Կիրակի օրը լրանալու է Մարտի 1-ի ողբերգության 7-րդ տարելիցը: Մարտի 1-ին սպանված Տիգրան Խաչատրյանի մայրը` Ալլա Հովհաննիսյանը, որն արդեն մի քանի տարի է, հրաժարվելով ՀՀ քաղաքացիությունից, ապրում է Եվրոպայում, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ մտադրություն է ունեցել վերադառնալ Հայաստան` հույսեր կապելով ընդդիմության պայքարի, փետրվարի 20-ին հրավիրած եռյակի հանրահավաքի հետ, սակայն դրա չեղարկման պատճառով հասկացել է, որ Հայաստանում իրավիճակը չի փոխվել:
-Տիկի՛ն Ալլա, 2008 թվականի Մարտի 1-ի արյունալի դեպքերից 7 տարի է անցել, սակայն մինչ այսօր ՀՀ իշխանությունները չեն բացահայտել, թե ովքե՞ր են կատարվածի մեղավորները: Ըստ Ձեզ՝ մինչեւ ե՞րբ է այս իրավիճակը շարունակվելու, ե՞րբ կբացահայտվեն 10 անմեղ զոհերի վրա կրակողների եւ կրակելու հրահանգ տվողների անունները:
-Կոնկրետ ինձ համար Մարտի 1-ի դեպքերը բացահայտված են, եթե դեռեւս սկզբում կային մարդիկ, ուժեր, որ մեզ համոզում էին, թե Ռոբերտ Քոչարյանն է Մարտի 1-ի առաջին ու գլխավոր պատասխանատուն, ապա ես այսօր համոզված եմ՝ գլխավոր պատասխանատուն Սերժ Սարգսյանն է: 7 տարի շարունակ, նա զավթելով աթոռը, թույլ չի տալիս, որ բացահայտվի Մարտի 1-ը: Վաղուց Մարտի 1-ը բացահայտված է, ուղղակի արդարադատությունը, դատական գործընթացները կլինեն միայն այն դեպքում, երբ որ իշխանափոխություն լինի: Դա է պատճառը, որ մենք այսօր որեւէ բան չունենք, իշխանությունը բռնազավթված է այն մարդու կողմից, ով Մարտի 1-ի գլխավոր պատասխանատուն է:
-Նշեցիք, որ ՀՀ իշխանությունները չեն ցանկանում բացահայտել Մարտի 1-ի մեղավորներին, քանի որ հանցագործը հենց իրենք են, բայց ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը հանձնարարել է կրկին ուսումնասիրել գործը: Եթե իշխանությունը չի ցանկանում բացահայտել կատարվածը, այդ դեպքում գործին կրկին ընթացք տալու նպատակը ո՞րն է:
-Ես տեղակացա, որ ՄԱԿ-ից ՀՀ իշխանություններին այդ հարցի հետ կապված նամակ է ուղարկվել, որտեղ հարցադրված է, թե ինչու չեն բացահայտվում Մարտի 1-ի սպանությունները, ուստի դա բեմականացում է` միջազգային ատյաններին ցույց տալու համար: Գեւորգ Կոստանյանը շատ հեշտությամբ կարող է բացահայտել, բայց նրան որեւէ մեկը թույլ չի տա: Միգուցե ինքը որեւէ առնչություն չունի Մարտի 1-ի հետ ու կուզենար բացահայտել, բայց նրան որեւէ մեկը դա թույլ չի տա: Դա ուղղակի շոու է, որը կազմակերպել են միջազգային կազմակերպությունների համար:
-Մարտի 1-ի զոհերի հարազատներն ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանին մեղադրել են այն բանի մեջ, որ իբրեւ թե պատգամավորը մոռացել է Մարտի 1-ի իրադարձությունների բացահայտման գործընթացին հետամուտ լինելու խոստումն ու ԱԺ ամբիոնից դրա մասին չի բարձրաձայնում: Դուք կիսո՞ւմ եք նրանց տեսակետը, արդյո՞ք պատգամավորն այդ հարցում «ակտիվ» չէ, ու, ընդանրապես, ըստ Ձեզ՝ ՀԱԿ-ը հետամո՞ւտ է այդ գործի բացահայտմանը:
-Գիտեք ինչ, ես չեմ ցանկանում այն մարդկանց, ում հետ ճանապարհ ենք անեցել, մեղադրել, այդ մարդկանց հասցեին ինչ-որ խոսքեր ասել: Միայն ես մի բան կասեմ, որ ինքս զգացել եմ. առաջին տարիներին շատ ավելի հետամուտ էին Մարտի 1-ի դեպքերին, հիշում էին զոհվածների ծննդյան օրերը: Հիմա կարծես թե պասիվացել են, բայց ես չգիտեմ՝ պատճառը ո՞րն է: Ես նաեւ կարծում եմ, որ զոհվածի մայրը չպետք է ինչ-որ մի ուժի պաշտպանի, հնարավոր չէ, որ որեւէ մայր իր սրտի խոսքը ճիշտ չասի, կողմնակալ լինի: Ես ասում եմ այն, ինչ զգացել եմ, հունվարի 31-ին իմ տղայի 30-ամյակն էր, բայց…. Ես ներքուստ զգացել եմ, որ այն ժամանակ ուրիշ է եղել: Այլ բան ես չեմ ուզում ասել, ժամանակը ցույց կտա: Այսօր ինձ համար մի բան հստակ է. ով որ ռեալ իշխանափոխության պահանջ է դնում, իմ համար ինքն այսօր իրական ընդդիմություն է, որովհետեւ ինձ համար իշխանափոխությունը նախ իմ երեխայի սպանության բացահայտման խնդիրն է: Ես արդեն նշեցի, որ մինչեւ իշխանափոխություն չլինի, սպանությունները չեն բացահայտվելու, ես այդպես եմ դիտարկում:
-Իսկ հնարավո՞ր է՝ Դուք այդ պահանջով վերադառնաք Հայաստան…
-Ես Հայաստան վերադառնալու շատ մեծ ցանկություն ունեմ, շատ-շատ մեծ, ես Հայաստանով եմ ապրում, ուզում եմ Հայաստանում լինել ու մասնակցել այդ գործընթացներին, բայց քանի Սերժ Սարգսյանի նմանը զավթել է աթոռը, ես ինձ լավ եմ զգում, որ իր դեմքը չեմ տեսնում հեռուստացույցը միացնելիս: Եթե իրական պայքար սկսվի, իրական շունչը պայքարի: Ա՛յ, երբ ԲՀԿ-ն դուրս էր եկել, ու մտածում էի, որ կարող են հանրահավաքներ սկսվել, այստեղ ես ծրագրում էի, թե ում կարող եմ դիմել, որ վերադառնամ: Բայց քանի դեռ ես տեսնում եմ, որ ընդդիմությունը բաժանված է, այդ իշխանությունների երեսը տեսնել չեմ ուզում: Ինքը Ցեղասպանության հարցն է բարձրացնում այն դեպքում, երբ որ ինքն իր երկրում ցեղասպանություն է իրականացրել ժողովրդի հանդեպ: Այս պահին ինքը Ռ. Քոչարյանից վատն է:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