ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր ընդունել է Եվրոպայի Խորհրդի Քրեական իրավունքի հարցերով համագործակցության բաժնի և Երևանյան գրասենյակի պատվիրակությանը: Հանդիպմանը քննարկվել են պրոբացիայի ծառայության ներդրման նպատակով ՀՀ արդարադատության նախարարության կողմից ձեռնարկվող օրենսդրական և գործնական քայլերը: Նախարարը նշել է, որ պրոբացիայի ծառայության ստեղծման հայեցակարգը ներկայացվել է ՀՀ կառավարություն: Եվրոպացի գործընկերների խնդրանքով նախարարը մանրամասնել է պրոբացիայի ծառայությանն առնչվող այլ իրավական ակտերի շրջանառության մեջ դնելու ժամկետները: Հովհաննես Մանուկյանը հավելել է, որ պրոբացիայի ծառայության ներդրման նպատակով ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որում ներգրավվել են շահագրգիռ տարբեր մարմինների ներկայացուցիչներ: Նախարարը ներկայացրել է ծառայության ներդրման հնարավոր ժամկետների, ինչպես նաև փորձնական ծրագրի մեկնարկի վերաբերյալ որոշ մանրամասներ:
Անդրադառնալով առաջիկայում իրականացվելիք հանձնառություններին՝ ԵԽ Քրեական իրավունքի հարցերով համագործակցության բաժնի ներկայացուցիչը և փորձագետները տեղեկացրել են, որ ներկայում աշխատանքներ են ընթանում համապատասխան վերապատրաստման ծրագրերի և գործառնական որոշ մեխանիզմների կատարելագործման ուղղությամբ: Կողմերը հստակեցրել են միջոցառումների հաջորդականությունը՝ առանձնացնելով համատեղ ձեռնարկվելիք քայլերի բոլոր առաջնահերթությունները: Հանդիպման ավարտին նախարարն ընդգծել է, որ այս տարի պատրաստ է լինելու պրոբացիայի ծառայության ներդրման համար անհրաժեշտ օրենսդրական բազան՝ հավելելով, որ հետագա աշխատանքների ճիշտ կազմակերպման արդյունքում հնարավոր կլինի հնարավորինս սեղմ ժամկետում ստեղծել համակարգը:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն