ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՅՆ ԹԱԼԱՆԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Խմելու ջրագիծն ու ոռոգման ցանցն էն վատ թվերին տարածքային կառավարման նախարարությունը Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ գողացավ տարավ: Մի քանի փաստաթուղթ սարքեցին, թե աշխատավարձ կտան, էդպես էլ չիմացանք, թե ինչպես թոզմիշ արեցին: 1422 մմ տրամաչափի 1930 գծամետր տրուբա տարան կերան, էսօր մի ամբողջ գյուղ դրա պատճառով իր հողերի 50 տոկոսը չի մշակում: Էս են մեր իշխանությունները»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում օրերս նման հայտարարություն էր արել Շիրակի մարզի սահմանամերձ գյուղերից մեկի՝ Գետքի գյուղապետ Հովիկ Մխիթարյանը:
Համայնքապետի այս դժգոհությունները տեղ էին գտել մեր թերթի օգոստոսի 1-ի համարում: Նույն օրը Մխիթարյանը զանգահարել էր խմբագրություն ու նեղսրտած հայտնել, որ թերթում տպագրվածի պատճառով «ուժային կառույցներն» իր նկատմամբ ճնշում են գործադրում, որից ելնելով՝ ինքը ստիպված խնդրում է մեզ հերքում տպագրել: Նաեւ տեղեկացրել էր, որ ուժային կառույցները՝ «ԿԳԲ-ն, մարզպետարանը, միլիցեն իրեն կանչել են ուրբաթ օրը՝ քննելու»: «Զուտ մարդկությունից ելնելով»՝ խնդրեց իրեն այդ դժվար պահին օգնել, նաեւ խոստացավ հարցաքննությունից հետո զանգահարել եւ իրավիճակի մասին տեղեկություններ հաղորդել: «Ժողովուրդ» օրաթերթը, բնականաբար, խոստացավ օգնել գյուղապետին: Նրա դեմ սանձազերծված ճնշումների մասին հանդես եկանք համապատասխան հրապարակումով:
Այդ ընթացքում մի քանի օր շարունակ փորձեցինք կապ հաստատել Մխիթարյանի հետ, բայց գյուղապետն այդպես էլ չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին: Միայն մեկ անգամ նրա կինը պատասխանեց ու հորդորեց իր ամուսնուն հանգիստ թողնել: Իսկ այսքանից հետո՝ օգոստոսի 8-ին, aravot.am-ում հանդիպեցինք Հ. Մխիթարյանի անունից արված հետեւյալ հայտարարությանը. «Ջրագծերի հետ կապված ընդհանրապես հարց չի եղել, ոռոգման գծի հետ հարց կա: Հովիկ Աբրահամյանը ջրագծի հետ կապ չունի, ոռոգման գիծն է՝ խողովակները, 2006-ին տարածքային կառավարման նախարարի հանձնարարականով, կառավարության որոշմամբ տարել են… ընդամենը դա եմ ասել: Նրանք ինձ են վերագրել Հովիկ Աբրահամյանին ուղղված մեղադրանքները, գրեցին, որ Հովիկ Աբրահամյանը գող է, ավազակ է, չգիտեմ ինչ, ես նման բան չեմ ասել»:
Նաեւ ասել էր, թե իրականությանը չեն համապատասխանում մեր հրապարակումները, թե Հ. Աբրահամյանն իր հերթին է նրան սպառնացել, ԱԱԾ-ից էլ իրենց հերթին էին կանչել ու համապատասխան զրույց ունեցել. «Հետաքրքրվող էլ չի եղել: Դետեկտիվ են սարքել՝ սպառնացել են, ահաբեկել են, չգիտեմ ինչ են արել… Ո՛չ Հովիկ Աբրահամյանը, ո՛չ ուժային կառույցները,  ո՛չ  էլ մարզպետարանն  ինձ չեն ասել՝ աչքիդ վերեւը ունք կա: Այդ մարդու հետ ես ո՛չ անձնական հարց ունեմ, ո՛չ պատասխան: Ես ինչպե՞ս կարող էի ասել՝ գող է, ավազակ… հեռու իրենից:  Հանրապետությունում 2-րդ,  3-րդ դեմքն է, վերջը մեր Ազգային Ժողովի խոսնակն է, կրթությունս էլ հերիք չէր, որ այդ մարդուն այդքան կոպիտ ասեի»:
Այս ամենից հետո, թերեւս, ստիպված ենք հրապարակել Գետքի գյուղապետ Հովիկ Մխիթարյանի հետ մեր զրույցի ողջ սղագրությունը տառացիորեն, որտեղ նա մեղադրանքներ է հնչեցնում ոչ միայն Հովիկ Աբրահամյանի, այլեւ մյուս պաշտոնյաների հասցեին:
-Փաստորեն, Ձեր համայնքում պետության կողմից ոչ մի աջակցություն չի՞ ցուցաբերվում:
-Չէ՛, պետությունը մինչեւ հիմա միայն թալանել ա: Լավ ջրհան կայան ունեինք, ոռոգման ցանցը քանդեցին տարան, ժողովուրդը հույսները կտրեցին, հողերը անմշակ են, եկամուտ չեն ստանում, մնան էստե ի՞նչ էնէն: Ճար էղներ, ես էլ կգնայի, քեզ էլ խորհուրդ կուտայի:
-Իսկ իրականում թալանողը պետությո՞ւնն է: Մասնավորապես՝ ո՞վ է արել, ինչ-որ անհատ եկել թալանե՞լ է:
-Տարածքային նախարարությունը Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ՝ ապօրինի տարան կառույցը: Հիմա նոր-նոր որոշել են նասոսը կառավարության որոշմամբ Գետքին տան: Համարյա 1 միլիարդ դրամի տրուբա տարան: Պետությունը ոչ մի բան էլ չի կատարել, պետությունը…
-Ինչքա՞ն տրուբա տարան, կներեք…
-1930 գծամետր, 1422 տրամաչափի, 6 մլն դրամի:
-6 մլն դրամի տրուբա՞:
-Այոոոոոոոո:
-Իսկ ինչի՞ տարան, ինչո՞վ պայմանավորեցին, որ տարան, հենց էնպես միանգամից եկան, հանեցին ու տարա՞ն:
-Դե, օդի մեջ գույք էր, գոլ խփեցին էլի, մեր իշխանություններին չիդե՞ս, էրկու փաստաթուղթ ձեւական նկարեցին, սարքեցին՝ իբր աշխատավարձ պիտի վճարեին ջրհանին: Ու գույքը տարան ու տարան, ապօրինի տարան:
-Բայց, գյուղապետ լինելով հանդերձ, շատ համարձակ եք խոսում, չե՞ք վախենում իշխանություններից, այդ նույն տարածքային…
-Վախեցա… բա ո՞նց չէ: Թե չէ Սերժ Սարգսյանը տեղյա՞կ չէ, Քոչարյանը տեղյա՞կ չէ, Աբրահամյանը տեղյա՞կ չէ: Բոլորն էլ տեղյակ են, դատախազը, մարզպետից սկսած:
-Կուսակցական պատկանելություն ունե՞ք:
-Ո՛չ, ոչ մի կուսակցության էլ չեմ հարգում, հարում…

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս