ՍՏՎԵՐԱՅԻՆ ՊԱՅՔԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ռեգնում» լրատվական-վերլուծական կայքի խմբագիր Ռուբեն Գրձելյանը հանդես է եկել հրապարակմամբ՝ Ռոբերտ Քոչարյանին մեղադրելով ՀՀ ստվերային տնտեսությունը ղեկավարելու մեջ: Ըստ նրա՝ որքան Քոչարյանը հեռու է քաղաքականությունից, այնքան ավելի է սերտաճում ստվերային տնտեսության հետ: Նա նաեւ նշել է, թե ի տարբերություն Սերժ Սարգսյանին մերձ օլիգարխների, որոնք հարկատուների ցուցակում վեր են բարձրանում, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող բիզնեսները գնալով զիջում են իրենց դիրքերը: Այս հրապարակմանը պատասխանել է Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը: «Ընդհանուր առմամբ, կարող եմ միայն ափսոսանք հայտնել այն կապակցությամբ, որ «Ռեգնում»-ը ժամանակ առ ժամանակ սկսել է ծառայել որպես ցածրորակ քարոզչության ամբիոն: Ինչ վերաբերում է կոնկրետ հոդվածին, ապա այն ծիծաղելի է ոչ միայն բովանդակության անհեթեթության պատճառով,-ասել է նա՝ ակնարկելով Գրձելյանի բարեկամական կապերի մասին,-եթե դուք ծանոթ եք հոդվածի հեղինակին եւ գիտեք նրա որոշ բարեկամական կապերի մասին, ապա տնտեսության ստվերի, վարչական ռեսուրսի օգնությամբ երկիրը թալանելու եւ «կենտրոնական քաղաքական կլանների» մասին նրա դատողությունները, վստահ եմ, կստիպեն ձեզ ծիծաղել»: Նշենք, որ «Ռեգնում»-ն այլեւս չի ֆինանսավորվում ՌԴ-ից, գործում է որպես ինքնուրույն ուժ, եւ ըստ որոշ լուրերի՝ այն անցել է Սերժ Սարգսյանի փեսայի՝ Միքայել Մինասյանի ազդեցության տակ:




Լրահոս