ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՊՈԿՎԵԼ ԵՆ
Ուկրաինայի Չերկասա քաղաքի բնակչուհիները, որոնք ընկերություն են անում դեռ դպրոցական նստարանից, որոշել են միասին դիմել պլաստիկ վիրաբույժի. աղջիկներին իրենց ականջները դուր չէին գալիս: Սակայն պլաստիկ վիրահատությունը նրանց համար տխուր ավարտ է ունեցել: Վիրաբուժական միջամտությունից հետո աղջիկների ականջները սկսել են ուժեղ ցավել, ինչից հետո դրանք սեւացել ու պոկվել են: Ուկրաինուհիները սկզբում չեն ցանկացել բարձրաձայնել, բայց հիմա որոշել են դատական հայց ներկայացնել ընդդեմ անբարեխիղճ վիրաբույժի:

ՍԵՓԱԿԱՆ ԳԱՐԵՋՐԱՏՈՒՆ
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տանը գարեջրի մինի արտադրամաս է ստեղծել: Օբամայի այս նախաձեռնության մասին հայտնի է դարձել Այովա նահանգում նրա նախընտրական արշավի ժամանակ, երբ նա սեփական արտադրության գարեջուր է նվիրել տեղի մի սրճարանի տիրոջը: Օբամայի քայլն այնքան մեծ արձագանք է գտել նրան ուղեկցող լրագրողների շրջանում, որ Սպիտակ տան մամուլի ծառայությունը ստիպված է եղել հատուկ հայտարարություն անել այդ առիթով: Ըստ Օբամայի մամուլի քարտուղար Ջեյ Քարնիի՝ նախագահի ընտանիքի թողարկած գարեջուրը կրում է White House Honey Ale անվանումը, արտադրվում է ե՛ւ բաց, ե՛ւ մուգ տարբերակներով: Խմիչքի պատրաստման համար օգտագործվում է Սպիտակ տան այգում առաջին տիկնոջ պահած մեղուների մեղրը:

ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ Է ԿՐԵԼ
Երեկ Աթենքում կայացել է շախմատի աշխարհի երիտասարդական առաջնության եզրափակիչ տուրը: Հայաստանի ներկայացուցիչ Սամվել Տեր-Սահակյանը եզրափակիչ տուրից առաջ ուներ 9 միավոր եւ առաջատարներին զիջում էր կես միավորով: Եզրափակիչ տուրում Տեր-Սահակյանը սեւ խաղաքարերով անսպասելիորեն պարտություն է կրել Ուկրաինայի ներկայացուցիչ Յարոսլավ Ժերեբուխից, որից հետո կորցրել է մրցանակային տեղ զբաղեցնելու հնարավորությունը: Վերջին տուրում պարտվել է նաեւ 7 միավոր ունեցող Վահե Բաղդասարյանը: Չեմպիոնի տիտղոսը նվաճել է Թուրքիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Իպատովը, որը հավաքել է 10 միավոր: Աղջիկների մրցաշարում հանդես եկած Շուշաննա Սարգսյանը պարտվել է վերջին պարտիայում եւ բավարարվել 5.5 միավորով: Նշենք, որ անցած տարի Բրազիլիայում կայացած շախմատի աշխարհի երիտասարդական առաջնությունում Սամվել Տեր-Սահակյանը նվաճել էր չեմպիոնի տիտղոսը:  

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՇԱԲՈՅԱՆԸ




Լրահոս