Իրավապահ մարմինները շարունակում են հետաքննել ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործը, ում հուղարկավորությունն այսօր ընթանում է Մոսկվայի Սախարովյան կենտրոնում:
Այսօր քննչական կոմիտեից հայտնել են, որ ՆԳՆ ու ԴԱԾ օպերատիվ ծառայությունները սպառիչ քայլեր են ձեռնարկում այդ հանցագործության բացահայտման ուղղությամբ: Նշվում է, որ շարունակվում են հարցաքննությունները:
Մինչ այդ, ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ Դուրիցկայայի մասնակցությամբ հետաքննչական գործողությունների ավարտից հետո նա լքել է Ռուսաստանը: Ընդ որում, բացի հարցաքննությունների արձանագրությունների ստորագրություններից, նա նաև ստորագրել է նախնական հետաքննության տվյալները չհրապարակելու մասին պարտավորագիր:
ԶԼՄ-ները նաև հայտնում են այն մասին, որ աշխատանքից ազատվում է ձնահավաք մեքենայի վարորդը, ով սպանության պահին անցնելիս է եղել Նեմցովի ու Դուրիցկայայի կողքով, ինչն էլ ֆիքսել են տեսախցիկները: Ընդ որում, սպանության անմիջական պահը չի ֆիքսվել տեսախցիկների կողմից հենց այդ ձնահավաք մեքենայի պատճառով:
Տղամարդը հարցերին չի պատասխանում, հեռանում է խոսակցությունից՝ հայտարարելով, որ չի ցանկանում անդրադառնալ այդ թեմային: