ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՄԱՐԴԻԿ ԱՅՍՔԱՆ ՉԱՐԱՑԱԾ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ կառավարության շենքի առջեւ բողոքի ակցիա էին կազմակերպել այսպես կոչված «բանդայի» գործով 2011-ի սեպտեմբերի 27-ին ձերբակալված ազգությամբ եզդի Քյարամ Ամոյանի ազգականները: Այնտեղ էր նաեւ նրա 85-ամյա տատիկը, որն իր հետ բերել էր բենզին իրեն հրկիզելու նպատակով: 18-ամյա Քյարամոն (այդպես են նրան անվանում իր ազգականները) 2012-ի հունվարի 6-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կրկնակի ինսուլտ եւ գլխի արյան զեղում է ստացել: Այժմ նա գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները, ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության ու Երեւան քաղաքի վարչության եւ նրա ստորաբաժանումների հետ «վնասազերծել էին» 16 հոգու: Իսկ ձերբակալված ավազակախմբի պարագլուխը, ըստ պաշտոնական հաղորդագրության, Արտյուշա Հակոբյանն էր` Գառնու «Սուրիկի լավաշ»-ի սեփականատեր Սուրիկ Հակոբյանի որդին: Սակայն մինչ օրս բոլոր բանտարկվածները պնդում են, որ իրենք հանիրավի են կալանավորվել: Ավելին, անգամ գողոնը դեռ հայտնաբերված չէ:
Քյարամոյի հարազատները պնդում են, որ նրան պետք է անհապաղ վիրահատել: «Որդուս բերդից միանգամից տարել են «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժին: Բայց 21 օր են պահել: Մի՞թե 21 օրում կարող են կրկնակի ինսուլտ եւ գլխի արյան զեղում բուժել: Չեն կարող ու չեն բուժել: Նույնիսկ պատասխանատվություն չեն կրում: Դրանից հետո նա ո՛չ քայլել է, ո՛չ էլ խոսել»,-«Ժողովուրդ»-ին պատմեց Քյարամի մայրը` տիկին Կարինեն: Ազգականներից իմացանք, որ Քյարամին ձերբակալելու օրը` 2011-ի սեպտեմբերի 27-ին, «դուբինկայով ուժեղ հարվածել են գլխին ու ձեռքերի մատները կոտրել»:
Կալանավորվածի ազգականների պատմելով՝ Քյարամոն 13 տարեկանում Ծաղկաձորում ընկել է ձորը, որի պատճառով էլ գլուխը վնասել է: Այդ ժամանակ նրան վիրահատող բժիշկները 4 ժամվա կյանք են խոստացել: «Բայց ախպերս ապրեց: Ու դա Աստծո արածն էր: Իսկ հիմա ես չգիտեմ, թե ինչու են այսքան չարացած ախպորս դեմ: Ինչո՞ւ են մարդիկ այսքան չարացած»,-հիշեց Քյարամոյի քույրը` Գայանեն:
Իսկ Քյարամի բարեկամուհին` Նարինեն, մեզ տեղեկացրեց, որ նույնիսկ ապացույցներ էլ կան, որոնք փաստում են, որ նա ավազակախմբի անդամ չի եղել: «Իր հագուստը, մատնահետքերը, անգամ քրտինքը չեն համապատասխանել: Քյարամոյին եղբոր թաղման տեղից են բռնել ու տարել: Իսկ թաղումից առաջ Կրասնոդարում էր: Մեկնել էր բուժման նպատակով»,-ասում է Նարինեն:
Քյարամի հարազատները դիմել են ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, Սերժ Սարգսյանին, ՀՀ առողջապահության նախարարություն: Սակայն ոչ մի պատասխան: «Ինձ այլեւս ոչինչ չի հետաքրքրում: Միայն որդուս առողջությունն է հետաքրքրում: Ախր նա բանդայի մասնակից չի եղել: Ես պահանջում եմ, որ շտապ վիրահատեն ու եթե զենք գտնեն, թող դատապարտեն»,-մեզ հետ զրույցում նկատեց Քյարամի մայրը` տիկին Կարինեն:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս