է վախեցած լինելու հանգամանքով:

Մանուկ Մալոյանի խոսքով` երիտասարդը հայտարարել է, թե գնացել է ազգականներից մեկի տուն, որպեսզի կարողանա կապ հաստատել տարեց մարդու` Երևանում գտնվող ազգականների հետ` կատարվածի մասին հայտնելու համար:

«Խոսել եմ տղայի հետ: Ասացի` ինչո՞ւ ես անհետացել, ասաց, թե պապուն տեսել է ընկած, կարծել է` դեռ ողջ է, ցանկացել է օգնել, բայց հարևանները թույլ չեն տվել: Ինչու՞ է անհետացել` երիտասարդը բացատրել է նրանով, որ դեպքից հետո ցանկացել է մոտենալ, օգնություն ցուցաբերել, կարծել է, որ տարեց ազգականը դեռ ողջ է, սակայն հարևանները թույլ չեն տվել»,- ասաց մեր զրուցակիցը` հավելելով, որ հարևանները հորդորել են երիտասարդին չդիպչել դիակին ` պատճառաբանելով, որ հնարավոր է մատնահետքեր մնան դիակի վրա:

Ի դեպ, Մանուկ Մալոյանը մեզ հայտնեց նաև, որ 74-ամյա տղամարդը լքված և անտեսված է եղել իր հարազատների կողմից: Նրանք, մեր զրուցակցի խոսքով, չեն խնամել և անուշադրության են մատնել տղամարդուն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ գյուղապետը մեզ հայտնել էր, որ տարեց մարդուն խնամող ազգականը հոգեպես անառողջ է: Անհետանալուց առաջ նա հարևաններին ասել է, թե գնում է շտապ օգնություն կանչելու, սակայն ո´չ շտապ օգնություն էր ժամանել, ո´չ էլ տղան:

Տեղեկացնենք, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:




Լրահոս