ԱՇՆԱՆԱՅԻՆ ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ` ԸՍՏ ՈՃԱԲԱՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շատերիս համար ամենասպասված սեզոնը` գունառատ եւ ռոմանտիկ աշունը, արդեն այցելել է մեզ, իսկ արդյոք մենք պատրա՞ստ ենք այն ընդունելու: Իհարկե, դժվար է արեւառատ օրերից հետո անցում կատարել այնպիսի եղանակի, որը պարտադրում է կրել շարֆեր, հագնել բաճկոն ու կոշիկներ` չմոռանալով անձրեւանոցի մասին, սակայն ժամանակն է, որ պատրաստենք զգեստապահարանները` աշունը հավուր պատշաճի դիմավորելու համար:

Իսկ այդ հարցում մեզ կօգնի ոճաբան Արփինե Կոշտոյանը: Նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ այս աշունը մի շարք նոր տենդենցներ է թելադրում, սակայն անհրաժեշտ է ընտրել այնպիսիք, որոնք համապատասխանում են մեր ոճին եւ անհատականությանը: Այնուամենայնիվ, այսօր նորաձեւության աշխարհում այնքան հետաքրքիր միքսեր կարելի է ստանալ, որ անգամ ամենատարբեր ոճերի միախառնման արդյունքում հնարավոր է երեւալ սուպերնորաձեւ:
Այսպիսով` սկսենք գործվածքներից: Այս աշնանը ամենանորաձեւը համարվում է թավիշը` իր բոլոր երանգներով: Մոդայիկ են նաեւ բնական կտորները` մետաքս, շիֆոն, բատիստ, որոնցով կարելի է ստեղծել գիշերազգեստ հիշեցնող զգեստներ` համադրված նուրբ ժանյակներով: Ինչ վերաբերում է գույներին, ապա այս սեզոնին մոդայիկ են ոչ թե վառ երագները, այլ այնպիսիք, որոնք զուգորդված են սեւի` մեկ կաթիլ երանգով:
Ոճաբանի խոսքով` այս աշնանը շարունակում է նորաձեւ մնալ բոթասի եւ դասական ոճի հագուստի միքսը, որը հարմարավետություն ապահովելու եւ խելահեղ լուծումների լայն հնարավորություններ է տալիս: Սեզոնին նորաձեւ են համարվում նաեւ ուղիղ կտրվածքներով զգեստները, որոնք իրենց ձեւվածքով բավական պարզ են: Իսկ քանի որ ցանկալի է մարմնի եւ զգեստի միջեւ որոշակի տարածության առկայությունը, նմանատիպ զգեստները կտան այդ հնարավորությունը` ընդգծելով կնոջ անհատականությունը:
«Ասեմ, որ կիպ, ինչպես նաեւ` կարճ զգեստներն այլեւս մոդայիկ չեն: Փոխարենը բավական ակտուալ են հանճարեղ Դիորի մոտեցմամբ ստեղծված փարթամ փեշերով զգեստները, որոնք կարծես արքայադստեր համար կարված լինեն: Դրանք հասնում են մինչեւ ծնկի տակը, կարող են նույնիսկ մի փոքր ավելի երկար լինել: Այդ զգեստները տոն օրերին կարելի է կրել բարձրակրունկներով, իսկ առօրյայում՝ բոթասներով»,-խորհուրդ տվեց Ա. Կոշտոյանը:
Նրա փոխանցմամբ` այս աշնանը մոդայիկ են նաեւ կողային շերտագծերով տաբատները (սՈՎտՈր), որոնք ասոցացվում են սպորտային հագուստի հետ. «Դրանք հեշտ են համադրվում պիջակների, վերնաշապիկների, ինչպես նաեւ նրբագեղ տոպերի հետ, բացի այդ` վիզուալ առումով ոտքերը դարձնում են սլացիկ»,-հավելեց ոճաբանը:
Սեզոնի գլխավոր հիթ են համարվում նաեւ վերնաշապիկները` լայն, մեծ թեւերով, կամ առանց ուսերի, ինչպես նաեւ` վերնաշապիկներ, որոնք կարելի է կրել որպես զգեստ:
Ինչ վերաբերում է վերարկուներին, ապա սեզոնին մոդայիկ են oversize, բավական երկար, մեծ օձիքներով մոդելները, որոնց հետ կարելի է համադրել գլխարկներ, տարբեր աքսեսուարներ, մեծ չափի շարֆեր` հետաքրքիր, գունեղ պրինտներով:
Գլխարկներից մոդայիկ են թե՛ կեպիները, թե՛ լայնեզր մոդելները. ընտրությունը պետք է կատարել ըստ դեմքի կառուցվածքի:
Սեզոնի ամենակարեւոր հիթերից են ծոփքերը, որոնք կարելի է կիրառել բլուզների, անթեւ ժակետների ու կիսաշրջազգեստների վրա:
Ինչ վերաբերում է պայուսակներին, ապա, ըստ ոճաբանի, այս աշնանը ակտուալ են ուսապարկերը:
Եվ, իհարկե, չէինք կարող շրջանցել կանանցից շատերի թուլությունը` զարդերը. «Այս աշնանը նախընտրելի է կիրառել նուրբ շղթաներ, փայտե զարդեր ու բահրամաներ»,-եզրափակեց ոճաբանը:

