Ինչպես հայտնել էինք, այս գիշեր Մոսկվայի կենտրոնում սպանվել է ռուս քաղաքական գործիչ Բորիս Նեմցովը:
ՌԴ ընդդիմությունը Բ. Նեմցովի սպանության կապակցությամբ չեղյալ է հայտարարել մարտի 1-ին Մարյինոյում կայանալիք ակցիան, հայտարարել է Միխայիլ Կասյանովը: Դրա փոխարեն կանցկացվի սգո երթ:
Ինչպես վերջինս հայտարարել է «Коммерсантъ FM».R-ի եթերից, Նեմցովը հանդիսանում էր ՌԴ ընդդիմադիր ամենավառ կերպարներից մեկը:
«Նեմցովը չափազանց անզիջում էր, այսպես ասած` ցրում էր Ռուսաստանում կայունության մասին բոլոր առասպելները ու ճիշտն էր պատմում այն խախտումների, ապօրինությունների մասին, որոնք կատարվում էին մեր երկրում և մասնավորապես Ուկրաինայի հետ Ռուսաստանի վարած պատերազմի մասին: Նրա այդ հայտարարությունները շատերին էր կատաղեցրել, կարծում եմ՝ այս փաստն անկասակած այն տականքներին ավելի է զայրացրել, ովքեր և մտածել ու իրականացրել են այս հանդուգն սպանությունը»,- կարծիք է հայտնել Կասյանովը:
Չի բացառվում ռուս ընդդիմադիր գործչի սպանությունը պատվիրված լինելու վարկածը:
ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ սպանության մասին անհապաղ տեղեկացվել է Վադիմիր Պուտինը:
«Պուտինը նշել է, որ այս դաժան սպանությունը ունի պատվիրված սպանության բոլոր նշաններն ու բացառապես սադրիչ բնույթ է կրում»,- նշել է Պեսկովը:
Ռուսական «Известия» թերթը հայտնում է, որ քննիչները դիտարկում են սպանության մի քանի վարկած:
Մասնավորապես, իրավապահ մարմինների աշխատակիցները չեն բացառում սպանության կենցաղային տարբերակը:
«Աղջիկը, ում հետ եղել է Բորիս Նեմցովը սպանության պահին, Ուկրաինայի քաղաքացի է: Ինչպես մենք արդեն պարզել ենք, վերջերս նա Մոսկվայից Շվեյցարիա է թռչել՝ հղիության արհեստական ընդհատում կատարելու: Մենք չենք բացառում, որ կենցաղային հակամարտությունը կարող էր լինել հենց նրա պատճառով»,- նշել է իրավապահ մարմիններում բարձրաստիճան պաշտոնյան:
Չի բացառվում նաև սպանության քաղաքական բնույթը:
«Դա կարող էր լինել պատվիրված սպանություն, որի նպատակն է հարվածել երկրի գործող իշխանություններին սադրանքի միջոցով: Արտաքին ու ներքին թշնամիները կարող էին ընտրել «զոհին» ՌԴ ներսում իրավիճակի ապակայունացման համար»:
Երկու շաբաթ առաջ Sobesednik.ru-ի հետ զրույցում Բորիս Նեմցովը մտավախություն էր հայտնել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կպատվիրի իր սպանությունը՝ ընդդիմադիր բնույթ կրող արտահայտությունների համար: Փետրվարի 10-ին հրապարակված հոդվածում Նեմցովը հայտնել է, որ մինչ օրս իր այդ մտավախությունների մասին կիսվել է միայն իր ամենամտերիմ մարդու՝ մոր հետ, սակայն արդեն որոշել է բարձրաձայնել այդ մասին:
«Ամեն անգամ երբ զանգահարում էի մորս, նա ասում էր. «Ե՞րբ ես դադարելու քննադատել Պուտինին: Նա քեզ կսպանի»: Եվ սա միանգամայն լուրջ է»,-նշել էր Բ. Նեմցովը: