ՆԺԴԵՀԻ ԱԶԳԱԿԱՆԸ՝ ԱՆԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ԶՈՀ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Ժողովուրդ»-ի խմբագրություն էր այցելել 74-ամյա Էմմա Սահակյանը, որը ներկայացավ որպես Գարեգին Նժդեհի եղբոր դուստր: Դժգոհում էր, որ երեք տարի է՝ հայտնվել է փողոցում: Պատճառը, ըստ նրա, կեղծիքն ու անարդարությունն է, որին դիմել է իր իսկ քրոջ աղջիկը: «Անժամկետ նստացույց եմ հայտարարել ու դիմում եմ իշխանություններին՝ ձեզ համարում եք Նժդեհի գաղափարախոսությունը կրող կուսակցություն, օգնե՛ք նրա եղբոր դստերը վերականգնել արդարությունը»,-տեղեկացրեց նա:
Արդեն 2 ամսից ավելի է՝ տիկին Էմման նստացույց է անում նախագահական նստավայրի դիմաց, իսկ ամեն հինգշաբթի գալիս է կառավարության շենքի մոտ` փորձելով ամեն կերպ ստեղծված իրավիճակից դուրս գալու ելք փնտրել:
Պատմում է, որ 1996 թվականից նա եւ քույրն ապրել են միասին. «Քույրս ժառանգ չուներ, ես էի խնամում նրան իր իսկ սեփական տանը: Սակայն քույրս հիվանդ էր եւ մահացավ»: 74-ամյա թոշակառու, մանկավարժ Էմման քրոջ մահից հետո հայտնվում է դրսում. «Քրոջս մահից հետո մի օր հայտնվում է մյուս քրոջս աղջիկը՝ Սուսաննա Մարգարյանը, որը «Հիշողություն եւ վերածնունդ» բարեգործական կազմակերպության տնօրենն է, իրավաբան: Ու ինձ ասում է, որ այս տունը քույրս նվիրատվություն է արել այս մեկի տղային»: Ավելի ուշ, ինչպես նշում է մեր զրուցակիցը, բանից պարզվում է, որ Սուսաննայի տղան էլ իր հերթին այդ տունը նվիրատվություն է անում իր աղջկան:
Մի «գեղեցիկ» օր 74-ամյա թոշակառուն, տուն վերադառնալով, տեսնում է, որ դռան կողպեքը կապարակնքված է: «Ինձ դրսում թողեցին, այստեղ-այնտեղ եմ քնում, մի օր մի բարեկամի տանը, մի օր մի ծանոթի տանը, դրսում էլ եմ քնել, ի՞նչ անեմ, ասե՛ք, այս վիճակից ո՞նց դուրս գամ: Ամեն տեղ դիմել եմ, բոլոր ատյաններին, նախագահին, բայց իմ հարցին պատշաճ պատասխան չեն տալիս, ասում են, թե ամեն ինչ օրինական է եղել: Իմ պահանջը մեկն է՝ գործը նորի՛ց քննեք, ես փաստաթղթերով եմ խոսում, իմ փաստաթղթերը կվկայեն ճշմարտությունը, եթե ես սխալ բան եմ ասում կամ սուտ եմ խոսում, ապա ինձ քրեական պատասխանատվության թող ենթարկեն: Իմ քրոջ աղջիկը բազմաթիվ կեղծիքների է դիմել՝ իրավաբան լինելով: Նա այնպիսի անձնավորություն է, որ նույն կարգավիճակում է թողել իր եղբոր 4-հոգանոց ընտանիքին՝ զրկելով նրանց հայրական տնից»,-ներկայացրեց մեր զրուցակիցը:
Երեկ տիկին Էմման պաստառներով դուրս է եկել Սերժ Սարգսյանին ուղեկցող ավտոշարասյան դիմաց՝ փորձելով ուշադրություն գրավել, բայց, ինչպես նա ասաց, ապարդյուն: 2 ամսից ավելի նստացույցի դիմած թոշակառուի առողջական վիճակը գնալով վատանում է: «Տեսե՛ք, ոտքերս ուռել են: Հնարավորություն չունեմ, բժիշկներն ասում են, որ պետք է պառկեմ, բայց չեմ կարող, ես պետք է վերականգնեմ արդարությունը, չեմ դադարեցնելու նստացույցս, այն անժամկետ է, մինչեւ հարցն արդարացի լուծում չստանա»,-եզրափակեց տիկին Էմման:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս