Արտակ Նազարյանի գործով դատարանը հարցաքննելու է քննիչին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօրի՝ օգոստոսի 28-ին, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը տուժող կողմի միջնորդությամբ կհարցաքննի Արտակ Նազարյանի մահվան գործով ՀՀ ՊՆ ՔԾ ՀԿԳ քննիչ Լեւոն Պետրոսյանին:
Տուժող կողմը միջնորդություն էր ներկայացրել հարցաքննել նաեւ ՀՀ ՊՆ ՔԾ Իջեւանի կայազորի քննիչներ Սարգիս Մադաթյանին եւ Հայկ Մարգարյանին, սակայն դատարանը բավարարել էր միջնորդությունը միայն Լ. Պետրոսյանի մասով: Վերջինս գործի քննությունը ստանձնել է դեպքից մոտ մեկ ամիս հետո: Քննիչներն, ըստ տուժող կողմի, գործը քննել են կախակալ՝ “ինքնասպանության հասցնելու” վարկածով, փորձել են թաքցնել սպանության ապացույցները, բռնությամբ եւ ճնշումներով կեղծ ցուցմունքներ են կորզել վկաներից, փչացրել են իրեղեն ապացույցներ:
Դատավորի սահմանած կարգով կողմերը հնարավորություն չստացան հայտարարություններ անել ապացույցների հետազոտմանը զուգահեռ, արեցին հետազոտման ավարտից հետո: Այնուհետեւ դատարանն անցավ միջնորդություններին:
Դատարանն այս պահին քննարկում է դատավարության նախորդ փուլերում հետաձգված միջնորդությունները: Այնուհետեւ տուժող կողմը կշարունակի ներկայացնել միջնորդություններ: Նրան կհաջորդի պաշտպանական կողմը: Մեղադրող կողմը հրաժարվել է միջնորդություններ ներկայացնել:
Ինչպես հայտնի է, պաշտպանական կողմը համաձայն չէ ներկայացված մեղադրանքի հետ, իսկ տուժող կողմը վիճարկում է ինքնասպանության վարկածը՝ տեղի ունեցածը համարելով դիտավորյալ սպանություն, ինչի փաստական վկայություններ կան քրեական գործում: Հենց այդ վերլուծությունները 15.08.2012թ. հնչեցին դատարանի դահլիճում:
Արտակ Նազարյանը սպանվել է 2010թ. հուլիսի վերջին, ծառայության վայրում՝ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Չինարի գյուղից ոչ հեռու տեղակայված “Մեհրաբներ” զորամասի հսկողությանը հանձնված մարտական հենակետերից մեկում (“Ղոզլու”), որի ավագն էր: ՀՀ ՊՆ Քննչական ծառայության կատարած նախաքննությունն ավարտվել է եւ գործը դատարան է մտել որպես “ինքնասպանության դրդում”: Մինչդեռ Նազարյանները պնդում են, որ նախաքննությունը կատարվել է հանցավոր թերություններով՝ ընդհուպ մինչեւ ապացույցների ոչնչացում եւ կեղծում:
Դատավարության մասնակիցները: Քրեական գործով մեղադրվում են Արտակ Նազարյանի հինգ ծառայակիցներ՝ նրա գումարտակի ԱՀՏԱ գծով տեղակալ, կապիտան Հակոբ Մանուկյանը, հարեւան “Լույս” հենակետի ավագ, լեյտենանտ Վահագն Հայրապետյանը, Ա. Նազարյանի դասակի երեք շարքայիններ՝ Մխիթար Մխիթարյանը, Ադիբեկ Հովհաննիսյանը եւ Հարութիկ Կիրակոսյանը: Վերջինի՝ Հ. Կիրակոսյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը փոխվել է, եւ նա հանձնված է զորամասի հսկողությանը, որտեղ շարունակում է ծառայությունը:
Դատավորը՝ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սամվել Մարդանյանն է, իսկ մեղադրանքը պաշտպանում է զինվորական դատախազ Հարություն Հարությունյանը:
Տուժողի իրավահաջորդն էր Արտակ Նազարյանի մայրը՝ Հասմիկ Հովհաննիսյանը, իսկ 2011թ. նոյեմբերի 29-ից՝ քույրը՝ Ծովինար Նազարյանը: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներն են փաստաբան Մուշեղ Շուշանյանը եւ իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը:




Լրահոս