Վանաձորցի երիտասարդ գեղանկարիչ Մհեր Չատինյանը, ում կտավներում ակնառու են թարմ եւ անկեղծ գույները, ով հասցրել է իր անհատական ցուցահանդեսներն ունենալ Երեւանում, մասնակցել Սլովակիայում, Վրաստանում, Հայաստանում կայացած երիտասարդ նկարիչների միջազգային սիմպոզիումների, նշում է, որ մարզի նկարչի համար առաջնային խնդիրներից մեկը սեփական արվեստը պրոպագանդելն է:
Նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անդրադարձել է նաեւ Հայաստանում` մշակութային միջոցառումների ուրբանիզացված լինելուն, մարզում արվեստի մթնոլորտի բացակայությանը, ցուցասրահների ընձեռած սահամանափակ հնարավորություններին եւ այլ թեմաների:
-Մհե՛ր, Ձեր կտավներում առկա է լոռեցուն բնորոշ ներքին պարզություն եւ միեւնույն ժամանակ` թանձրություն: Ի՞նչն է գերակշռողը Ձեր գործերում, եւ այժմ ի՞նչ նոր կտավի վրա եք աշխատում:
-Ամեն նկարչի կտավ խոսում է հեղինակի բնավորության մասին: Իմ խառնվածքը եւս ինչ-որ չափով արտացոլվել է կտավներումս: Բացի Ձեր նշած հատկություններից` ես նաեւ մի քիչ տաքարյուն եմ. այդ հանգամանքը եւս ազդել է նկարներիս վրա: Իմ բոլոր նկարների միջոցով փորձել եմ ակնդիրների շրջանում սեր արթնացնել արվեստի նկատմամբ. հիմնական նպատակը սա է: Հիմա աշխատում եմ մի կտավի վրա, որը կոչվում է «Ծաղրածուի հարսանիքը»: Թեման, կարծում եմ, հետաքրքիր է. հարսանիքը հենց ծաղրածուի տխրության պատճառն է:
-Ըստ Ձեզ` Վանաձորում նկարիչ-արվեստագետների մրցակցություն կա՞: Ստեղծվա՞ծ է մի միջավայր, որտեղ գտնվելով՝ հնարավոր է կատարելագործվել:
-Անկեղծ ասած` մեզ մոտ սակավաթիվ նկարիչներ կան, ովքեր իսկապես մինչեւ վերջ նվիրված են իրենց արվեստին: Այդ Ձեր նշած միջավայրը չկա, բացակայում է քննարկման մթնոլորտը… Թող մեծամտություն չհնչի, բայց որոշ նկարիչներ արվեստից բացարձակ անտեղյակ են, նրանց հետ հնարավոր չէ անգամ բանավիճել: Այդ առումով երեւանցի արվեստագետների հետ քչից-շատից շփումը հետաքրքիր է: Մի բան էլ պետք է ասեմ. այստեղի արվեստագետներն իրենց շուրջը նայելու, կատարելագործվելու միտում շատ չունեն:
-Մարզի նկարչի առջեւ ծառացած հիմնական խնդիրները որո՞նք են:
-Նախ` մարզի նկարիչը պրոպագանդվելու խնդիր ունի: Դրա համար հարկավոր են հատուկ մասնագետներ, նկարիչը չէ, որ պետք է զբաղվի այդ հարցով. նրա գործը ստեղծագործելն է: Իսկ մեզ մոտ` Վանաձորում, այդ հնարավորությունը չկա… Բացի այդ` մշակութային միջոցառումները հիմնականում եւ առավել հաճախ կազմակերպվում են Երեւանում, իսկ մեզ մոտ, օրինակ, ցուցահանդեսներ տարին մեկ են լինում. մասնակցես-չմասնակցես` նույն հաշիվն է: Ես բազմիցս ցանկություն եմ ունեցել իմ կտավները ներկայացնել մեծ ցուցասրահում, սակայն այդ հնարավորությունը չի ընձեռվել, իսկ նկարները մայրաքաղաք տանելն ու այնտեղ ցուցադրելը մի քիչ դժվար է…
-Թերեւս, այն արվեստագետները, որոնք չեն ընկնում դռնեդուռ, հովանավորներ չեն փնտրում, մնում են ստվերում…
-Ես չեմ ընդունում այդ երեւույթը, կարծում եմ, որ նկարիչը չպետք է ինչ-որ մեկին ինչ-որ հարցով, խնդրանքով դիմի, փոխարենը իրեն պետք է դիմեն… Շատ դժվար է, բայց այս պարագայում արվեստագետը պետք է իր դիրքերը պահի:
-Իսկ մարզպետարանը, քաղաքապետարանը ինչ-որ կերպ աջակցո՞ւմ են երիտասարդ արվեստագետներին, ուշադրության արժանացնո՞ւմ են նրանց:
-Ես այդ կառույցների հետ շփում չունեմ, օգնություն չեմ ակնկալում, թեպետ իրենք նման ցանկություն դժվար էլ ունենան: Եթե այստեղ նկարիչներն են հեռու արվեստից, դե, պատկերացրեք` այդ կառույցների վերաբերմունքն ինչպիսին կլինի:
-Որպես երիտասարդ նկարիչ` ամենամեծ նպատակը, որ այժմ Ձեր առջեւ դրել եք, ո՞րն է:
-Այս տարի Իտալիա մեկնելու, այնտեղ սովորելու ցանկություն ունեմ: Թեեւ ուսումը չէ միայն, որ ինձ կտանի այդ երկիր. մտադիր եմ մեկնել անտեղ՝ աշխատելու, եթե հնարավոր է` նաեւ մնալու համար…
-Փախչում եք այստեղից, որպեսզի Ձեզ համար լավ միջավայր ձեւավորե՞ք:
-Պարզապես լավ նկարիչ դառնալու ցանկությունս մեծ է…
Աննա Բաբաջանյան