70-ԱԿԱՆՆԵՐԻ ԹՐԵՆԴՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաշված օրերից գարուն է: Նոր սեզոնն իր հետ բերելու է նաեւ նորաձեւության նոր միտումներ: Թե ինչ ոճի, գույնի եւ մատերիալի զգեստներով, կոշիկներով ու աքսեսուարներով պետք է զարդարել մեր պահարանները, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում խորհուրդ է տալիս ոճաբան Արփինե Կոշտոյանը:

-Արփինե՛, այս տարի գարնանային նորաձեւությունը ի՞նչ է թելադրում: Ի՞նչպիսի նոր միտումներ եք նկատում:
-Նախ նշեմ, որ այս գարնանը նորաձեւության ոլորտում առկա են յուրատիպ մոտեցումներ, այն միանգամայն տարբեր, բայց եւ հետաքրքիր լուծումներ է թելադրում: Դեռեւս նախորդ սեզոնից մոդայիկ է համարվում ռետրո ոճը. անցյալի վառ թրենդները վերադառնում են, զգալի կլինի մասնավորապես 70-ական թթ. շունչը: Ամեն սեզոնի փոխվելու հետ մտածում ենք` այս անգամ ինչով կարող է զարմացնել մեզ նորաձեւությունը: Հենց այդ ժամանակ ի հայտ են գալիս այնպիսի տենդենցներ, որոնք թեեւ առաջին հայացքից փոքր-ինչ տարօրինակ են թվում, սակայն մեզ դարձնում են իրենց ակամա գերին:
-Այս սեզոնին ո՞ր տենդենցների «գերին» ենք դառնալու:
-Այս տարվա նմանատիպ տենդենցներից մեկն էլ սպորտային կոշիկի եւ զգեստի համադրությունն է, որը մի քանի տարի առաջ ֆեշն-հանցանք էր: Այժմ այս մոտեցումը ամենամոդայիկներից մեկն է, որը գրավել է ողջ աշխարհը: Սնիկերսներն ու կեդերը կրում են ոչ միայն առօրյա, այլեւ դասական ոճի զգեստների եւ կիսաշրջազգեստների հետ: Սպորտային թեման վաղուց գտել է իր տեղը նորաձեւության ասպարեզում: Այժմ բավական ակտուալ են նաեւ սպորտային հագուստ հիշեցնող զգեստները: Սպորտային ոճը` առօրյա կերպարի համար. այս թրենդը հասել է գագաթնակետին: Այս ամենով հանդերձ կցանկանայի պարտադիր հիշեցնել, որ գեղեցկության չափանիշը կանացիությունն է, եւ ամենակարեւորը հենց կանացի լինելն է, անգամ եթե սպորտային հագուստ ես կրում:
-Այս գարնանը ո՞ր գույներն են գերակշռող լինելու, ո՞ր երանգների համադրությունն է համարվելու մոդայիկ:
-Այս սեզոնի գունային գամման եւս հետաքրքիր է. ինչ գույն էլ որ կրենք, հանգիստ կարող ենք ինքներս մեզ համարել նորաձեւ: Պարզապես պետք չէ չարաշահել վառ գույները: Սեզոնին նորաձեւ են պաստելային մեղմ երանգները` բաց կապույտից մինչեւ վարդագույն, հատկապես, երբ այս երանգները համադրվում են մի կերպարում: Մենք կարող ենք նաեւ մեկ look-ում համադրել 3-5 գույն եւ լինել նորաձեւ. այս պարագայում, սակայն, եւս պետք է պահպանել չափի զգացողությունը:
-Իսկ ի՞նչ ձեւվածքի եւ մատերիալի զգեստներով խորհուրդ կտաք լցնել մեր զգեստապահարանները:
-Հիմա համարվում է գրագետ նորաձեւության շրջան, բավական ակտուալ են պարզ ձեւվածքները, մինիմալիստական զգեստները, որոնք կարելի է համադրել խոշոր զարդերով: Գեղեցիկ կդիտվի նաեւ դասական ձեւվածքի զգեստների միքսը սպորտային կոշիկների հետ: Այս սոզոնի ամենանորաձեւ կոշիկները սպորտային ոճում են, իսկ ոչ առօրյա կերպարի դեպքում ակտուալ են լինելու 50-60-ական թթ. նուրբ, սուր ծայրով բարձրակրունկ կոշիկները: Ի դեպ, քանի որ մինի կիսաշրջազգեստներն այլեւս մոդայիկ չեն, այժմ արդեն անհնար է պատկերացնել մինիների եւ բարձրակրունկների համադրությունը:
-Աքսեսուարների մասով ի՞նչ նորույթներ է խոստանում սեզոնը:
-Աքսեսուարներից նորաձեւ են լինելու խոշոր, բնական քարերից պատրաստված զարդերը, ցանկացած ոսկեզօծ աքսեսուար եւս ամենաակտուալներից է համարվելու: Ուշագրավ է, որ հոլոգրաֆիկ ակնոցներն այս սեզոնին եւս մեզ հետ են լինելու. դրանք արդեն 3-րդ սեզոնն է` չեն զիջում իրենց դիրքերը:
-Եվ վերջում` ի՞նչ խորհուրդ կտաք նորաձեւության սիրահարներին սեզոնի շրջանակում եւ դրանից դուրս:
-Թող մենք քայլենք նորաձեւությանը համընթաց. դա ինքնաարտահայտման լավագույն միջոցներից է: Այս պարագայում է, որ ստեղծվում է ուրույն ոճ, կերտվում անհատականություն: Ի վերջո, մեր արտաքինը բնորոշում է մեր ներաշխարհը:

 

 

 
«ՄՈՄԻԿ». ՖԻԼՄ` ՆԿԱՐՎԱԾ ՋՐԱՆԵՐԿՈՎ

13-րդ դարի հայ հայտնի մանրանկարիչ, ճարտարապետ եւ քանդակագործ Մոմիկի մասին առաջին անգամ գեղարվեստական ֆիլմ կնկարահանվի: Միջնադարյան արվեստագետի մասին մինչ օրս ներկայացվել են վավերագրական որոշ անդրադարձներ միայն: «Մոմիկ»-ն էքշըն ժանրի լիամետրաժ, այլընտրանքային անիմացիոն ֆիլմ է, հեղինակը Հայկ Սայադյանն է, ով նաեւ նկարիչ է:

«Ժողովուրդ»-ի այն դիտարկմանը, որ Մոմիկի կյանքին ու ստեղծագործությանն արվեստաբանները հաճախ են անդրադարձել, եւ հարցին, թե ինչն է նրան դրդել ընտրել հենց այս արվեստագետին, Հայկ Սայադյանը պատասխանեց` արյան կանչը եւ այն հանգամանքը, որ այս թեմային անիմացիոն անդրադարձ չէր եղել. «Եվ, առհասարակ, մեծածավալ անիմացիոն անդրադարձ մեր պատմական անցքերից որեւէ մեկին չի եղել, իսկ դրա անհրաժեշտությունը հիմա՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շեմին, առավել քան անհրաժեշտ եմ համարում: Երբ նկարահանվում են բազմաթիվ ֆիլմեր մեր եղերական հարյուրամյա անցյալի մասին, կարծում եմ` դրան զուգահեռ պետք է ստեղծվեն նաեւ ֆիլմեր, որոնք կպատմեն մեր ազգի մասին` ոչ հարյուրամյա վաղեմության կտրվածքով»,- մեզ հետ զրույցում նկատեց նա` ցավ հայտնելով, որ քչերն են գիտակցում սրա անհրաժեշտությունը, իսկ, ահա, այլ երկրներում միջոց ու եռանդ չեն խնայում իրենց պատմությունն էկրանավորելու համար:
«Ժողովուրդ»-ի այն դիտարկմանը, որ ողջ ֆիլմը նկարված է ջրաներկով, եւ այս հանգամանքը ուշագրավ է, քանի որ նման մոտեցում, կարծես, նախկինում չի ցուցաբերվել, Հայկ Սայադյանը պատասխանեց, որ ֆիլմն այդ առումով նախադեպը չունի. «Մինչ այժմ նկարված շարժանկարները մատիտանկարներ են, իսկ միջնադարին ու Մոմիկին մատիտով մոնոտոն անդրադարձը սխալ կլիներ»,-բացատրեց նա:
Մեր այն հարցին, թե արդյո՞ք ֆիլմն արժանացել է պետական հովանավորչության, եւ ինքն այն բավարար համարո՞ւմ է, Հայկ Սայադյանը պատասխանեց. «Ունեմ մշակույթի նախարարության, ՀՀ Կառավարության ու ազգային կինոկենտրոնի աջակցությունն այս նախագծին, սակայն նախագծի մասշտաբների հետ համեմատած՝ ակնկալում եմ, որ այն կհասունանա այնքան, որ կվերածվի գրանդիոզ համազգային նախագծի, եթե իմ գործին լծվեն շատ ավելի շահագրգիռ կողմեր` ենթադրյալ պատկան կողմերից սկսած»:
Հիշեցնենք, որ այս տարի լրանում է միջնադարյան հանճարներից մեկի` Մոմիկի ծննդյան 755-ամյակը, այս առթիվ Հայկ Սայադյանը մտադիր է «Մոմիկ» ֆիլմը էկրան բարձրացնել հենց 2015-ին:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 

ԴԱՐՁՅԱԼ ՆՈՐ ՕՐՀՆԵՐԳԻ ՄԱՍԻՆ
Գաբրիել Երանյանի՝ 1812 թ. ստեղծած «Հայաստան» երգն արժանի է դառնալ փայլուն օրհներգ, այն երաժշտասեր հասարակությանն ավելի հայտնի է Կոմիտասի մեկնաբանությամբ եւ Լուսինե Զաքարյանի կատարմամբ: Հայաստանի օրհներգի փոփոխության վերաբերյալ նմանատիպ կարծիք է արտահայտել Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խոսելով Հայաստանի Հանրապետության ներկա օրհներգի մասին` կոմպոզիտորների միության նախագահը նշել է, որ այդ գործը հայտնի էր որպես երգ տխուր սիրո մասին, որի համար հետագայում Միքայել Նալբանդյանը գրեց խոսք, եւ այն եւս արտահայտում է տխրություն: Ի դեպ, արդի օրհներգի երաժշտությունն օգտագործել է Գլազունովն իր «Ռայմոնդա» բալետում, որն առաջին անգամ բեմադրվել է 1898թ. Մարիինյան թատրոնում:

 

ԷԴԻՏԱՆ ԼՔԵԼ Է «ՏՆՓԵՍԱ»-Ն
Դերասանուհի Ալինա Մարտիրոսյանը մարտից հանդիսատեսին կներկայանա նոր հեռուստասերիալի շրջանակներում: ESem.am-ի հետ զրույցում նա նշել է, որ ATV հեռուստաընկերության նոր` «Լույսի պահապանը» կոչվող հեռուստանովելում մարմնավորելու է գլխավոր հերոսուհու մորը: Ալինայի խոսքով` ինքը նման առաջարկներ հաճախ է ստանում, սակայն այս մեկը գրավել է իր լրջությամբ: Ի դեպ, «Տնփեսա» սիթքոմում Ալինան այլեւս չի նկարահանվելու: «Սիթքոմում զբաղվածությունս քիչ էր, ցանկանում էի երկարատեւ սերիալում խաղալ, քանի որ դա ավելի շատ եմ սիրում: Այս կերպարս Էդիտայի հակապատկերն է: Եթե նա գլամուր եւ դատարկ կին էր, այս մեկը խելացի է ու ծանրակշիռ»,-նկատել է Ալինան:

 

ՆԿԱՐԱՀԱՆՎԵԼՈՒ Է «ՏԵՐՄԻՆԱՏՈՐ 6»-ՈՒՄ
Առնոլդ Շվարցենեգերը հաստատել է իր մասնակցությունը «Տերմինատոր»-ի երկու նոր սերիաներում: «Տերմինատոր 6»-ի նկարահանումները սկսվելու են «Տերմինատոր. Գենեզիս» ֆիլմի` մեծ էկրաններ բարձրանալուց հետո: Շվարցենեգերը նաեւ հաստատել է, որ մտադիր է մասնակցություն ունենալ ֆիլմի յոթերորդ մասին եւս: Հիշեցնենք, որ «Տերմինատոր 6»-ը մեծ էկրաններ կբարձրանա 2017-ի մայիսի 17-ին, իսկ ֆիլմի յոթերորդ մասը` 2018-ի հունիսի 29-ին:




Լրահոս