Սեվանում առաջադրվել է քաղաքապետի 10 թեկնածու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Օգոստոսի 24-ին ավարտվել է Գեղարքունիքի մարզում սեպտեմբերի 23-ին անցկացվելիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում թեկնածուների առաջադրման գործընթացը: Թեկնածուների գրանցումը իրականացվում է օգոստոսի 24-ից 29-ը: ՏԻՄ ընտրություններ են անցկացվելու Գեղարքունիքի 92 համայնքներից 64-ում: Այդ թվում՝ 5 քաղաքային համայնքներում` Գավառում, Ճամբարակում, Մարտունիում, Սևանում, Վարդենիսում նախատեսված են քաղաքապետերի ընտրություններ:
Ինչպես “Փաստինֆո” գործակալության թղթակցին հայտնել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից, Սևանում առաջադրվել են քաղաքապետի 10 թեկնածուներ: ՀՀԿ-ի կողմից առաջադրվել է ՀՀԿ անդամ Ռուդիկ Ղուկասյանը, ինքնաառաջադրվել են ՀՀԿ անդամներ, գործող քաղաքապետ Գևորգ Մալխասյանը, Ալեքսան Պողոսյանը և Աշոտ Ալեքսանյանը, անկուսակցականներ Արա Սմբատյանը, Ռաֆիկ Սմբատյանը, Նուշերվան Միքայելյանը, Տիգրան Պետրոսյանը, Վարդգես Քոչարյանը, Վիգեն Քոչարյանը:
Նշենք, որ համայնքի ղեկավարը և ավագանին ընտրվում են 4 տարի ժամկետով: Ընտրական օրենսգրքի համաձայն, համայնքի ղեկավար կարող են ընտրվել 25 տարին լրացած, իսկ ավագանու անդամ` 21 տարին լրացած, ընտրություն անցկացվող համայնքի բնակչության ռեգիստրում մինչև քվեարկության օրը առնվազն վերջին 6 ամիսը հաշվառված, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության ժամանակ ընտրելու իրավունք ունեցող անձինք:




Լրահոս