Ոչ իշխանական եռյակին գլխատելով ոչնչացնելուց հետո փաստացի այլեւս ոչինչ չի խանգարում Սերժ Սարգսյանին՝ սահմանադրական փոփոխությունների գործընթացի մեկնարկը հայտարարելու համար:
Ինչպես հայտնի է՝ Սերժ Սարգսյանը դեռեւս ամիսներ առաջ հայտարարել է, որ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի վերաբերյալ իր դիրքորոշումը կներկայացնի այս տարվա փետրվար-մարտ ամիսներին: Նախկինում ենթադրվում էր, որ Սերժ Սարգսյանը հնարավորինս ժամանակ կձգի, որպեսզի մինչ այդ փորձի ոչ իշխանական եռյակին, իսկ ավելի կոնկրետ՝ ԲՀԿ-ին համոզել, որ վերջիններս առնվազն չընդդիմանան սահմանադրական փոփոխություններին: Սակայն շաբաթն ուրբաթից շուտ եկավ, եւ ընդամենը մեկ շաբաթ տեւած քաղաքական զարգացումների արդյունքում ոչ իշխանական եռյակը, ասել է թե՝ նաեւ սահմանադրական փոփոխությունների հիմնական խոչընդոտը, վերացավ:
Ավելին՝ այսօր արդեն ակնհայտ է, որ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը մշակելու նպատակով ձեւավորված հանձնաժողովի անդամները ներկայումս զբաղված են սահմանադրական փոփոխությունների բուն տեքստի մշակմամբ: Առաջին հայացքից կարող է թվալ, թե սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի վերաբերյալ, առանց Սերժ Սարգսյանի տեսակետը ճշտելու, ինչպես կարող են նախագծի վրա աշխատել: Նախ բացառված չէ, որ հանձնաժողովի առանձին անդամներին Սերժ Սարգսյանն արդեն իսկ կարող է տեղեկացրած լինել իր` դեռեւս չհրապարակված որոշման մասին եւ նրանց համապատասխան հանձնարարականներ տված լինի:
Մյուս կողմից էլ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի հետ կապված Սերժ Սարգսյանի` չճշտված մոտեցումը վերաբերում է կառավարման համակարգի խնդրին՝ արդյո՞ք Հայաստանը պետք է շարունակի կիսանախագահական երկիր լինել, թե պետք է դառնա խորհրդարանական հանրապետություն, որտեղ գործադիր մարմնի ղեկավարը վարչապետն է: Կառավարման համակարգին վերաբերող սահմանադրական փոփոխություններն ընդհանուր տեքստի նույնիսկ մեկ երրորդն էլ չեն կազմում: Այսինքն՝ հանձնաժողովի անդամները կարող են նաեւ առանց Սերժ Սարգսյանի կարծիքը ճշտելու սկսել տեքստի` կառավարման համակարգին չվերաբերող մասի վրա աշխատել: Հանձնաժողովի անդամների շտապողականությունը կարող է մեկ բանով պայմանավորված լինել, որպեսզի անհրաժեշտության դեպքում նախագիծը հենց այս` գարնանային նստաշրջանի ընթացքում ներկայացվի խորհրդարանին:
Այսպես՝ որպեսզի ԱԺ-ն կարողանա գարնանային նստաշրջանի ընթացքում սահմանադրական փոփոխությունների նախագիծը քննարկել, անհրաժեշտ է, որ այն առնվազն ապրիլի վերջին շրջանառության մեջ դրվի: «ԱԺ Կանոնակարգ» օրենքի համաձայն՝ սահմանադրական փոփոխությունների նախագիծը ԱԺ-ն պետք է քննարկի եռամսյա ժամկետում: Նշված ժամկետից առնվազն 40 օրը օրինագիծը շրջանառության մեջ դնելու անհրաժեշտ ժամկետն է: Այսինքն՝ ցանկության դեպքում իշխանությունները կարող են ապրիլի վերջին նախագիծը դնել շրջանառության մեջ, հունիսին այն խորհրդարանում հաստատել եւ ետ վերադարձնել Սերժ Սարգսյանին: Վերջինս էլ 21-օրյա ժամկետում այն պետք է ստորագրի եւ համապատասխան հրամանագրով նշանակի հանրաքվեի օրը:
Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կարող է նշանակվել համապատասխան հրամանագրի հրապարակման օրվանից ոչ շուտ, քան 45 եւ ոչ ուշ, քան 60 օր հետո: Այսինքն՝ եթե իշխանությունները գործընթացները մի փոքր արագացնեն, ապա ցանկության դեպքում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կարող են անցկացնել սեպտեմբերին: Իսկ դրանից շուտ անցկացնելու համար իշխանություններն արդեն պետք է արհեստական շտապողականություն դրսեւորեն, ինչը տվյալ դեպքում կլինի չարդարացված: Ի սկզբանե Հայաստանի իշխանությունները ծրագրել են, որ սահմանադրական փոփոխությունները պետք է տեղի ունենան 2016 թվականի գարնանը: Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին Սերժ Սարգսյանի հրամանագիրը հենց վերը նշված տրամաբանությամբ է կազմված, քանի որ նախագծի մշակման համար այն տասը ամիս ժամկետ է նախատեսում հայեցակարգի հաստատումից հետո:
Ներկայումս քաղաքական դաշտում ստեղծված իրավիճակում ՀՀ իշխանությունները հնարավորություն ունեն սահմանադրական փոփոխություններն անցկացնել` կեղծման համակարգը համեմատաբար քիչ օգտագործելով: Ուստի բացառված չէ, որ Սերժ Սարգսյանը կնախընտրի հենց արագացված տարբերակը: Ի դեպ,ոչ ոք չի կարող ասել, թե, ասենք, 2016-ին Հայաստանի քաղաքական դաշտն ինչպիսի տեսք կունենա, եւ արդյոք իրավիճակն ավելի բարեհաճ կլինի սահմանադրական փոփոխություններն անցկացնելու համար: Համենայնդեպս, այսօր արդեն կուլիսային խոսակցություններ են պտտվում, որ մի շարք ուժեր, անկախ ԲՀԿ նախագահի նահանջից, այնուամենայնիվ, սահմանադրական փոփոխությունների դեմ կաշխատեն:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