 

 

 
ՈՐՔԱ՞Ն ԿՏԱՎ Է ԱՐՏԱՀԱՆՎԵԼ ԵՐԿՐԻՑ

«Ժողովուրդ»-ը ՀՀ մշակույթի նախարարությանն ուղղված գրավոր հարցման միջոցով փորձեց պարզել` տարեսկզբից Հայաստանից ինչ քանակով կտավներ են արտահանվել եւ որ երկրներ, ամեն երկիր քանի կտավ է արտահանվել, որքան է կազմել այդ կտավների արժեքը, եւ ովքեր են դրանց հեղինակները:

Նախարարությունից հայտնեցին, որ 2016 թվականի ընթացքում (առ 01.09.2016թ.) Հայաստանի Հանրապետությունից արտահանվել է մշակութային արժեք համարվող 148 եւ ժամանակակից նկարիչների 1534 կտավ` ԱՄՆ, Ավստրիա, Ավստրալիա, ԱՄԷ, Բելգիա, Բուլղարիա, Գերմանիա, Դանիա, Հոլանդիա, Հունաստան, Շվեդիա, Շվեյցարիա, Չեխիա, Չինաստան, Ճապոնիա, Սլովենիա, Սերբիա, Ուկրաինա, Վրաստան, Կանադա, Իրան, Իսպանիա, Իտալիա, Լիբանան, Լեհաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Մալազիա, Նոր Զելանդիա, Նորվեգիա, Ռումինիա, Թուրքիա:
Մշակութաբանական ու արվեստաբանական փորձաքննության արդյունքում արտահանված աշխատանքների գնահատված արժեքը կազմել է 317 միլիոն 680 հազար դրամ։
Նախարարությունից տեղեկացրին նաեւ, որ ժամանակակից նկարիչների կտավները, որպես մշակութային նշանակության առարկաներ, ՀՀ օրենսդրության համաձայն՝ փորձաքննություն չեն անցնում, դրանց արժեքի գնահատում չի իրականացվում:
2016 թվականին ՀՀ-ից արտահանվել են Վարդգես Սուրենյանցի, Գեւորգ Բաշինջաղյանի, Մհեր Աբեղյանի, Հովհաննես Տեր-Թադեւոսյանի, Մարտիրոս Սարյանի, Էդգար Շահինի, Սեդրակ Առաքելյանի, Պերճ Ակնունիի, Արա Բեքարյանի, Գառնիկ Զուլումյանի (Գառզու), Փանոս Թերլեմեզյանի, Երվանդ Քոչարի, Բարդուղ Վարդանյանի, Մինաս Ավետիսյանի, Գաբրիել Գյուրջյանի, Գրիգոր Խանջյանի, Հովսեփ Կարալյանի /Կարալով/, Վրույր Գալստյանի, Խաչատուր Եսայանի, Դմիտրի Նալբանդյանի, Վաղարշակ Էլիբեկյանի, Սարգիս Մուրադյանի, Գուրգեն Պարոնյանի (Գուրոս), Գեւորգ Պարոնյանի, Վահրամ Գայֆեճյանի, Հովհաննես Զարդարյանի, Աշոտ Հովհաննիսյանի, Էդվարդ Իսաբեկյանի, Ռուդոլֆ Խաչատրյանի, Գրիգոր Աղասյանի, Գեւորգ Ավագյանի, Գայանե Խաչատրյանի, Վահան Խորենյանի, Մարիամ Ասլամազյանի, Վալենտին Պոտպոմոգովի, Ռոմանոս Սարգսյանի, Հակոբջան Ղարիբջանյանի, Ցոլակ Ազիզյանի, Ադոլֆ Ֆեսլերի, Միխայիլ Ս. Բաշիլովի կտավներից։
Նախարարությունից այդպես էլ չպատասխանեցին մեր այն հարցին, թե այս տարվա ընթացքում ամեն երկիր քանի կտավ է արտահանվել:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 
ՆՈՐ ԸՆՏՐՅԱԼ ՈՒՆԻ
Ամերիկյան ռեալիթի շոուների հայազգի աստղ Քլոե Քարդաշյանը նոր սիրավեպ է սկսել: Նրա ընտրյալը կանադացի 25-ամյա բասկետբոլիստ Տրիստան Թոմփսոնն է: Ամերիկյան լրատվամիջոցները զույգին բազմիցս նկատել են տարբեր երեկույթների ժամանակ, իսկ վերջերս էլ Քլոեն եւ Տրիստանը իրենց արձակուրդն էին անցկացնում Մեքսիկայում:
Հիշեցնենք, որ Քլոե Քարդաշյանը այս տարվա ապրիլին վերջնականապես որոշել էր ամուսնալուծվել Լամար Օդոմից: Իսկ մինչ այդ շուրջ երեք տարի Քլոեն փորձում էր ուղղվելու հնարավորություն տալ ամուսնուն, որն անընդմեջ հայտնվում էր սկանդալների կենտրոնում: Ամիսներ առաջ, օրինակ, Լամարին հայտնաբերել էին հասարակաց տանը` հարբած, անգիտակից եւ թմրանյութերի ազդեցության տակ:

 

 

ՁԱՅՆԻ ԽՆԴԻՐ ԿԱ
Ամերիկացի երգչուհի Բեյոնսեն դադարեցրել է համաշխարհային շրջագայությունը ձայնի հետ կապված խնդիրների պատճառով: Ինչպես հաղորդում է Entertainment Weekly-ն, սեպտեմբերի 7-ին նա պետք է ելույթ ունենար ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Իսթ Ռաթերֆորդ քաղաքում, սակայն համերգը մեկ ամսով հետաձգվել է: Բանն այն է, որ բժիշկը երգչուհուն խորհուրդ է տվել հանգստանալ:
Բոլոր նրանք, ովքեր գնել էին համերգի տոմսեր, կարող են իրենց սիրելի աստղին լսել արդեն հոկտեմբերյան ելույթի ժամանակ:

 

 

ԱՐՄԱՆԻՆ ՈՒ ՍԵՐԻԱԼԸ
Իտալացի մոդելավորող եւ սեփական նորաձեւության տան հիմնադիր Ջորջո Արմանին հերթական անգամ հանդես է եկել որպես զգեստների նկարիչ եւ հագուստ է ստեղծել ռեժիսոր, սցենարիստ Պաոլո Սորենտինոյի նոր նախագծի համար: Ինչպես փոխանցում է Harper՚s Bazaar¬ը, խոսքը Վենետիկի կինոփառատոնի շրջանակներում ներկայացված «Երիտասարդ Պապը» սերիալի մասին է: Պարբերականը նշում է, որ Արմանին ստանձնել է սերիալի հերոսների համար «աշխարհիկ» զգեստներ ստեղծելու գործը:
Հավելենք, որ «Երիտասարդ Պապը» կինովարձույթում կհայտնվի հոկտեմբերի 27-ին, գլխավոր դերում հանդես կգա դերասան Ջուդ Լոուն:




Լրահոս