Օրենքը չի կարող մեզ վերաբերվել, մենք թոշակի գնացողը չենք. Գալուստ Սահակյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր  ԱԺ-ում «ՀՀ Նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու նախագծի քննարկման ժամանակ արտահերթ ելույթով հանդես եկավ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Նա հայտարարեց, որ օրենքում առաջարկվող փոփոխությունները պետք է անպայման ընդունվեն:

«Ես ուշի ուշով հետևել եմ բոլոր ելույթներին: Վերջին շրջանում փորձում եք սեփական փիլիսոփայությունը ներկայացնել հանրությանը:  Իհարկե, կարծում եմ, որ առաջարկություններ եղան, կարելի է նայել», – նշեց նա:

Սահակյանը հավելեց, թե չի ընդունում «ում չեմ սիրում, նա նախագահ չէ»-ի նման այլ որակումները և հայտարարեց, թե  այս օրինագիծը ոչ թե անձին է վերաբերում, այլ` նախագահի ինստիտուտին:

«Երբեք չէի մտածի, որ այս հարցի քննարկումն այսքան երկար կտևի: Դուք պատկերացնո՞ւմ եք` արտոնություններ չտրվեն, որ պետությունն է մեզ հարգելու, կամ որ ժողովուրդն է մեր ժողովրդին հարգելու: Լևոն Տեր-Պետրոսյանի քննադատներից մեկը ես եմ եղել, բայց դա չի նշանակում, որ նա մեր պատմության մեջ դերակատարում չի ունեցել», – նշեց նա և հիշեցրեց, որ տարիներ առաջ ժողովուրդը հենց ՀՀ առաջին նախագահին է հետևել և անկախացել:

«Մենք բոլորս էլ մարդիկ ենք, կարող ենք թերություններ էլ ունենանք, սխալներ էլ ունենանք: Էս ամբիոնը հարգե´ք մի քիչ: Ես էլ կարող եմ ասել, որ էնքան նվաստացած եմ զգացել էս տարիներին, որ եղած-չեղածները նախագահի թեկնածություն են դրել», – հավելեց նա:

Անդրադառնալով ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի այն դիտարկմանը, թե ինչու ներկայացված նախագիծը չի վերաբերում նաև երկրի երկրորդ և երրորդ դեմքերին` ԱԺ նախագահին և վարչապետին, Գալուստ Սահակյանը նշեց. «Այս օրենքը չի կարող մեզ վերաբերվել, մենք թոշակի գնացողը չենք»:

Նշենք, որ առաջարկվող փոփոխություններով` ՀՀ պաշտոնաթող նախագահների կենսաթոշակի չափը կազմելու է գործող նախագահի աշխատավարձի 70%-ը: Նրան հատկացված գրասենյակն ու մեքենան կտրվի ցմահ:




Լրահոս