«Ոչխար պահելն էլ է հարամ դարձել». ոչխարների գողությունը՝ գյուղացու սպանության շարունակությո՞ւն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռևս նախորդ տարվա ապրիլի 22-ին Մաստարա գյուղում «Ֆորդ» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել Մաստարա գյուղի բնակիչ Ռազմիկ Գևորգյանի ոչխարների հոտը: Գյուղացին կորցրել էր 25-30 ոչխար:

Մաստարայի գյուղապետ Սարգիս Ավետիսյանն ավելի վաղ վստահեցրել էր, թե տեղի ունեցածը պատահականություն է: Դեպքից անցել է մոտ մեկ տարի, սակայն ինչպես Armlur.am-ին տեղեկացրեց Ռազմիկ Գևորգյանը, գործը փակվել է, վարորդի ինքնությունն այդպես էլ չի պարզվել:

«Ոչխար պահելն էլ է հարամ դարձել: Էլ ի՞նչ պահես, էս կառավարությունն էլ է հարամ: Մենք օրենքի երկրում չենք ապրում, մենք բռնապետության երկրում ենք ապրում: Բնականաբար այդ դեպքը չէր բացահայտվելու. ի՞նչն է բացահայտվել, որ սա էլ բացահայտվեր: Մի տեղ գտել, փայ են արել, ու վերջ»,- զայրացած ասաց մեր զրուցակիցը՝ վստահեցնելով, որ իրավապահ մարմիններն ամեն կերպ փորձում են կոծկել գործը:

Սակայն Ռազմիկ Գևորգյանին միայն այս հարցը չէ, որ անհանգստացնում է: Մոտ երեք տարի առաջ նույն տեղում մինչ օրս անհայտ անձինք ծեծի էին ենթարկել նրա հորը, ինչի հետևանքով վերջինս մահացել էր: Ռազմիկ Գևորգյանը չբացառեց այն, որ հնարավոր է` ոչխարների «գլխին եկածը» հոր սպանության շարունակությունը լինի: «Հորս ծեծի էին ենթարկել: Հետո տեղափոխեցինք Երևան, գնացին հետևից ու դանակահարեցին: Ու հույս չունենք էլ, որ մի օր կբացահայտվի: Էս երկրում ամեն մեկն իր վրա պիտի հույսը դնի: Պետական գործիչները սաղ ծախված են»,- շարունակեց մեր զրուցակիցը:

Ի դեպ նշենք, որ Մաստարա գյուղում 10 տարի շարունակ պարբերաբար գողություններ են լինում` մեկի  գոմից ցուլ են գողանում, մյուսից՝ կով ու ոչխար, սակայն մինչ այսօր այդ գողություններից ոչ մեկը բացահայտված չէ:

Տեղեկացնենք, որ Ռազմիկ Գևորգյանի հոր սպանության առնչությամբ հարուցված քրեական գործը կասեցվել է քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով, մասնավորապես՝ քրեական գործով վարույթը, դատախազի, քննիչի կամ դատարանի որոշմամբ, ամբողջությամբ կամ համապատասխան մասով, կարող է կասեցվել, եթե հայտնի չէ անձը, որը գործով պետք է ներգրավվի որպես մեղադրյալ:




Լրահոս