Գողին որոնելիս բացահայտվեց մեկ այլ հանցագործություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Օգոստոսի 22-ին, ժամը 14.45-ին, Լեհաստանի Հանրապետության մի քաղաքացի ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում է տվել, որ գիշերն անհայտ անձինք Կարճաղբյուր գյուղի հարակից Սևանա լճի ափամերձ հատվածում կայանված իր “YAMAHA” մակնիշի մոտոցիկլետի բեռնախցիկից գողացել են մոտոցիկլավարի կոմպլեկտ հագուստը և մոտոցիկլետի վերանորոգման գործիքները` պատճառելով շուրջ 400 դոլարի նյութական վնաս:
Փաստի առթիվ նույն օրը քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:
Գողության բացահայտման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների շրջանակներում ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Վարդենիսի բաժնի ծառայողները օգոստոսի 22-ին, ժամը 22.55-ին, Վանևան գյուղի ճանապարհին կանգնեցրել են 1969թ. ծնված Ատոմ Մ-ի վարած “ԳԱԶ-24” մակնիշի ավտոմեքենան: Թողնելով ավտոմեքենան` վարորդը դիմել է փախուստի:
Ավտոմեքենայի զննությամբ փոխանցման տուփի հատվածից հայտնաբերվել է 8գ կանեփանման չորացված զանգված: Ձեռնարկվում են միջոցառումներ Ատոմ Մ-ին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս