ՀՀԿ-ի համար ՕԵԿ-ը և՞ս քաղաքական չարիք է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հավաստիացրեց, որ Հայաստանում բոլոր տնտեսվարող սուբյեկտները հավասար դաշտում են, եւ ստուգումները միայն ԲՀԿ առաջնորդ Գ. Ծառուկյանի ընկերություններին չեն վերաբերում:

Պարո՛ն Մելիքյան, ԱԺ ԲՀԿ խմբակցությունը բոյկոտեց ԱԺ քառօրյայի նիստերը: Ըստ ընդդիմադիր ուժերի՝ ՀՀԿ-ն շանտաժի ու տեռորի է ենթարկել Գ. Ծառուկյանին, ինչի արդյունքում էլ նա որոշել է այլեւ քաղաքական դաշտում ակտիվ չլինել: Ինչպե՞ս եք վերաբերում ԲՀԿ-ի` Աժ աշխատանքները բոյկոտելու որոշմանը:

-Որպես քաղաքական ուժ՝ իրենք են որոշում կայացնում իրենց անելիքների մասով: ԱԺ ՀՀԿ խմբակցությունը պատասխանատվություն է կրում միայն իրեն վերաբերող հարցերի մասով: Արդեն հայտարարել ենք, որ քաղաքական գործիչը պետք է զբաղվի քաղաքականությամբ, ու մենք շարունակում ենք պնդել մեր տեսակետը:

-Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ իշխանությունները շարունակում են ճնշումներ գործադրել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ: Այս օրերին նրան պատկանող ընկերություններում իրականացվում են ամենատարբեր ստուգումներ, գրեթե ամեն օր հարկային ծառայությունների աշխատողները նրան պատկանող օբյեկտներում են:

-Ես որեւէ նման տեղեկություն չունեմ, չեմ տիրապետում այն ինֆորմացիային, որի մասին Դուք նշում եք, որեւէ ճնշում չի գործադրվում: Ես ընդամենը տեղեկություն ունեմ, որ Հայստանում գործող բոլոր տնտեսվարող սուբյեկտներում ստուգումներ են իրականացվում: Այստեղ չկա տարբերություն, թե որտեղ են իրականացվում այդ ստուգումները, ու թե ում են պատկանում ընկերությունները: Բոլորս օրենքի առջեւ հավասար ենք: Ես ընդհանուր եմ ասում, ես որեւէ տեղեկություն չունեմ, թե այժմ ում ընկերություններում են ստուգումներ իրականացվում:

-Պարո՛ն Մելիքյան, այսօր բազմաթիվ քաղաքագետներ հայտարարում են, որ ՀՀԿ-ն կարողացավ իր պատժից միջոցների շնորհիվ ոչնչացնել մի ամբողջ կուսակցություն ու նրա առաջնորդին: Այսինքն՝ այսուհետ, եթե որեւէ քաղաքական ուժ համարձակվի կոշտ հայտարարություններով հանդես գալ, արժանանլու է այդ ճակատագրի՞ն: Ո՞վ է լինելու հաջորդ «զոհը»:

-Ես համամիտ չեմ Ձեր ձեւակերպումների հետ, որովհետեւ իրականում նման բան չկա: Եթե նման ձեւակերպումներ են տալիս մյուս ուժերը, քաղաքագետները կամ վերլուծաբանները, ապա ես այդտեղ որեւէ բան չեմ կարող ասել, դա արդեն իրենց խնդիրն է, ու իրենց տեսակետն է: Կարծում եմ՝ ԲՀԿ-ն իր տեսակետը հայտնել է, ու իրենք ԱԺ քառօրյայի բոյկոտից հետո նշեցին, որ իրենք իրենց տեսակետը ներկայացնելու են: Իրատեսական չէ, որ այն, ինչ տեղի է ունենում, վերագրում են ՀՀԿ-ին, սրանք քաղաքական գործընթացներ են, ուրիշ ոչինչ:

-Սերժ Սարգսյանը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ղեկավարած ուժը որակեց որպես քաղաքական չարիք: Հայաստանում նման քաղաքական «չարիքներ» դեռ կա՞ն, որոնցից ՀՀԿ-ն պետք է «ազատվի»: Օրինակ՝ ՕԵԿ կուսակցությունն ու դրա առաջնորդ Արթուր Բաղդասարյանը «չարիք» ե՞ն, թե՞ ոչ: Ի վերջո, ՕԵԿ-ն էլ է հայտարարել, որ իրենք ընդդիմություն են ու դեմ են ՀՀ իշխանություններին:

-Ընդդիմադիր լինելը դեռեւս չի նշանակում, որ այդ ուժը կարող է չարիք հանդիսանալ, մենք կողմնակից ենք կառուցողական գործընթացներին: Լրատվամիջոցները սխալ են մեկնաբանում այն պրոցեսը, որն այժմ Հայաստանում կատարվում է:

-Բայց Արթուր Բաղդասարյանն ու նրա կողմից ղեկավարվող ուժը եւս դեմ է արտահայտվում ՀՀ իշխանություններին, գրեթե նույն պահվածքն է որդեգրել, նրանք նույնպես հանրահավաք են անցկացրել: Ինչո՞ւ Ա. Բաղդասարյանը չի հեռացվում ԱԱԽ-ից, ու ինչո՞ւ ստուգումներ չեն անցկացվում նաեւ նրան պատկանող ընկերություններում:

-Դրանք միմյանց հետ որեւէ առնչություն չունեն, մարդը ներկայանում է ազգային անվտանգության խորհրդի նիստերին, մարդիկ ունեն տեսակետ, որը արտահայտում են ամբիոններից, կարիծքներ են հնչեցնում, քննարկումներ եւ այլն: ՀՀ իշխանությունների ֆունկցիան Դուք սխալ եք մեկնաբանում: Իրականում Դուք պետք է հետեւեք այն գործընթացներին, որոնք տեղի են ունենում: Դրանց հետեւելով՝ բոլորի համար էլ պարզ կդառնա այն, ինչ տեղի է ունենում:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս