Ի՞ՆՉՆ ԷՐ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴԻՆ ՍՊԱՆԵԼՈՒ ՊԱՏՃԱՌԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայի Բիլիֆելդ քաղաքի մշակութային համայնքի ղեկավար խորհրդի անդամ, սպանված 36-ամյա Գրիգոր Գրիգորյանի մտերիմները չեն հավատում, որ տղային կարող էին սպանել ավտոկայանատեղի շուրջ առաջացած վիճաբանության համար, քանի որ Գերմանիայում ավտոկայանատեղիներն այնքան մեծ են, որ որեւէ մեկն այդ հարցի շուրջ չի վիճի:

Ըստ գերմանական լրատվամիջոցների՝ փետրվարի 10-ին՝ ժամը 07.15-ի սահմաններում, մարդաշատ վայրում՝ խանութի ավտոկայանատեղիում, հրազենային մի քանի կրակոցով սպանել են Գրիգոր Գրիգորյանին: Ոստիկանությունը Գրիգորի ընտանիքին կատարվածի մասին տեղյակ է պահել փետրվարի 11-ին: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Այժմ Գերմանիայի ոստիկանները փնտրում են հայ երիտասարդին կրակած հանցագործներին: Ի դեպ, ըստ ականատեսների՝ Գրիգորի վրա կրակել են մի քանի անգամ, եւ հանցանքը կատարողները եղել են երկուսը:
«Ժողովուրդ»-ը կատարվածի շուրջ զրուցեց Բիլիֆելդ քաղաքում ապրող, Գրիգոր Գրիգորյանի ընտանիքի մտերիմներից մեկի՝ Կարինեի հետ: Ըստ նրա՝ Գրիգորի ընտանիքը Բիլիֆելդ քաղաքում շատ հարգված ընտանիք է, եւ կատարվածը շատ զարմանալի է իրենց համար:
Ինչպես նշեցինք՝ Գրիգորի վրա կրակել են մի քանի անգամ: «Հանցագործները եղել են երկուսը. այդ մասին ականատեսներն են հայտնել: Ու Գրիգորի վրա եղել են մի քանի հրազենային վնասվածքներ»,- պատմեց մեր զրուցակիցը:
«Շատ լավ ընտանիք են իրենք, լավ ծնողներ ունեն, շատ աշխատասեր անձնավորություն են. իսկական հայկական ընտանիք է իրենց ընտանիքը: Երկար ժամանակ է, ինչ ապրում են Գերմանիայում, կլինի 20 տարուց ավել: Երկու երեխաների հայր էր, մեկ տղա եւ մեկ աղջիկ ուներ: Դեպքի մասին իմացել ենք փետրվարի 11-ին, մի տեսակ չհավատացի, բայց երբ լրատվամիջոցները հայտարարեցին, արդեն չհավատալ չէինք կարող: Գրիգորը շատ բարեհամբույր, հիանալի, բարի մարդ, անձնավորություն էր: Հիանալի ծնողներ ունի: Գիգորը տան մեծ տղան էր, ունի եւս մեկ եղբայր եւ երկու քույր, բոլորն էլ աշխատում են իրենց արդար քրտինքով: Շատ ափսոս, որ նման բան եղավ»:
Սպանվածի մտերիմի խոսքերով՝ դեպքը տեղի է ունեցել կահույքի սրահի ավտոկայանատեղիում. «Այստեղ լուրեր են պտտվում, որ մեքենան կայանելու տեղի համար է եղել այս միջադեպը, բայց Գերմանիայում, հավատացեք, այս խնդիրը չկա: Սա ինձ է պատկանում, սա քեզ է պատկանում. նման հասկացողություն մեզ մոտ չկա: Այստեղ այնքան մեծ են ավտոկայանատեղիները, որ միանգամից մի քանի հարյուր մեքենա կկայանվի: Նաեւ մտածում եմ՝ միգուցե կատարվածը սխալմունք է եղել, իրենք շատ հարգված մարդիկ են, ինչո՞ւ պետք է այս ամենը լիներ. մի տեսակ անհավանական է»:
Իսկ ի՞նչ գործունեություն էր ծավալում Գրիգորը, ինչո՞վ էր զբաղվում, արդյո՞ք իր գործունեությամբ կարող էր պայմանավորված լինել սպանությունը: «Ժողովուրդ»-ի այս հարցին Կարինեն պատասխանեց. «Նա անհատ ձեռներեց էր, մսի բիզնեսով էին զբաղվում ընտանիքով: Ամեն ինչ օրինական էին անում, շատ ապահովված մարդիկ էին ու ինչը ստեղծել էին, իրենց արդար քրտինքով էին ստեղծել: Այն լուրերը, որ այս ամենը կարող է պատահած լինի պարտքի համար, ձեզ վստահ կարող եմ ասել, որ հնարավոր չէ, որ իրենք պարտք ունենային, ու նման բան լիներ: Ախր Գերմանիայում ոչ մեկ ոչ մեկի պարտք չի. նման խնդիր մեզ մոտ չկա: Կրկնում եմ՝ իրենք շատ ապահովված մարդիկ էին ու արդար քրտինքով էին վաստակում իրենց գումարը»:
Կարինեի խոսքով՝ իր՝ Գերմանիայում ապրելու տարիներին սա առաջին դեպքն է, որ այսպիսի դաժան սպանություն է տեղի ունենում:
Հիշեցնենք, որ 2015թ. հունվարի 12-ին էլ Ֆրանսիայի Մարսել քաղաքում սպանվեց հայազգի 16-ամյա Միքայել Ասատուրյանը: Այդ գործով կալանավորվել է 3 հոգի: Տղային սպանել էին իր դասընկերուհու հրահանգով, իսկ պատճառը եղել էր այն, որ Միքայելը նկատողություն էր արել իր օտարազգի դասընկերուհուն, նա էլ սպառնացել էր հաշվեհարդար տեսնել: Ուստի, երբ Միքայելը դպրոցից դուրս էր եկել, անծանոթը հարվածել էր Միքայելին ու սպանել:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԴԱՏԱՎՈՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹՆ ԱՎԱՐՏՎԵՑ

Երեկ շարունակվեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) դատավորի պաշտոնում Հայաստանի կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի հարցազրույցի փուլը: Երեկ տեղի ունեցան 14 թեկնածուներից վերջին 6-ի հարցազրույցները: Մյուս 8-ի հարցազրույցները տեղի էին ունեցել նախորդ օրը` փետրվարի 26-ին: Առաջին օրը մրցութային հանձնաժողովի անդամների հարցերին, ի թիվս այլոց, պատասխանել էին նաեւ նախորդ մրցույթում հաղթող ճանաչված Արմեն Հարությունյանը, Արա Ղազարյանը եւ Նելիկ Հարությունյանը:

Ի դեպ, հարցազրույցի՝ իրենց հերթին սպասող թեկնածուներին առանձին սպասասենյակ չէր տրամադրվել, եւ նրանք ստիպված էին սպասել լրագրողների համար նախատեսված սրահում: Այսպիսով նրանք նաեւ հնարավորություն ունեին լսելու իրենց մրցակիցների պատասխանները: Եվ եթե հաշվի առնենք, որ հարցերը հիմնականում կրկնվում էին, ներսում պատասխանողը հայտնվում էր դրսում գտնվողների հետ անհավասար պայմաններում:
Հիշեցնենք, որ ՄԻԵԴ դատավորի պաշտոնում Հայաստանի կողմից առաջադրվող թեկնածուների նոր մրցույթ անցկացնելու որոշումը կայացվեց հունվարի կեսին: Սերժ Սարգսյանը հունվարի 12-ին հրամանագիր ստորագրեց, որով ուժը կորցրած ճանաչվեց «ՄԻԵԴ դատավորի պաշտոնում Հայաստանի կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակը հաստատելու մասին» 2014թ. հոկտեմբերի 13-ի ստորագրված հրամանագիրը:
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի խորհրդատվական խումբը կարծիք էր հայտնել, որ ՄԻԵԴ-ում դատավորի թափուր տեղի համար Հայաստանի կողմից ներկայացված թեկնածուներից Նելիկ Հարությունյանն ամբողջովին չի համապատասխանում «ճանաչված իրազեկ իրավագետ» լինելու չափանիշին: Արդյունքում ՀՀ արտաքին գործերի նախարարությունը որոշել էր Հայաստանի կողմից ներպետական մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակը ԵԽԽՎ չուղարկել: Հայտնի փաստաբան Վահե Գրիգորյանի, ով նախորդ մրցույթի հետ կապված բողոքներ ուներ, հարցազրույցը տեղի ունեցավ երեկ: Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը նրան հարցրեց՝ որոնք են Հայաստանի դատաիրավական համակարգի երեք հիմնական խնդիրները: Ըստ Վահե Գրիգորյանի՝ Հայաստանի դատաիրավական համակարգի առաջին եւ հիմնական խնդիրը դատական իշխանության անկախության բացակայությունն է, երկրորդը՝ դատավորների սերնդափոխության խնդիրը, երրորդը՝ փաստաբանական ինստիտուտի՝ որպես դատական իշխանության համակարգից դուրս օղակի, ընկալումը դատական եւ գործադիր իշխանությունների կողմից:
Հայաստանի օմբուդսմեն, հանձնաժողովի անդամ Կարեն Անդրեասյանն էլ Վահե Գրիգորյանից հետաքրքրվեց, թե որոնք են ամենաանարդար եւ ամենաոչժողովրդավարական իրադարձությունը Հայաստանի 24-ամյա պատմության մեջ: Ըստ փաստաբանի՝ ամենաոչժողովրդավարական իրողությունն ընտրություններին մասնակցած քաղաքացիների ցուցակի չհրապարակումն է: Ամենաանարդար իրադարձությունը` Հյուսիսային պողոտայի բնակիչների բնակարանները պետության կարիքների համար օտարելու գործընթացը: Սակայն, ըստ փաստաբանի, ամենաարդարը ոչ թե ինքնին օտարման փաստն էր, այլ դատարաններում այդ գործընթացի իրականացման ձեւը:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

 

«ԲՈՒՌՆԱՇԸ» ՍՆԱՆԿԱՆՈՒՄ Է

Երեկ լուրեր էին տարածվել, թե «Հրազդան» տոնավաճառից «արտագաղթած» առեւտրականների հիմնական մասը որոշել է հրաժարվել Գագիկ Ծառուկյանի տրամադրած, Աբովյանում կառուցվող անվճար տաղավարներից, վերադարձել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանին (Բուռնաշ) պատկանող շուկա եւ համաձայնել նոր պայմանագրեր կնքել պատգամավորին պատկանող տոնավաճառի տնօրինության հետ:

Armlur.am-ի հետ զրույցում Աշոտ Աղաբաբյանը նկատեց. «Ես բիզնեսով չեմ զբաղվում: Տարածքը վարձակալության եմ տվել, հարցերը ճշտեք տնօրենից: Նման ներքին հարցերից ես տեղյակ չեմ»: Իսկ «Հրազդան» տոնավաճառի տնօրենը` Գագիկ Ժամհարյանը, Armlur.am-ին հայտնեց, որ վաճառականների հետ վերջին պայմանագիրը կնքվել է ավելի քան 1 ամիս առաջ: Այս օրերին նոր պայմանագիր կնքելու դիմողներ անգամ չեն եղել: Հարցին` պայմանները փոխվե՞լ են արդյոք, որ նախկին աշխատակիցները կրկին պայմանագիր կնքելու ցանկություն հայտնեն, մեր զրուցակիցը բացասական պատասխանեց: «Նախկինում ինչ պայմաններ եղել են, նույնն են մնացել: Եթե համեմատենք նախկին վիճակի հետ, մարդկանց թվի տարբերությունը շատ մեծ է: Մենք շատ ծանր ֆինանսական դրության մեջ ենք հայտնվել, բանկային բազմաթիվ պարտավորություններ ունենք, 3 մլն դոլարի պարտքուպահանջ, այդ գումարն էլ ամբողջությամբ ծախսվել է մարզադաշտի վերանորոգման նպատակով»,- ասաց Գագիկ Ժամհարյանը` հավելելով, որ եթե անգամ որեւէ պայմաններ փոխվեն, ինքը չի կարծում, որ հեռացածները կվերադառնան եւ կվերակնքեն իրենց պայմանագրերը:
Խնդիրը, ըստ նրա, ավելի խորքային է՝ տնտեսական եւ այլ հանգամանքներով պայմանավորված: Գագիկ Ժամհարյանի խոսքով` ի տարբերություն այլ տոնավաճառների, որոնց եկամուտը կոնկրետ մարդկանց է հասնում, «Հրազդան» տոնավաճառի հասույթն ամբողջությամբ հատկացվում է մարզահամալիրի վերանորոգմանը: «Առեւտրականին անգամ շաբաթ-կիրակի օրվա հետ կապված ինչ-որ պայմաններ պետք չեն: Կարեւոր է ավտոկայանատեղին, մարդկային վերաբերմունքը, սպասարկումը, ծառայությունների մատուցման ձեւը»,- ասաց տոնավաճառի տնօրենը: Վերջինիս փոխանցմամբ՝ առաջիկայում հնարավոր է՝ «Հրազդան» տոնավաճառը սնանկացման եզրին հայտնվի: Պատճառը, ըստ նրա, այն է, որ բանկերին ունեցած պարտավորությունները չեն կարողանում լուծել: «Հարկային տեսչությունն անհիմն 54 մլն դրամի ակտ է գրել: Այս խնդիրը լուծելու համար ստիպված ենք եղել տոնավաճառի գույքը աճուրդի դնել, միանշանակ, նաեւ աշխատակիցների կրճատումներ էլ կլինեն: Ու փոքր հարված չէր նաեւ Աբովյանի տոնավաճառի կառուցումը: Հիմա անգամ աշխատակիցներին սահմանված ժամկետներում աշխատավարձերը տալ չենք կարողանում»,- ասաց Գագիկ Ժամհարյանը` հավելելով, որ «Հրազդան» տոնավաճառը համապետական կառույց է, ինչը շատերը մոռանում եմ: Հիշեցնենք, որ ավելի վաղ լուրեր էին տարածվել նաեւ, իբր Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ Աբովյան քաղաքում կառուցվող տոնավաճառի շինաշխատանքները դադարեցվել են: Այս լուրերը եւս հերքվեցին, պարզվեց, որ շինարարությունը շարունակվում է:

Տ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ




Լրահոս