Այն, որ Սերժ Սարգսյանին անվստահություն հայտնելու մասին ԱԺ որոշման նախագիծը խորհրդարանի պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի հավանությանը չէր արժանանալու, ակնհայտ էր նաեւ հեղինակին՝ Նիկոլ Փաշինյանին:
Բայց նա այդ անհրաժեշտությունն այսպես բացատրեց. «Մեզ համար Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու նախագիծը մեկնարկային գործոնի նշանակություն ունի, եւ վերջին օրերի քաղաքական շոկի ֆոնին «Քաղաքացիական պայմանագիր» միավորումը հարկ է համարում վերահաստատել, որ Հայաստանում հաստատված կոռումպացված իշխանության հեռացումը՝ Սերժ Սարգսյանին, նրա իշխանության առանցքային դերակատարներին, 2008 թ. Մարտի 1-ի ոճրագործության մյուս կազմակերպիչներին եւ կատարողներին իրավական եւ քաղաքական պատասխանատվության ենթարկելը, լինելու է ապագա քաղաքական գործունեության առանցքային խնդիրներից մեկը: Այս նախագիծը պետք է քաղաքացիներին ուղղված հստակ ուղերձ դառնա, որ Հայստանում ինստիտուցիոնալ ընդդիմության ձեւավորման մեկնարկը տրված է, նոր ինստիտուցիոնալ ընդդիմության ձեւավորման ժամանակը հասունացել է, եւ որ մենք անշեղորեն ընթանալու ենք հենց այդ ուղղությամբ, ազատ եւ երջանիկ Հայաստան կառուցելու մեր հանձնառությանը հավատարիմ»:
Այն, որ իշխող ՀՀԿ-ն ինչ-որ կերպ փորձելու էր հակազդել նախագծին, դժվար չէր կռահել, սակայն սպորտային հետաքրքրությունը կայանում էր նրանում, թե ինչպես կամ ինչ գործիքի միջոցով պետք է դա անեին: Պարզվեց՝ գործիքը ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Վահրամ Մկրտչյանն էր: Ի դեպ, վերջինս, ինչպես հայտնի է, վերջերս է ՀՀԿ անդամ դարձել, մինչ այդ նա նախ՝ եղել է ԱԺՄ, այնուհետեւ՝ ՀԺԱՄ անդամ: Վահրամ Մկրտչյանին ընդունված է համարել «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի ներկայացուցիչը կամ, ինչպես լրագրողներն են ասում, «Ֆլեշի Բարսեղի ժուչոկը» խորհրդարանում: Վերջինս հայտարարեց, թե նախագիծը սխալ է կազմված, քանի որ որոշման նախագիծը վերնագրված է «ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին»: Մկրտչյանը հայտարարեց, որ Սահմանադրությունը նախագահի պաշտոնանկություն է նախատեսում, իսկ «նախագահի պաշտոն զբաղեցնողի» ձեւակերպում Սահմանադրությունում չկա: Սահմանադրությունում ոչինչ գրված չէ այն մասին, որ մարդը կարող է առանց ընտրվելու զբաղեցնել նախագահի պաշտոնը, ինչպես որ ներկայումս է:
Ինչեւէ, եթե մինչեւ նախագծի քննարկումը որեւէ մեկն ասեր, որ Սերժ Սարգսյանի հաջորդ պաշտպանը լինելու է ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը եւ նա ավելի ագրեսիվ ու ինքնամոռաց ձեւով է փորձելու նախագծի դեմ պայքարել, դժվար թե որեւէ մեկի մտքով անցներ: Իհարկե, հաշվի առնելով Ջհանգիրյանի կենսագրությունը՝ հասկանալի է, որ նրանից ամեն ինչ սպասելի է, սակայն ոչ այդքան ինքնամոռաց եւ ինքնազոհաբար: «Քանի որ ես իրավաբան եմ, իսկ անվստահության, իմպիչմենտի ինստիտուտը ճնշող մասով վերաբերում է իրավագիտությանը, հատկապես այստեղ խոսքը գնում է քրեական իրավունքի ոլորտի մասին, ուստի ես պետք է արձանագրեմ, որ որոշման նախագիծը իրավաբանորեն անգրագիտություն է, ուստի ես չեմ կարող կողմ քվեարկել այս որոշման նախագծին»,- հայտարարեց նախկին գլխավոր դատախազը: Նա այսքանով եզրափակեց իր խոսքը, ոչ մի փաստարկ, ոչ մի պարզաբանում:
«Պարո՛ն Ջհանգիրյան, ես հասկանում եմ, որ գլխավոր դատախազ դառնալու Ձեր երազանքի իրականացումն ընդամենը մեկ օր առաջ փլուզվել է: Այդ երազանքն իրականացնելու համար Դուք հիմա նոր սցենարներ եք կազմում, գծագրում եւ նոր տեղերում հայտնվելու անհրաժեշտություն ունեք ու այսօր արեցիք առաջին քայլը, ինչի կապակցությամբ Ձեզ շնորհավորում եմ»,- պատասխանեց Նիկոլ Փաշինյանը: Այս պատասխանը լսելուց հետո Ջհանգիրյանը վեր կացավ եւ հեռացավ նիստերի դահլիճից:
«Էս բոլորը, այդ թվում՝ Ջհանգիրյանն ու իր կուսակիցները, սկսել են Սերժ Սարգսյանին ընդունել որպես հանրապետության նախագահ: Ես ասել եմ ու էլի կրկնում եմ, որ Սերժ Սարգսյան անունով Հայաստանի Հանրապետության Նախագահ չեմ ճանաչել եւ չեմ ճանաչելու` նույնիսկ նրան պաշտոնանկության ենթարկելու համար: Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության նախագահ չէ, այլ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող անձ: Եթե Ջհանգիրյանը եւ «մեծարգո» Սերժ Սարգսյանին նամակ գրող նրա գործընկերները նրան ընդունում են որպես հանրապետության նախագահ, դա իրենց խնդիրն է: Թող գնան, բաց նամակներ գրեն, փակ նամակներ գրեն, խորհրդապահական խողովակներով շփվեն, ջան ասեն, ջան լսեն, հիշեն իրենց հին օրերը»,- շարունակելով խոսքն՝ ասաց Նիկոլ Փաշինյանը: Ի դեպ, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը ռեպլիկի կարգով Ջհանգիրյանի գնահատականը կարեւորելու համար հիշեցրեց, որ նա իրավական գիտությունների դոկտոր է: «Ասում են՝ Ջհանգիրյանը դոկտոր է, է, Լիսկան էլ դոկտոր-պրոֆեսոր է»,- նետեց Փաշինյանը:
Ի դեպ, ամենեւին էլ պատահական չէր, որ Գագիկ Ջհանգիրյանը չասաց, թե իմպիչմենտի նախագծում ինչն իր սրտով չէր:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ՀՀԿ ԿԱՆԱՅՔ ՈՒ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀԿ կանանց խորհրդի ներկայացուցիչներն այս հանգստյան օրերին նիստ են անցկացնելու Ծաղկաձորում: Նախատեսված է, որ Սերժ Սարգսյանը եւս ներկա կլինի այդ նիստերից որեւէ մեկին: Սակայն դեռեւս հստակեցված չէ, թե կոնկրետ որ օրը նա կմիանա ՀՀԿ տիկնանց` այսօր թե վաղը: Նշենք նաեւ, որ ՀՀԿ կանանց խորհրդի անդամների եւ Սերժ Սարգսյանի հանդիպումը վաղուց է պլանավորված եղել: Սակայն օրը նշանակվել է ՀՀԿ խորհրդի վերջին՝ փետրվարի 12-ի նիստի ժամանակ:
Հիշեցնենք, որ ՀՀԿ խորհրդի հենց այդ նիստում Սերժ Սարգսյանը լուտանքներ թափեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գլխին եւ նրան «պատերազմ» հայտարարեց: Ուստի ի սկզբանե նախատեսված է եղել, որ Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ի տիկնանց եւս պետք է ինստրուկտաժ աներ եւ լծեր ԲՀԿ-ին ու նրա առաջնորդին անխնա «քլնգելու» գործին, որպեսզի ԲՀԿ մարզային կառույցների կանայք դուրս գան ԲՀԿ շարքերից ու միանան ՀՀԿ-ին: Սակայն շաբաթն ուրբաթից շուտ եկավ, եւ Գագիկ Ծառուկյանն ընդամենը հինգ օր դիմանալուց հետո հանձնվեց: Ուստի կարելի է ենթադրել, որ ՀՀԿ-ի տիկնայք հանգստյան օրերին Ծաղկաձորում մեծ հաշվով անելիք չեն ունենա եւ հիմնականում կհանգստանան: Հիշեցնենք, որ ՀՀԿ կանանց խորհրդի նախագահը ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն է:
ՍՐՏՆԵՐԸ ՆՈՐ ԱՎՏՈ Է ՈՒԶՈՒՄ
