Գրող Կարինե Աշուղյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել` անդրադառնալով թարգմանիչ, բանաստեղծ Սամվել Մկրտչյանի ծննդյան օրվան և ներկայացնելով նրա կենսագրությունը.
«Սամվելին նվիրված օր կլինի՝ կբացվի հուշաքարը , Արտգրակ-ի նոր՝ Սամվելին նվիրված համարը և այլն…
Իսկ ես տարեդարձին ընդառաջ՝ ցանկացա հիշեցնել նրա սքանչելի գրական կենսագրությունը :
Իսկ լուսանկարը հատկապես է թանկ, որովհետև վերջինն է…
Եվ ուզում եմ ասել՝ Նառ ջան…
Սամվելը կհասկանար՝ ինչու: Սամվելին գնահատողները՝ նմանապես…
Գրող, բանաստեղծ եւ թարգմանիչ Սամվել Հենրիկի Մկրտչյանը ծնվել է 1959 թվականին Թալինում։ Ավարտել է Լենինականի (այժմ` Գյումրի) թիվ 20 միջնակարգ դպրոցը, այնուհետեւ` Երեւանի Վ․ Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտը (1983թ. )։ Աշխատել է «Աստղիկ» հանդեսում, ապա եղել է ետխորհրդային մամուլի առաջին մի քանի թերթերի ՝ «Անդրադարձ»-ի, «Ար»-ի, ՙԲանբեր՚-ի գլխավոր խմբագիրը, իր ներդրումն ունենալով անկախության հաստատման շրջանի մամուլի կայացման գործում. Հենց Սամվել Մկրտչյանի ձեռագրի և սկզբունքների շնորհիվ հիշյալ պարբերականները կմնան հայ մամուլի պատմության մեջ իրապես չորրորդ իշխանության՝ հրապարակախոսության, ազատախոհության, գրական ճաշակի չափանիշներ սահմանող նմուշներ: Սամվել Մկրտչյանը աշխատել է նաեւ «Առավոտ» օրաթերթում եւ Հայաստանի ԳՄ պաշտոնաթերթ «Գրական թերթ» -ում: Հայաստանում եւ արտերկրում հրապարակվել են Սամվել Մկրտչյանի հեղինակած հարուրավոր հրապարակախոսական հոդվածներ, բանաստեղծություններ, պատմվածքներ ։ 2002 թվականին հիմնել եւ մինչ իր մահը խմբագրել է «Արտասահմանյան գրականություն» թարգմանական եռամսյա հանդեսը: Չափազանցություն չի լինի պնդել, որ Սամվել Մկրտչյանը թարգմանչական իր նվիրյալ գործունեությամբ նոր իմաստ ու շունչ հաղորդեց Թարգմանչաց տոնին. ոչ միայն իր մեկը մյուսից գերազանց թարգմանությունների շնորհիվ, այլև թարգմանական գրականությանը մեծ ճանապարհի վրա դնելու բոլորանվեր ջանքով, իր խմբագրած հանդեսում հրապարակելով բացառապես բնագրերից և բարձրաճաշակ ընտրությամբ արված թարգմանություններ:
Սամվել Մկրտչյանը Հայաստանի գրողների միության անդամ էր 1995 թվականից։ «Կանթեղ» մրցանակի դափնեկիր է։ Պարգեւատրվել է ՀՀ Մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով։
Սամվել Մկրտչյանի կազմած ժամանակակից հայ պոեզիայի անգլերեն անթոլոգիաները վաճառվում են Մեծ Բրիտանիայի եւ Միացյալ Նահագնների առաջատար գրախանութներում։ Իսկ Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում՝ Ջեյմս Ջոյսի թանգարանում, Սամվել Մկրտչյանի ՙՈւլիսեսի՚ հայերեն թարգմանությունը իր պատվավոր տեղն ունի այդ գրքի եզակի թարգմանությունների շարքում։ ՙՈւլիսեսի՚ թարգմանությունը գրական սխրանք էր, որով հայ ժողովուրդը վերահաստատեց մշակութաստեղծ ժողովուրդների շարքում լինելու իր իրավունքը: Սերունդները դեռ կգնահատեն Ս. Մկրտչյանի ամբողջ գրական- թարգմանչական , քաղաքացիական և մշակութային բազմաշերտ գործունեությունը. Սամվել Մկրտչյանն այլեւս հայ մեծերի փաղանգի մեջ իր պատվավոր տեղում է՝ մշակութային հեղափոխություն իրագործած հունադավան առաջին թարգմանություններից հետո, Մասեհյանի թարգմանություններից հետո ՙՈւլիսեսի՚ թարգմանությունն է դարակազմիկ եւ մտավորականության միջոցով դեռ ազդելու է հանրային գիտակցության ու կեցության վրա:
Պատկառանք է ազդում անգլերենից հայերեն Սամվել Մկրտչյանի թարգմանած գրքերի հենց միայն ցանկը՝
1. Շեքսպիր, Երկեր (Սոնետներ, Վեներա և Ադոնիս, Սիրուհու տրտունջը), ԵՊՀ, Երևան, 1991:
2. Թ. Ս. Էլիոթ, Մեռյալ երկիր, «Ապոլոն», Ե., 1991:
3. Վիլյամ Սարոյան, Իմ անունն է Սարոյան, «Նաիրի», Ե., 1992:
4. Լուիս Քերոլ, Ալիսը Հրաշքների աշխարհում և Ալիսը Հայելու աշխարհում: (Չափածո), Սամսոն հրատարակչություն, 1994:
5. Ր. Քիփլինգ, Պատմվածքներ հենց այնպես: (Չափածո), Սամսոն հրատարակչություն, 1995:
6. Անգլիական և ամերիկյան պոեզիա, «Նոր-Դար», Ե., 1998:
7. Վիլյամ Ֆոլքներ, Արջը, «Նաիրի», Ե., 1992:
8. Վիլյամ Ֆոլքներ, Աբիսողո՜մ, Աբիսողո՜մ, «Վան Արյան», Ե., 2001:
9. Հերման Մելվիլ, Պատմվածքներ, «Վան Արյան», Ե., 2001:
10. Թ. Ս. Էլիոթ, Քերթվածներ, Հեղինակային հրատարակություն, Ե., 2004:
11. Շեքսպիր, Սոնետներ, Հեղինակային հրատարակություն, Ե., 2004:
12. Շեքսպիր, Լուկրեցիայի պատվազրկումը, ՀԳՄ հրատարակություն, Ե., 2003:
13. Վիլյամ Միքայելյան, Հին լեզու, «Տիգրան Մեծ», Ե., 2005:
14. Սամվել Մկրտչյան. Թարգմանություններ (2 հատորով), Ե., Հեղինակային հրատարակություն, Ե., 2009։
15. Ջեյմս Ջոյս, Ուլիսես, Հեղինակային հրատարակություն, Ե., 2012:
16. Լենըրդ Քոհեն, Երգեր սիրո և ատելության, Ե., «Հայրապետ», 2012, 133 էջ:
17. Կ. Հովհաննիսյան, Գերդաստան ստվերաց, Տիգրան Մեծ, Ե., 2012։
18. Չարլզ Բուքովսկի, Ամբոխի հանճարը, Ե., «Հայրապետ», 2013, 168 էջ:
19. Շեքսպիր, Սոնետներ, պոեմներ, բանաստեղծություններ, Հեղինակային հրատարակություն, Ե., 2013։
20. Թ. Ս. Էլիոթ, Չորս կվարտետ, Հեղինակային հրատարակություն, Ե., 2013։
21. Վիլյամ Սարոյան, Անունս Սարոյան է, Ե., «Անտարես», 2014, 110 էջ:
22. Թ. Ս. Էլիոթ, Բանաստեղծություններ, Ե., «Անտարես», 2014, 286 էջ:
23. Ջեյմս Ջոյս, Ուլիսես, Ե., «Անտարես», 2014, 810 էջ:
24. Վիլյամ Ֆոլքներ, Աբիսողո՜մ, Աբիսողո՜մ, Հեղ. հրատ., Ե., 2014, 444 էջ:
25. Է. Է. Քամինգս, 42 բանաստեղծություն, Հեղ. հրատ., Ե., 2014, 104 էջ:
26. Անգլիական և ամերիկյան բանաստեղծություն, Հեղ. հրատ., Ե., 2014, 286 էջ:
Նույն բծախնդրությամբ Սամվել Մկրտչյանը կատարել է նաեւ թարգմանություններ հայերենից անգլերեն՝
1. Selected Armenian Poets. Samson Publishers, Yerevan, 1991/ Հայ բանաստեղծների ընտրանի/
2. Shoushing Dansabedian, Collected Poems. Yerevan, Nor-Dar Publishers, 1999 / Շուշանիկ Տասնապետյան, Ընտիր բանաստեղծություններ/
3. Ruben Angaladyan, Essays, Yerevan, 1995 / Ռուբեն Անգալդյան, Էսսեներ/
4. Vahe Armen, Scream and Other Poems. Van Arian Publishers, Yerevan, 2000 / Վահե Արմեն, Ճիչ եւ այլ բանաստեղծություններ/
5. Modern Eastern Armenian Poets. Nairi Publishers, Yerevan, 2004 / Արեւելահայ արդի բանաստեղծություններ/
6. Yeghishe Charents, 40 Poems. Charents Memorial House, Yerevan, 2012 / Եղիշե Չարենց, 40 բանաստեղծություն/:
Սամվել Մկրտչյանը կազմել, խմբագրել եւ հրատարակության էր պատրաստել ժամանակակից հայ պոեզիայի նոր ընտրանի»: