ԱՆՆՇԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եթե հավատալու լինենք իշխանություններին, ապա Հայաստանում ստեղծված են բոլոր պայմանները՝ ներդրումների համար: Եթե հավատալու լինենք իշխանություններին, որեւէ մեկը չի խանգարում ներդրումներ կատարելու ցանկություն ունեցողներին, իսկ Սերժ Սարգսյանի մերձավորները չեն փորձում «փայ մտնել» նրանց բիզնեսի մեջ, իրենց հետ կիսվելու ցանկություն չունեցողներին էլ չեն սպառնում «ոչնչացնել»: Ու ստեղծված  հրաշալի պայմանների արդյունքում տարեցտարի ավելանում է Հայաստանում ներդրումներ անելու ցանկություն ունեցողների թիվը: Այս ամենը՝ ըստ  իշխանությունների:
Մինչդեռ իրականությունը բոլորովին հակառակի մասին է խոսում: Ավելին, Հայաստանն այսօր դարձել է լուսանցքային երկիր՝ կորցնելով իր գրավչությունը: Իրավիճակը շատ ավելի ակնառու է դառնում, եթե համարձակվում ենք համեմատվել տարածաշրջանի մյուս երկու երկրների՝ Վրաստանի եւ Ադրբեջանի հետ: Այստեղ զիջում ենք շատ առումներով՝ սկսած սոցիալ-տնտեսական իրավիճակից, վերջացրած, թեկուզ, ժողովրդագրական ցուցանիշներով:
Աշխարհում Հայաստանի տեղի ու դերի աննշան լինելու մասին են խոսում բոլոր փաստերը: Օրինակ՝ «Բրիտանական ավիաուղիներ» ընկերությունը որոշել է 2012թ. հոկտեմբերից դադարեցնել իր ծառայությունները դեպի Երեւան: Պաշտոնական պատճառաբանությունը դեպի Երեւան իրականացված չվերթերի ցածր եկամտաբերությունն է: «Ազատություն» ռ/կ հաղորդմամբ՝ վերջին մի քանի տարվա ընթացքում «Բրիտանական ավիաուղիներ»-ի ինքնաթիռները Հայաստան չեն եկել, փոխարենը դեպի Երեւան էին թռչում բրիտանական մեկ այլ` BMI ընկերության ինքնաթիռները: Վերջերս այն վաճառվեց «Բրիտանական ավիաուղիներ»-ին, որն էլ որոշեց, որ դեպի Երեւան չվերթերը եկամտաբեր չեն: Փոխարենը նրանք շարունակելու են իրենց գործունեությունը տարածաշրջանում, այսինքն՝ դեպի Բաքու եւ Թբիլիսի չվերթերը շարունակվելու են, եւ «Բրիտանական ավիաուղիներ»-ի գործունեությունը դադարեցվելու է միայն Հայաստանում: Ասել է թե՝ Հայաստանից Մեծ Բրիտանիա եւ հակառակ ուղղությամբ գնացող-եկողների թիվն այնքան քիչ է, ծախսերն էլ՝ այնքան շատ, որ այս ընկերությունը որոշել է նման «մանր-մունր երկրի վրա» գումարներ չծախսել: Դժվար չէ ենթադրել, որ կլինեն նաեւ այլ պատճառներ, միայն թե առայժմ այդ մասին բրիտանացիները գերադասում են լռել:
Սա, իհարկե, միակ դեպքը չէ. ժամանակին գործում էր նաեւ Երեւան-Վրաստան չվերթը: Տոմսի արժեքը մոտ 30 հազար դրամ էր. քաղաքացիները 1 ժամվա ընթացքում հասնում էին Վրաստանի մայրաքաղաք: Սակայն այս հաճույքը երկար չտեւեց. որոշ ժամանակ անց հանվեց չվերթը, եւ հիմա Թբիլիսի մեկնել հնարավոր է միայն ցամաքային տրանսպորտով: Մինչդեռ տարածաշրջանի մյուս երկու երկրների մայրաքաղաքների միջեւ կա նաեւ օդային հաղորդակցություն. Թբիլիսի-Բաքու չվերթը տեւում է 1 ժամ 15 րոպե:




Լրահոս