ՀՀ ԱԺ աշխատակազմը նախատեսում է երեք հատ նոր ծառայողական ավտոմեքենա գնել: Համապատասխան մրցույթին մասնակցելու հրավերը հրապարակվել է երկու օր առաջ` փետրվարի 18-ին: Ըստ այդ հայտարարության՝ մրցույթին մասնակիցների հայտերի ներկայացման վերջնաժամկետը մարտի 2-ն է: Նշված օրը՝ առավոտյան ժամը 10-ին, ներկայացված հայտերը կբացվեն: Ի դեպ, ԱԺ աշխատակազմը ընդունելու է միայն այն հայտերը, որոնցով միանգամից երեք ավտոմեքենաներ կառաջարկվեն, եւ մրցույթային գինն էլ կվերաբերի բոլոր երեք ավտոմեքենաներին: Իսկ առանձին մեկական կամ երկու ավտոմեքենայի մատակարարման հայտերը չեն ընդունվի: Հրապարակված հայտում չի հստակեցվում, թե ԱԺ աշխատակազմը կոնկրետ ինչպիսի եւ ինչ արժողությամբ ավտոմեքենաներ է ցանկանում գնել: Հիշեցնենք, որ Աժ ավտոմեքենաների պարկը վաղուց թարմացվել է, եւ դրա մեծ մասը բաղկացած է նոր գնված թանկարժեք «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներից:
ՏԵՂԱՇԱՐԺ
«Տոնուս» շինարարական ընկերության գործով կարծես թե դրական տեղաշարժ կա: «Ժողովուրդ»-ը «Տոնուս»-ից տուժած բնակիչներից տեղեկացավ, որ այս պահին դատարանում գտնվող գործում սպասվում են փոփոխություններ: Մասնավորապես ակնկալվում է, որ «Արցախբանկ»-ը գրավադրումից կհանի Փափազյան 118/1 եւ Դավիթաշեն 2-րդ թաղամասում կառուցված շենքերը, եւ դրանց շինարարությունը կշարունակվի ու ավարտին կհասցվի:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ՀԱՎԱՍԱՐԱԶՈՐ ԵՆ
Սերժ Սարգսյանը երեկ հանդիպում է ունեցել Հայաստանում հավատարմագրված ԵԱՀԿ մասնակից պետությունների դեսպանների հետ: Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին` նա եւս մեկ անգամ ընդգծել է տարբեր առիթներով բազմիցս հրապարակված Հայաստանի այն դիրքորոշումը, ըստ որի՝ միջազգային իրավունքի եւ Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքները չեն կարող կամայականորեն մեկնաբանվել, եւ դրանցից որեւէ մեկը չի կարող գերակայող լինել մյուսի նկատմամբ:
ՈՒՇԱԳՐԱՎ ՀԱՆԴԻՊՈՒՄ
168.am-ի տեղեկություններով՝ վերջերս Սերժ Սարգսյանի հետ հանդիպել է գործարար Խաչատուր Սուքիասյանը: Հանդիպելու նախաձեռնությունը եղել է գործարարի կողմից՝ ինչ-որ հարցեր քննարկելու նպատակով: Կայքի հարցին ի պատասխան` Սուքիասյանի օգնականն ասել է, որ հանդիպումը կայացել է փետրվարի 7-ին, եւ քննարկվել են տնտեսական հարցեր:
ՀՈՒԺԿՈՒ ՍՊԱՍԵԼԻՔ
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը երեկ հայտարարել է, թե. «Մարտի 1-ին կլինի շատ հուժկու հանրահավաք»: Պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք Գագիկ Ծառուկյան «չարիքն» այս օրերին վերացա՞վ քաղաքական դաշտից, Գ. Ջհանգիրյանն ասել է, թե դրա հետ կապված ՀԱԿ-ի տեսակետը բարձրաձայնված է, եւ ինքն ամբողջովին կիսում է այն:
ԽԱՌՆԱԿԻՉՆԵՐ ՉԻ ՏԵՍԵԼ
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը չի կարծում, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նահանջի պատճառը հարկային պարտականությունները չկատարելն է: «Ինձ հասած տեղեկությունների համաձայն՝ այս առումով վերջին շրջանում առաջխաղացում է եղել: Ինքն օրինավոր հարկ մուծող է եղել եւ մեծ ծավալով մուծումներ է արել: Թե ինչն է պատճառը, որեւէ մեկը չի կարող եզրակացնել»,- ասել է Մարտիրոսյանը: Պատասխանելով Armlur.am-ի հարցին՝ ԲՀԿ-ի ներսում այս ընթացքում խառնակիչներ տեսե՞լ եք, Մարտիրոսյանը բացասական պատասխան է տվել: Հիշեցնենք, որ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը նշել էր, թե ԲՀԿ-ի ներսում խառնակիչներ կան: