ԱՂԱՆԴՆԵՐԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ Պետքարտուղարությունն օրերս հրապարակել է զեկույց աշխարհում կրոնական ազատության վերաբերյալ. այս մասին տեղեկացնում է armtoday.info-ն: Զեկույցում առանձին հատված կա նաեւ Հայաստանի մասին: Մասնավորապես գրված է, որ չնայած ՀՀ Սահմանադրությունը երաշխավորում է դավանանքի ազատությունը, այնուհանդերձ, կան օրենքներ, որոնք որոշակի խմբերի համար կրոնական սահմանափակումներ են դնում: «Հայաստանի բնակչության 90%-ը Հայ առաքելական եկեղեցու դավանողներ են: Կրոնական փոքրամասնությունների հանդեպ հասարակության վերաբերմունքը բացասական է»,-նշված է փաստաթղթում: Զեկույցում նշվում է նաեւ, որ ՀՀ-ում կրոնական փոքրամասնությունները վտանգ են համարվում պետության համար: Մեջբերվում են մի շարք ՀՀԿ-ականների խոսքեր, որոնք աղանդները համարում են պատերազմից էլ վտանգավոր: Սրա հետ կապված՝ զեկույցի հեղինակները նշում են, որ հատկապես Հանրապետական կուսակցության անդամներն ընտրություններից առաջ շահարկում էին աղանդների թեման:

ՀԱՐՑ. Ինչպե՞ս եք վերաբերում զեկույցին: Արդյոք արդարացված եք համարում այդ գնահատականները:

ՊԱՏԱՍԽԱՆ.
Զեկույցին ծանոթ չեմ, բայց կարող եմ ասել, որ իրականում Հայաստանում օրենքը ոչ թե սահմանափակում է կրոնական կազմակերպությունների գործունեությունը, այլ ընդհակառակը, օրենքի բացակայությունն է հենց կրոնական կազմակերպություններին շատ ազատ լինելու հնարավորություն տալիս: Օրենքի բացակայությունն է հիմնական խնդիրը, այլ ոչ թե օրենքի թերի լինելը: Խղճի եւ դավանանքի օրենքը թերի է եւ ավելի շատ հօգուտ իրենց է, այլ ոչ թե ի վնաս կրոնական կազմակերպությունների, քանի որ մենք այսօր չենք կարողանում հոգեորսության իրենց գործունեությունը համապատասխան պատիժների ենթարկել:

տեր ԵՍԱՅԻ քահանա ԱՐԹԵՆՅԱՆ

ՊԱՏԱՍԽԱՆ. Զեկույցին ծանոթ չեմ, բայց միշտ նշել եմ, հիմա էլ կրկնում եմ, որ աղանդներին բացասական եմ վերաբերում: ԱՄՆ-ի չափանիշները երեւի թե, կրոնական կազմակերպությունների հետ կապված, այլ են, բայց ինչ էլ լինի, մենք պետք է պայքարենք աղանդների դեմ, որ նրանք չվտանգեն մեր հասարակությանը, եւ մեր առաքելական եկեղեցին ավելի ուժեղ լինի: Ճիշտն ասած, հիմա մենք որոշել ենք նախագիծ, որը կա, բայց դեռ շրջանառության մեջ չէ: Այն աղանդավորական կազմակերպությունների հետ է կապված: Կարծում եմ՝ մեկ տարվա ընթացքում կդրվի շրջանառության մեջ:

ԿԱՐԻՆԵ ԱՃԵՄՅԱՆ
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր  

ՊԱՏԱՍԽԱՆ. ԱՄՆ-ը հենց ինքն իր կրոնական օրենքների հետ կապված պրոբլեմներ ունի: Իմ գնահատականն այս վերլուծությանն այսպիսին է. կարծում եմ, որ սա իրական վերլուծություն չէ, եւ այն, իմ կարծիքով, շատ ավելի քաղաքական եզրակացություն է:

ՀՐԱՆՈՒՇ ԽԱՌԱՏՅԱՆ
ազգագրագետ
Պատրաստեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ




Լրահոս