ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԿՐԱԿՈՑՆԵՐ ՄԱՍԻՍՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախընտրական զինված «ռազբորկաները» Մասիսում դարձել են ավանդույթ: Նախ՝ ԱԺ ընտրությունների ժամանակ  այստեղ լուրջ բախումներ տեղի ունեցան ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ: Հին ու բարի ավանդույթները շարունակվում են նաեւ հիմա՝ ՏԻՄ ընտրությունների թոհուբոհում. ՀՀԿ-ԲՀԿ հերթական բախումը տեղի է ունեցել օգոստոսի 12-ին եւ շարունակվել հաջորդ օրը:
Վիճաբանողները եղել են Մասիսի բնակիչներ Համբարձում Հովհաննիսյանն ու քաղաքապետի թեկնածու ԲՀԿ-ական Ավետիք Դալլաքյանի աներորդին՝ Պարույրը: Ինչպես պատմում են տեղի բնակիչները, վիճաբանությունը ծագել է անիմաստ երկխոսությունից, ինչն էլ վերածվել է ծեծկռտուքի: Այդ օրը նրանց փորձել են հաշտեցնել, բայց ապարդյուն: Հաջորդ օրն իսկ Համբարձումը իր քեռորդու՝ Խորենի միջոցով թիմ է հավաքել ու եկել՝ վեճը շարունակելու: «Խորենը տղաներ է հավաքում եւ փորձում հաշվեհարդար տեսնել մեր տղաներից: Նրանք, հետեւելով մեր տղաներին, կտրում են «Մերսեդես»-ի դեմը, պահանջում, որ մեքենայից իջնեն: Բայց մերոնք չեն իջնում, մեքենայով փախչում են: Սրանք ընկնում են նրանց հետեւից, նույնիսկ գազային ատրճանակով կրակում»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ներկայացրեց Ավետիք Դալլաքյանը: Ըստ նրա՝ տեսնելով, որ չեն կարող բռնել ու «պատժել» Պարույրին, որոշում են վրեժխնդիր լինել նրա ընկերներից: «Պարույրի ընկերներին շենքի մուտքի մոտ բռնում են ու մի քսան հոգով սկսում ծեծել: Հետո էլ սպառնում են, որ կսպանենք, եթե չզանգեք ու Դալլաքյանի տղերքին չկանչեք»,-պատմեց Ա. Դալլաքյանը:
Պատմությունը, սակայն, այսքանով չի ավարտվում. Համբարձումն այնուհետեւ իր ընկերներով գնում է Դալլաքյանի տան մոտ: Այստեղ նախ դանակով ծակում են նրա որդի Վոլոդյային պատկանող «Վազ 2121» մեքենայի անիվը, այնուհետեւ կրակոցներ արձակում մեքենայի եւ տան ուղղությամբ: «Հետո սկսում են դուռն ուժեղ ծեծել: Տանը միայն Վոլոդյայի կինն է լինում իր երկու փոքր երեխաների հետ: Հարսն էլ վախեցած զանգում է Վալոդին ու ասում, որ դուռը կոտրում են, կրակում: Վալոդն էլ ահաբեկված վերցնում է իր օրինական որսորդական հրացանը, ուղիղ գալիս է տուն: Վոլոդյան մոտենում է տան բակին, տեսնում սրանց, հրացանով երկու անգամ օդ կրակում: Սրանք վախենալով փախուստի են դիմում,-պատմում է Ա. Դալլաքյանն ու շարունակում,-Վալոդը տուն է մտնում, սրանք էդ ամենից հետո նորից մեքենայով գալիս են, սկսում տան կողքերը պտտվել, դարպասներին կրակել: Սարսափած հարեւաններից մեկն անմիջապես զանգում է ինձ ու պատմում էդ մասին: Իմ գալուց հետո են դադարել կրակոցները: Մտա տուն, տեսա, որ էրեխեքը շատ էին վախեցած: Վախից լաց էին լինում: Ո՞վ է պատասխանատու դրա համար»:
Քաղաքապետի թեկնածուի խոսքերով՝ այս վիճաբանությունը «հին արմատներ» ունի: «Սա գալիս է նախկին ընտրություններից՝ դեռեւս 2001-ից: Այն ժամանակ ես շատ ձայն էի հավաքել, որովհետեւ մարդիկ ինձ ավելի շատ են հավատում: Մենք ապրում ենք այս քաղաքում, աչքի ընկած մարդ ենք: Ես էլ քաղաքապետի թեկնածություն եմ դրել: Այս տղաների ընկերն ու բարեկամը Սաշիկ Հակոբյանն է՝ նախկին քաղաքապետը: Ինքն էլ է դրել իր թեկնածությունը: Ու էդ պատճառով ամեն ինչ արեցին՝ իմ տղաներին այս խաղի մեջ ներգրավելու եւ մեզ վարկաբեկելու համար: Ես ամենավերջում եմ առաջադրել իմ թեկնածությունը` վերջին օրը եւ վերջին ժամին: Դրանից հետո դա որոշ մարդկանց դուր չեկավ, որովհետեւ Մասիսում քաղաքական լուրջ ուժ եմ ներկայացնում»,-նշեց ԲՀԿ-ական Ավետիք Դալլաքյանը:
Ոստիկանությունը կատարվածի մասին հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով. «Օգոստոսի 14-ին՝ ժամը 19:30-ին, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները խուլիգանություն կատարելու կասկածանքով իրենց տներից բերման են ենթարկել 1984թ. ծնված Վոլոդյա Դ.-ին եւ 1990թ. ծնված Համբարձում Հ.-ին: Պարզվել է, որ օգոստոսի 13-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Համբարձում Հ.-ն դիտավորությամբ ծակել է Վոլոդյա Դ.-ի դռան դիմաց` փողոցում կայանված, վերջինիս քեռուն` 1958թ. ծնված Սմբատ Ս.-ին ամրակցված «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի անիվը, իսկ Վոլոդյա Դ.-ն, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, իրեն պատկանող  երկփողանի որսորդական հրացանից Համբարձում Հ.-ի ուղղությամբ արձակել է 2 կրակոց, որից 30 րոպե հետո Համբարձում Հ.-ն վերադարձել է Վոլոդյա Դ.-ի տան մոտ ու «Մակարով» տիպի  պնեւմատիկ ատրճանակից 6 կրակոց արձակել տան դիմաց կայանված, նույն ավտոմեքենայի  ուղղությամբ ու վնասել այն: Համբարձում Հ.-ն բացատրություն է տվել, որ «Մակարով» ատրճանակը գտել է: Որսորդական հրացանը եւ պնեւմատիկ ատրճանակն առգրավված են: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն»:
Վ. Դալլաքյանի հարազատները պնդում են, որ մյուս կողմի թիկունքում բարձրաստիճան պաշտոնյաներ են կանգնած՝ Մասիսի ոստիկանության քննչական բաժնի պետ Գեւորգ Սիմոնյանի բարեկամ Խորենը, որը Համբարձումի հորաքրոջ որդին է, ինչպես նաեւ Մասիս քաղաքի հարկային ծառայության նախկին պետի` Մեսրոպ Արոյանի որդին` Ջոնիկ Արոյանը, որի հորաքույրը ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մուրադ Մուրադյանի կինն է:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
լուսանկարները՝ ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻ




Լրահոս