ԵԿԵ՛Ք ԱՂՈԹԵՆՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Իրանում տեղի ունեցած երկրաշարժը, որը զգացվեց նույնիսկ Երեւանում, այսօր մտահոգությունների լուրջ առիթ է տվել: Սյունիքի մարզի բնակիչները արդեն մի քանի օր է՝ վախենում են վերադառնալ իրենց բնակարանները: Արդյունքում՝ մարդիկ ստիպված գիշերում են դրսում՝ մեքենաների մեջ կամ էլ հարակից գյուղերի բարեկամների տանը: 
Կատարվածից  խիստ անհանգստացել են նաեւ մայրաքաղաքի բնակիչները: Տագնապած են, քանի որ բոլորն են գիտակցում՝ ապրում ենք սեյսմիկ առումով անկայուն գոտում, որտեղ սեյսմակայունության տեսանկյունից լուրջ վտանգ են ներկայացնում նաեւ բնակելի շենքերը: Սեյսմոլոգ Վլադիմիր Բալասանյանը երեկ, հանդիպելով  լրագրողներին, բավական մռայլ կանխատեսումներ  է արել: “Ի՞նչ անեն սեյսմոլոգները, երբ Հայաստանի, երեւանյան շենքերի մոտ 70-80%-ը խորհրդային կառույցներ են եւ գտնվում են շատ վատ վիճակում”,-ասել է նա՝ հավելելով, որ եթե հաջորդ երկրաշարժը լինի Հայաստանում՝ մայրաքաղաքի մոտ, ապա Երեւանի բնակֆոնդի մոտ 80%-ը լիովին կփլուզվի:

ՀԱՐՑ. Մտավախություն չունե՞ք, քանի որ եթե երկրաշարժի ալիքը հասնի Երեւան, հետեւանքներն անկանխատեսելի կլինեն:
ՊԱՏԱՍԽԱՆ. Ո՞վ կարող է չմտահոգվել: Այնպիսի շենքեր են կառուցել, այնքան անիմաստ, այնքան խիտ ու բարձրահարկ, որ սոսկալի բան կլինի, եթե Երեւանում երկրաշարժ գրանցվի: Աստված մի արասցե, նման բան լինի, նման բաներից մի՛ խոսեք, եկե՛ք ազգովի աղոթենք, որ նման բան չլինի: Իսկ վերջին այս ցնցումները չեմ զգացել: 
ՍՈՒՐԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Երեւանի նախկին քաղաքապետ, 
“Հանրապետություն” կուսակցության քաղխորհրդի անդամ
ՊԱՏԱՍԽԱՆ. Ցավալի իրողություն է, որ Հայաստանն իր աշխարհագրական դիրքով 100-տոկոսանոց սեյսմիկ գոտում է գտնվում, եւ մեր հանրապետության սեյսմիկ անվտանգությունը պարզապես մեր ազգային անվտանգության օրակարգի կարեւորագույն խնդիրն է: Ցավոք, նույնիսկ 88-ի երկրաշարժը մեզ դաս չի լինում, եւ շարունակում ենք գերծանրաբեռնել մայրաքաղաքն ու հատկապես նրա կենտրոնը, որը սեյսմիկ առումով ամենաանբարենպաստն է (9 բալ): Կառուցապատումն իրականացվում է սեյսմիկ շինարարության նորմերի խախտումով, առանց ժամանակակից ինժեներաերկրաբանական քարտեզի, իսկ երկրաբանական քարտեզները 1980թ-ից մինչ այսօր չեն թարմացվել: Ավելացնեմ նաեւ, որ մայրաքաղաքի բնակֆոնդի 70%-ը սեյսմակայուն չէ, որովհետեւ այն խորհրդային շրջանի ժառանգություն է` կառուցված 6-7-բալանոց երկրաշարժերի հաշվարկով: Վթարային շենքերն ամրացնելու փոխարեն թույլատրվում է նկուղները քանդել կամ հարկեր ավելացնել, եւ դժվար չէ եզրակացնել, թե 7-8-բալանոց երկրաշարժերի դեպքում ինչ պատկեր է սպասվում: Մեր աշխարհաքաղաքական գոտին անհրաժեշտաբար պարտադրում է, որ սեյսմակայուն շինարարությունը եւ քաղաքաշինական նորմերի սահմանումն ու դրանց վերահսկողությունն իրականացվեն սեյսմիկ ռիսկերի հաշվառումով:
ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆ
ՀՅԴ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր
ՊԱՏԱՍԽԱՆ. Հիմա լավ սեյսմիկ կայունություն ունեցող շենքեր են կառուցվում, մենք նաեւ ունենք ԱԻՆ, որը բավական լավ է իրականացնում իր ծառայությունները: Մի բան կարող եմ ասել, որ ոչ ոք չի կարող կանխատեսել երկրաշարժը, ու նշեմ նաեւ, որ բացարձակ մտավախություն չունեմ: Ես մեքենայի մեջ էի, երբ ինձ զանգահարեցին եւ ասեցին, որ Երեւանում երկրաշարժ է գրանցվել, այնուհետեւ հետցնցումները զգացի:
ԷԴԻԿ ԲԱՐՍԵՂՅԱՆ
Արարատի մարզպետ, ՀՀ փրկարար ծառայության նախկին տնօրեն
Պատրաստեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ




Լրահոս