ՀԱԿ ակտիվիստների պաշտպանը բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հայ ազգային կոնգրես” ընդդիմադիր դաշինքի երիտասարդ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գևորգյանի և Դավիթ Քիրամիջյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանը օգոստոսի 20-ին բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան: Այս մասին “Փաստինֆո” լրատվական գործակալության թղթակցին հայտնել է պաշտպան Ստեփան Ոսկանյանը:
Պաշտպանը տեղեկացրել է, որ վերաքննիչ բողոքում միջնորդել է բեկանել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի հուլիսի 20-ի դատավճիռը և կայացնել արդարացման դատավճիռ:
Հիշեցնենք, որ դատարանը՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ ՀԱԿ երիտասարդների նկատմամբ կայացված դատավճռով նրանց դատապարտել էր 6-ից 2 տարվա ազատազրկման: Դատարանի դատավճռով Տիգրան Առաքելյանը մեղավոր էր ճանաչվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր և ոչ վտանգավոր բռնություն գործադրելու և խուլիգանության, իսկ Արտակ Կարապետյանը՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու և խուլիգանության մեջ, Սարգիս Գևորգյանն ու Դավիթ Քիրամիջյանը՝ խուլիգանության մեջ:
Բոլոր 4 ամբաստանյալները մեղադրվում են 2011թ. օգոստոսի 9-ին ոստիկանների հետ տեղի ունեցած միջադեպի գործով:




Լրահոս