Երեկ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատություն հրապարակում հանրահավաք-ասուլիս անցկացրեց, որի ժամանակ որեւէ կոնկրետ հայտարարություն չհնչեց: Հովհաննիսյանը ներկաներին հորդորեց այսօր իրենց հետ գնալ Գյումրի, իսկ փետրվարի 27-ին կրկին հավաքվել Ազատության հրապարակում: Սակայն Ր. Հովհաննիսյանն այդպես էլ չբացատրեց, թե որոնք են լինելու պայքարի հետագա ուղիները, եւ ինչո՞ւ պետք է ժողովուրդը կրկին Ազատության հրապարկ գա:
Անդրադառնալով եռյակի հետագա ճակատագրին` Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց. «Ես չեմ դուրս եկել եռյակից, այդ նրանք են դուրս եկել: Եվ եռյակ այլեւս գոյություն չունի»:
«ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի հետ՝ պարզելու համար, թե, ի վերջո, ինչ է պատրաստվում անել «Ժառանգություն» կուսակցությունը:
-Պարո՛ն Հակոբյան, «Ժառանգություն» կուսակցության համար հասկանալի է, թե ինչո՞ւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը պայքարի կեսից հետ կանգնեց: Դուք այդ քայլից հետո հանդիպում ունեցե՞լ եք նրա հետ, զրուցել, պարզե՞լ եք, թե ո՞րն է Գ. Ծառուկյանի որոշման պատճառը:
-Ես չեմ ուզում այս պահին գնահատական տալ, բայց կարծում եմ՝ ամբողջ ժողովուրդը հասկացավ, թե իրականում ինչ կատարվեց: Ես ասել եմ, որ դա քաղաքական գործընթաց չէր, այդ ամենը քաղաքականության հետ կապ չուներ, առավել եւս այդ հաշտեցումը, որ տեղի ունեցավ, դա ընդհանրապես զուրկ է քաղաքական լեգիտիմությունից, որովհետեւ ժողովրդի բացարձակ մեծամասնությունը դեմ է իշխանությանը: Իսկ իշխանությունն էլ այս հակադրությունը ներկայացրեց որպես երկու անձերի կռիվ, ու փակ սենյակներում ինչ-որ համաձայնության եկան: Բայց հստակ է, որ մեկ-երկու օրվա ընթացքում արդեն 400-ից ավելի ԲՀԿ անդամներ էին ձերբակալվել: Ու ինչքան հասկանում եմ՝ այդ անդամներին արդեն բաց են թողել: Խնդիրն այն չէ` ձերբակալել հնարավոր էր, թե ոչ, ուղղակի հստակ է, որ դա քաղաքական հետապնդում էր: Չեմ բացառում նաեւ, որ առանձին հանդիպման ժամանակ շատ արմատական կեցվածք որդեգրած լինի իշխանությունը` սպառնալով, որ կարող է վնասներ տալ նրա (Ծառուկյանի Ս. Գ.) ընտանիքին, ազգին, բարեկամությանը, ամեն ինչին:
-Բայց Գագիկ Ծառուկյանը գիտակցում էր, որ ինքն առճակատման է գնալու ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի հետ ու պետք է սպասեր, որ իր ու իր մտերիմների հետ այդպես էին վարվելու: Ի վերջո, Գ. Ծառուկյանն ընդունել էր այն մարտահրավերը, որը նրան նետեց Սերժ Սարգսյանը:
-Այդ հարցն ուղղեք պարոն Ծառուկյանին, ես միշտ էլ իմ ելույթներում նշել եմ, որ մենք պետք է դասեր քաղենք մեր սխալներից ու պետք է ունենանք բոլոր տարբերակների հնարավոր զարգացման հակաքայլը: Թե՛ 1996 թվականին, թե՛ 2008 թվականին, թե՛ 2013 թվականին, երբ իշխանությունն ասում է` մենք ձեզ կջնջենք եւ զորք, զենք է հանում, իսկապես, շատ մարդկային է` մտածենք՝ գնա՞լ, թե՞ չէ: Բայց այսքանից հետո պետք է նաեւ հասկանանք, որ եթե քաղաքական գործիչն ասում է` պետք է գնամ վերջնական, արմատական փոփոխությունների եւ ռեժիմի տապալման, պետք է նկատի ունենա, որ հնարավոր են նաեւ նման տարբերակներ, ու ինքը պետք է դրան պատրաստ լինի: Կամ եթե անգամ պատրաստ չի դրան, պետք է որոշակիորեն խմբագրի իր խոսքը:
-Իսկ ինչո՞ւ պայքարի կեսից հետ կանգնեց նաեւ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ձեր կուսակցության համար հասկանալի՞ է, թե ինչու նա Ր. Հովհաննիսյանի հետ Ազատության հրապարակում չէր:
-Երբ պարզվեց, որ մի կողմից արմատական փոփոխություն, իշխանափոխություն են պահանջում, բայց մյուս կողմից՝ արդեն պատրաստի նամակը… այդպես քաղաքականության մեջ չի լինում: Մենք եռյակում ենք, տեղից չենք շարժվել, բայց երբեք չենք պատկերացրել, որ իշխանությունների նկատմամբ շատ արմատական կեցվածք ես որդեգրում, իսկ մյուս գրպանում ունես նամակ, որ գալիս եմ քեզ հետ շատ բարեկամաբար՝ որպես հանձնաժողովի անդամ, քննակել ապրիլի 24-ի դեպքերը: Ես կարծում եմ, որ առաջիկայում այս թվացյալ, բայց աղմկոտ հանգիստը… թվում է՝ լուռ է, բայց պայքար կա: Անձերով ոչինչ չի ավարտվում:
-Բայց անհասկանալի է նաեւ Ր. Հովհաննիսյանի օրակարգը…
-Հիմա, որ փորձենք միանգամից հայեցակետ ներկայացնել, ռազմավարություն, մարտավարություն, կարծում եմ՝ ճիշտ չի լինի, պետք է ամբողջական հասկանալ, թե ինչ կատարվեց, ու ով որտեղ է կանգնած:
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՐԱՖՖԻՆ ԱՐԳԵԼԵՑ ԽՈՍԵԼ
«Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը երեկ Ազատության հրապարակ էր եկել՝ մասնակցելու «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի անցկացրած հանրահավաքին: Ար. Հարությունյանը, մոտենալով Ր. Հովհաննիսյանին, ասաց, որ ինքը ցանկանում է ելույթ ունենալ: Սակայն Ր. Հովհաննիսյանը նրան ձայն չտվեց՝ հորդորելով հաջորդ ուրբաթ գալ Ազատության հրապարակ: Ար. Հարությունյանը Հովհաննիսյանի խոսքերից վրդովվեց ու անմիջապես հեռացավ Ազատության հրապարակից: «Ժողովուրդ»-ը փորձեց Արամ Հարությունյանից պարզել, թե ինչ էր ցանկանում ասել, որի հնարավորությունը, սակայն, Ր. Հովհաննիսյանը չտվեց:
-Սա համաժողովրդական շարժման հրավիրած հանրահավքն էր, ու ես եկել էի որպես հասարակ քաղաքացի, որը մտահոգված է այն իրավիճակով, որը ստեղծվել է այսօր: Ըստ էության, իշխանությունը քաղաքական տեռոր է իրականացնում, Սերժ Սարգսյանը քաղաքական տեռորիստ է, Գագիկ Ծառուկյանն էլ պատանդ է, նաեւ՝ մեր հայ ժողովուրդը: Այսօր պետք է, որ լինի իսկապես համաժողովրդական շարժում, իսկ այսօր ձայն չեն տալիս խոսելու: Ես պետք է իմ ելույթում նշեի, որ Սերժ Սարգսյանը քաղաքական տեռորիստ է, ես բազմիցս ասել եմ, որ Սերժ Սարգսյանին չի կարող հաղթել որեւէ օլիգարխ, քանի որ Ս. Սարգսյանն ամենամեծ օլիգարխն է: Չի կարող հաղթել որեւէ կուսակցություն, քանի որ ինքը շատ արագ կդառնա այդ կուսակցության նախագահը, ու այս իրավիճակները բերելու են Սերժ Սարգսյանի իշխանության երկարաձգմանը: Մենք չգիտենք, թե այսօր ինչ կարգավիճակում է Գագիկ Ծառուկյանը, որովհետեւ, կրկնում եմ, այս իշխանությունը պատրաստ է ամեն ինչի՝ իշխանությունը պահելու համար:
-Իսկ Ձեզ համար հասկանալի՞ էր, թե ինչու Րաֆֆի Հովհաննիսյանը Ձեզ ձայն չտվեց:
-Ես չգիտեմ, մենք այնտեղ հավաքվել էինք՝ ժողովրդին խոսք ասելու համար, եթե այնտեղ պետք է պահանջենք Պուտինի հրաժարականը, ԵՏՄ-ի անդամակցության դադարեցումը եւ այլն, ապա դա նշանակում է, որ կրկին պետք է խաբենք ժողովրդին: Ես ընդամենը ուզում էի ասել, որ մենք իսկապես պետք է համախմբվենք, կապ չունի կուսակցական պատկանելիությունը, մենք պետք է ժողովրդին կոչ անենք միավորվելու մեկ գաղափարի շուրջ: Խոսք ասելու խնդիր կա, իսկ դրա տեղն էլ Ազատության հրապարակն է: Ես որպես կուսակցության նախագահ չէի եկել Ազատության հրապարակ, եկել էի որպես մարդ, որը Հայաստանի քաղաքացիներից մեկն է:
-Դուք այն տեսակետին եք, որ պետք է ժողովուրդը համախմբվի Ր. Հովհաննիսյանի շուրջ, արդյո՞ք ժողովուրդը կրկին կհավատա նրան:
-Եթե մենք հավաքվենք մեկի շուրջ, կարող է այդ մեկը գնալ տուն, շուրջ չպետք է լինի, պետք է համախմբվել: Ի՞նչ է նշանակում մյուս ուրբաթ, ես չեմ ուզում վիրավորել, բայց իրականությունը դա է, ես ուզում էի անգամ Ազատության հրապարակ իմ ընտանիքով գալ: Ես գտնում եմ, որ Սերժ Սարգսյանն իսկապես չարիք է մեր երկրի համար, որքան շուտ մենք այդ չարիքից ազատվենք, այնքան լավ կլինի:
Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
ԿՔՆՆԱՐԿԻ ՀԷՑ-Ի ԾՐԱԳԻՐԸ
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր՝ փետրվարի 25-ի նիստում կքննարկի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի՝ 2015 թվականի ներդրումային ծրագիրը: Ըստ ներկայացված նախագծի՝ այն կազմում է 8 մլրդ 372 մլն 50 հազար դրամ` առանց ԱԱՀ-ի: Այս ծրագրով ՀԷՑ-ը հոսանքազրկումների միջին տեւողության եւ հաճախականության ցուցանիշները պահպանելու, անվտանգությունն ապահովելու եւ մաշված սարքավորումները փոխարինելու նպատակով կծախսի 2 մլրդ 17 մլն 510 հազար դրամ: Նոր սպառողների միացման եւ հատուկ ծրագրերի իրականացման համար ՀԷՑ-ը ծախսելու է 5 մլրդ 38 մլն 650 հազար դրամ: ՀԷՑ-ը պարտավորվում է նաեւ առեւտրային հաշվառման համակարգը բարելավելու համար հատկացնել 372 մլն 42 հազար դրամ, բաշխիչ ցանցերի շահագործման կազմակերպման, այլ ուղղություններով իրականացվելիք ներդրումների համար կներդնի 591 մլն 29 հազար դրամ: Ենթադրվում է, որ ՀԾԿ հանձնաժողովը կհաստատի ՀԷՑ-ի ներդրումային պլանը: Նկատենք, որ ՀԷՑ-ը յուրաքանչյուր տարի ներկայացնում է ընկերության ներդրումային ծրագիրը, իսկ թե որքանով է դրանից բարելավվում ընկերության ծառայությունները, սպառողներն իրենց մաշկի վրա են զգում:
ԻԲՐ ՊԱՀՊԱՆՈՒՄ ԵՆ
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի հետ նախորդ տարվա դեկտեմբերի 31-ին կնքած պայմանագրով «Անտառպահպանական ծառայություններ» ծրագիրն իրականացնելու համար հատկացրել է 971 մլն 822 հազար 300 դրամ: Ծրագրի նպատակը Հայաստանի անտառների պահպանության աշխատանքների կատարման ապահովումն է: Ծրագրի իրականացումը հնարավորություն է տալիս ունենալ 344.2 հազար հեկտար ապօրինի հատումներից, արածեցումներից, ապօրինի զավթումներից եւ հրդեհներից պահպանված անտառային հողեր: Մինչդեռ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական տեսչության կողմից ամսվա մեջ մի քանի անգամ ապօրինի անտառհատման դեպքեր են արձանագրվում, եւ հարց է ծագում՝ որտե՞ղ են գնում այդ գումարները:
ԴԱՏԱԽԱԶԻ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ
Փետրվարի սկզբին Կոտայքի մարզի դատախազ նշանակված Վիգեն Միլիտոնյանը հայտարարագրել է մեկ շինություն, որի նկատմամբ սեփականության իրավունքը դեռեւս պաշտոնապես գրանցված չէ: Նորանշանակ մարզային դատախազը հայտարարագրել է մեկ ավտոմեքենա` «Լեքսուս GX 470» մակնիշի: Վերջինիս հայտարարագրած դրամական միջոցներն են 10 միլիոն դրամ եւ 50 հազար դոլար: Իսկ նրա վերջին մեկ տարվա աշխատավարձը կազմել է 5 միլիոն 720 հազար դրամ: Ի դեպ, Կոտայքի մարզի դատախազի պաշտոնը թափուր էր դեռեւս անցած տարվա դեկտեմբերից, այն բանից հետո, երբ նախորդ դատախազը` Վազգեն Ռշտունին, նշանակվեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր: