ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՀԵՏԻՆ ԹՎՈՎ ԵՆ ՆԿԱՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում երեկ շարունակվեց լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարությունը: Հետազոտված իրեղեն ապացույցների եւ հրապարակված փաստաթղթերի  վերաբերյալ հանդես եկավ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը:
Իրավապաշտպանը մանրամասն վերլուծեց նախաքննության ընթացքում կատարված խախտումները, նաեւ ասաց, թե մի ամիս առաջ իրենք նախաքննական մարմնից փաստաթուղթ են ստացել այն մասին, որ դեպքի վայրի տեղազննության արձանագրությունը գրելիս քննիչ Սարգիս Մադաթյանը թույլ է տվել իբր «մեխանիկական սխալ»` տեղազննությունը թվագրելով ոչ թե 2010թ. հուլիսի 27-ին, այլ հուլիսի 28-ին: Ռուբեն Մարտիրոսյանը համոզված է, որ իրականում դեպքի վայրում նման փաստաթուղթ չի կազմվել: Իսկ ապացույցը, ըստ նրա, որպես ընթերակա հանդես եկած  զինվոր  Արտակ Հովհաննիսյանի ցուցմունքն է, որը դատարանում հայտարարել էր, թե ինքը չգիտի՝ ինչ բան է տեղազննությունը,  եւ որ ինքը տեղազննությանը չի մասնակցել, այլ քննիչն է հետին թվով «նկարել» կեղծ արձանագրությունը: Իրավապաշտպանն ասաց, որ հուլիսի 28-ը նշվում է մի շարք այլ փաստաթղթերում` դատաբժշկական փորձաքննության եզրակացության, քննիչի որոշումների մեջ:
 Ռ. Մարտիրոսյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց նաեւ այն փաստի վրա, որ Ա. Նազարյանը ստացել է 4 պահունակ` 120 փամփուշտով, եւ բոլոր փամփուշտները տեղում են եղել: Ուստի նա եզրակացրեց, որ Արտակը չէր կարող ինքնասպան լինել: Մարտիրոսյանի համոզմամբ` քննիչ Հայկ Մարգարյանն էլ իր վրա է վերցրել դատաձգաբանի պարտականությունները եւ հայտարարել, որ ինչպես մարտական հենակետում ծառայող զինվորների, այնպես էլ կապիտան Հակոբ Մանուկյանի զենքերից կրակված չէ, նրանց փամփուշտներն ամբողջական են:  Ռ. Մարտիրոսյանի խոսքերով` քննիչ Լեւոն Պետրոսյանն ամիսներ անց  որոշել է գնալ դեպքի վայր` ժայռաբեկորի մոտ, եւ տեղազննության իմիտացիա արել. իբր նա ժայռաբեկորի մոտ արնանման հետքեր է հայտնաբերել: Մինչդեռ քննիչը պարտավոր էր այդ հետքերը քերել, փաթեթավորել եւ կնքված վիճակում ուղարկել փորձագետին, որպեսզի վերջինս պարզեր, թե արդյոք դրանք մարդու արյան հետքեր են, որ խմբին են պատկանում, եւ, վերջապես, դա Ա. Նազարյանի արյունն է, թե ոչ: Այնինչ քննիչն այդ ամենը չի արել, այլ ընդամենը իմիտացիայով է զբաղվել:
Եւս մեկ ուշագրավ հանգամանք. Ա. Նազարյանի վերնաշապիկին արյան հետքեր են հայտնաբերվել, իսկ տաբատի վրա` ոչ: Ու սա այն դեպքում, երբ դատաբժշկական փորձաքննությամբ Նազարյանի որովայնում արյուն չի հայտնաբերվել: Ռ. Մարտիրոսյանը հայտարարեց, որ  Նազարյանի դիակը տեղափոխվել է, դեպքի վայրը նախաքննության մարմնի կողմից` փոխվել: Իրավապաշտպանն ասաց, որ Ա. Նազարյանի զրահաբաճկոնի վրա հայտնաբերվել են հրազենային վնասվածքի հետքեր, որ իրենք միջնորդելու են այն ուղարկել փորձաքննության: Իրավապաշտպանի խոսքերով` կատարվել է հանցագործություն,  Նազարյանի դին խոհանոցից տարել են խրամատ, այնտեղից էլ` ժայռաբեկորի մոտ: Ռ. Մարտիրոսյանը հայտարարեց, որ  Ա. Նազարյանի հետմահու դատահոգեբանական եւ դատահոգեբուժական փորձաքննությունների հեղինակները հանցագործներ են, այդ փորձաքննական եզրակացությունները` ընդամենը խզբզոց:
Տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանը, նրա ներկայացուցիչները՝ Մուշեղ Շուշանյանն ու Ռուբեն Մարտիրոսյանը, միջնորդեցին նախաքննության ընթացքում կատարված խախտումների վերաբերյալ դատարանում որպես վկա հարցաքննել քրեական գործով քննիչներ Սարգիս Մադաթյանին, Հայկ Մարգարյանին եւ Լեւոն Պետրոսյանին: Այս միջնորդությանը կողմ էին նաեւ ամբաստանյալներն ու նրանց փաստաբանները: Միջնորդությանը դեմ արտահայտվեց միայն գործով մեղադրող Հայկ Հարոյանը: Այն բավարարել-չբավարարելու հարցը կորոշվի դատական հաջորդ նիստում, որը տեղի կունենա օգոստոսի 21-ին:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս