ՀԷԿ-ի` ջրահեղձ եղած աշխատակիցը հինգ երեխա ուներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես տեղեկացրել է Armlur.am-ը, այսօր ժամը 11.18-ին Գեղարքունիքի մարզի Ձորավանք գյուղի ՀԷԿ-ի տարածքում քաղաքացի է ջրահեղձվել:

Հրշեջ-փրկարարները Ձորավանք գյուղի թիվ 3 ՀԷԿ-ի տարածքից դուրս են բերել քաղաքացու դին:

Armlur.am-ին հաջողվեց պարզել, որ ջրահեղձ եղածը 56-ամյա Փարսադանյան Ռազմիկն է, ով Ձորավանքի թիվ 3 ՀԷԿ-ի պահակն էր:

Armlur.am-ի հետ զրույցում Ձորավանքի գյուղապետ Նիկոլայ Խալաթյանը հայտնեց, որ Փարսադանյանը երկար տարիներ ՀԷԿ-ի պահակն է եղել, և այսօրվա դեպքը դժբախտ պատահար էր:

«Երևի թե լողալիս է եղել, խեղդվել է: Դա հաստատ ինքնասպանություն չէր, նա էդպիսի բան չէր անի: Կիրթ, բարի ու հարազատներին նվիրված մարդ էր»,- ներկայացրեց համայնքապետը` հավելելով, որ ՀԷԿ-ի ջրահեղձ եղած աշխատակիցը հինգ երեխա ուներ, որոնցից միայն մեկն է անչափահաս, իսկ մինուճար որդին ծառայում է հայկական բանակում:

Գյուղապետ Նիկոլայ Խալաթյանը հայտնեց նաև, որ Փարսադանյանի ընտանիքի ապրուստի միջոցը նրա աշխատավարձն էր, իսկ վերջինիս մահից հետո, երևի թե, ընտանիքը կենսաթոշակ ստանալու դիմում կներկայացնի:

«Երկու մեծ աղջիկներն ամուսնացած են, իրանք էլ անասուններ ունեն, հող ունեն, մի ձև կգոյատևեն: Մինչև հիմա նպաստ չեն ստացել, որովհետև Ռազմիկն աշխատում էր, բայց հիմա արդեն կարան դիմում գրեն»,- հավելեց գյուղապետը:




Լրահոս