Դերասանուհի, հաղորդավարուհի, նախկին մոդել, «Աննա», «Քաղցր կյանք», «Կյանքի կարուսել», «Գեներալի աղջիկը» հեռուստասերիալներից հայտնի դարձած Արեւիկ Գեւորգյանն առաջին հայացքից տարօրինակ մի երազանք ունի` հանդես գալ տղամարդու կերպարում: Նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշել է, որ այն մեծ հեղինակների ստեղծագործությունները, որոնցով «հիվանդացած» է, տղամարդիկ են, ուստի մեծ ցանկություն է առաջանում անձամբ կերտել այն կերպարները, որոնց հնարավոր չէ չսիրահարվել…
-Արեւի՛կ, ինչո՞ւ վերջերս չեք երեւում էկրաններին եւ ինչո՞վ եք այժմ զբաղված:
-Այս տարի ուսումնական պրոցեսի մեջ եմ: Կուրսղեկիս` Ռուբեն Բաբայանի եւ Զառա Անտոնյանի հետ Պուշկինի փոքրիկ ողբերգություններն ենք վերլուծում եւ մտածում ներկայացման մասին: Հեռուստատեսություններից բազմիցս եղել են առաջարկներ, սակայն դրանք ինձ չեն հետաքրքրել, եւ չի եղել մի բան, հանուն որի կընդհատեմ ստեղծագործական պրոցեսը: Սա վերլուծություններով, հարցերով լի հետաքրքիր շրջան է, պատասխաններն էլ տանում են շատ ուրիշ եւ շատ գեղեցիկ մի աշխարհ:
-Իսկ այսօրվա հեռուստածրագրերում Ձեզ ի՞նչը չի գրավում, ի՞նչը չի հերիքում:
-Դերասանի համար շատ կարեւոր բան է` «հիվանդ լինել» այն նյութով, որի հետ ինքը պետք է աշխատի, որը պետք է «հերձի» ինքնուրույն: Հակառակ դեպքում` ավելի լավ է այդ նյութին չմոտենալ: Առհասարակ, հեռուստածրագրերում պակասում է գեղեցիկը` գեղեցիկ խոսքը, մատուցումը, բովանդակությունը… Արվեստը պետք է օդում պահել, իսկ երբ այն հավասարվում է գետնին, անգամ եթե հնարավոր է հավաքել հանդիսատես, այնուամենայնիվ, մի կարեւոր բան վնասվում է: Իհարկե, խոսքս բոլոր ծրագրերին չէ, որ վերաբերում է:
-Նշել եք, որ մշտապես երազել եք տղամարդու կերպար մարմնավորել… Որտեղի՞ց է եկել այս ցանկությունը: Հիշեցի Շերոն Սթոունի խոսքերը` մենք ինքներս դարձել ենք այն տղաները, որոնց հետ երիտասարդ տարիներին ցանկանում էինք ամուսնանալ, համաձա՞յն եք:
-Այո՛, որքան էլ տխուր է, դա փաստ է: Ուժեղ աղջիկներն ու կանայք հիմա շատ են, եւ դա բնական ընթացքից չէ. դա ցավալի է: Ուժեղ լինելը գովելի է, սակայն որոշ դեպքերում դա նաեւ խանգարում է: Յուրաքանչյուր կին փնտրում է այն միակին, որի կողքին իրեն թույլ կտա լինել թույլ: Իսկ տղամարդու կերպարով հանդես գալու մասին մտածելու համար մեղավորը գրականությունն է: Այն մեծ հեղինակների ստեղծագործությունները, որոնցով հիվանդացած եմ, տղամարդիկ են, իսկ դրանք, իհարկե, կանանց մասին են: Ուստի մեծ ցանկություն է առաջանում անձամբ կերտել այն կերպարները, որոնց հնարավոր չէ չսիրահարվել…
-Մի ժամանակ սցենար էիք գրել ռուսական մի պիեսի հիման վրա: Այդ ֆիլմն, ի վերջո, նկարահանվե՞ց: Իսկ այս տարիքում որպես սցենարիստ հանդես գալը բարդ եւ պարտավորեցնող չէ՞:
-Շատ բարդ է, պարզապես դա մի շրջան էր, երբ ունեի լավ ստեղծագործող ընկերներ եւ ուզում էինք առանց լողալ իմանալու՝ նետվել ջուրը: Մեր թիմով «նետվեցինք ջուրը», ստեղծագործեցինք, շատ բան սովորեցինք. կարեւոր փուլ էր: Ֆիլմը, որ կոչվում է «Սիրո՞ւմ ես», նախատեսված չէր լայն շերտերի համար: Գուցե այդ կարճամետրաժ ֆիլմով ներկայանանք որեւէ փառատոնի, տեսնենք:
-Արեւի՛կ, քչերը գիտեն, որ վեց տարի աշխատել եք որպես մոդել, մասնակցել մի շարք գեղեցկության մրցույթների, անգամ արժանացել եք «Միսս արքայադուստր-2010», «Միսս տաղանդ-2010», «Միսս տաղանդ-2011» տիտղոսներին: Ինչո՞ւ թողեցիք մոդելային կարիերան, եւ ի՞նչ տվեցին Ձեզ բոլոր այս մրցույթները:
-Փոքր տարիքում շատ բարդույթավորված երեխա եմ եղել, եւ այդ գործով զբաղվելու հիմնական նպատակը կոմպլեքսներից ազատվելն էր: Սակայն եկավ մի պահ, երբ այդ աշխարհն այլեւս հետաքրքիր չէր: Իսկ այդ մրցույթները ձեւավորեցին նոր հայացք, պարգեւեցին գունավոր մի շրջան եւ, վերջապես, ընկերներ:
-Դուք մարդկանց հիշողություններում տպավորվել եք որպես սերիալների տխուր աչքերով աղջիկ, ով, կարծես, այդ տխրությունն ամենեւին էլ չի խաղում…
-Դեռ փոքրուց ունեմ տխուր ու հասուն աչքեր. դա իմ բնությունն է, իսկապես, չեմ խաղում:
-Իսկ ինչպիսի՞ն պետք է լինի այն տղամարդը, ով կփայլեցնի այդ տխուր աչքերը:
-Իհարկե, ես ունեմ իդեալ, որ մանկությունից ուղեկցել է ինձ, բայց դժվար է միանշանակ տալ այս հարցի պատասխանը: Ոչ իդեալական մարդը կարող է եւ պետք է դառնա իդեալական` իր թերություններով հանդերձ…Պարզապես պետք է գտնել նրան, նվիրվել, սիրել ու չհրաժարվել…
Աննա Բաբաջանյան
Լուանկարները Bravo.am-ի