ԱՆՀԱՂՈՐԴԱԿԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վստահաբար, մեզանից շատերն են երազել տեսնել Ավետյաց երկիրը` այցելել Տիրոջ Սուրբ Ծննդյան եւ Սուրբ Հարության տաճարները: Ժամանակին մարդիկ տարիներով զրկանքներ են կրել` ոտքով հասնելով  Տերունակոխ սուրբ հողին եւ  ստանալով ուխտավորի իրենց բաժին Տերունական օրհնությունը: Վերադառնալով սրբագործված` նրանք մշտապես վայելել են  իրենց հարազատների ու շրջապատի ակնածանքը՝ որպես Աստծո  լույսը տեսած հաջիներ: Դարերի ընթացքում ամեն ինչ փոխվել է, գրեթե վերացել են  ուխտավորների ճամփորդության  զրկանքները, մարդիկ այսօր շատ հանգիստ,  հարմարավետ ինքնաթիռներով թռչում են Իսրայել, ապա օդանավակայանից ընդամենը մեկ ժամվա ճանապարհ կտրելով` հասնում Երուսաղեմ կամ Բեթղեհեմ: Հենց այդպիսի` 21-րդ դարի հարմարավետ ուխտագնացություն անելու բախտ վիճակվեց նաեւ ինձ:  Որպես նախ եւ առաջ հայ քրիստոնյա, ապա պարզապես մարդ` ցնցված լինելով  Աստծո Որդու  Ծնունդի,  երկրային տառապանքների եւ  Հարության սուրբ վայրերի շուրջ երկուհազարամյա    աննկարագրելի  աուրայից,   հին Երուսաղեմի  հեքիաթային, անհավանական մագնետիզմից, մեր Տեր Հիսուսի պատկերն իրենց  ներսում կրող փողոցների ու շենքերի խորախորհուրդ  տեսքից, այդուամենայնիվ   խորապես տխրեցի այն պատկերից, որը  տիրում էր տաճարների ներսում` Տիրոջ ծննդյան այրի եւ հատկապես  գերեզմանի մոտ: Այստեղ պարզ դարձավ, որ ինչքան  հեշտացել եւ գրեթե յուրաքանչյուրի համար հասանելի է դարձել  դեպի Սուրբ Ծննդյան եւ Սուրբ Հարության տաճարները ուխտագնացության ուղին, նույնքան  դժվարացել եւ ըստ էության, անհասանելի է դարձել Տիրոջը հաղորդակցվելու բուն խորհուրդը: Թող ներվի ասել, սակայն թե՛  Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճարը եւ թե՛ առավել եւս Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարն այսօր բառացիորեն վերածվել են զբոսաշրջային կենտրոնների, որտեղ  յուրաքանչյուր վայրկյան մուտք գործող հարյուրավոր զբոսաշրջիկների  հոսանքում մի տեսակ կորում է ներանձնանալու եւ  Աստծո հետ հաղորդակցության  հնարավորությունը: Առավել եւս, որ   էքսկուրսավարներն անթաքույց  կերպով  զբոսաշրջիկներին ուղղորդում են մոմեր կամ մեռոն գնել միայն այն  խորանի մոտից, որի հետ իրենք համապատասխան պայմանավորվածություն  ունեն: Եւ մի տեսակ  դժվար էր  համակերպվել այն մտքին, որ կարելի է Աստծո տաճարում, Տեր Հիսուսի տառապանքների ու Սուրբ Հարության  վայրում ականատես լինել  առեւտրի, թեկուզ եւ մոմի ու մեռոնի: Զբոսաշրջիկների հրմշտոցը, եթովպացի հոգեւորականի` մանր փող տալու պահանջը … այդ ամենն այնքան անհարիր էր ընդամենը մի քանի մետր այն կողմ գտնվող Տեր Հիսուսի գերեզմանին: Ամենատխուրը, սակայն,  հենց բուն գերեզմանի հույն պահապանի պահվածքն էր, որը յուրաքանչյուր տասը վայրկյանը մեկ  բղավում էր Տիրոջ գերեզմանը համբուրող զբոսաշրջիկների վրա` նրանց գրեթե հրմշտելով ստիպելով դուրս գալ եւ տեղը զիջել հաջորդներին: Ինձ հատկացված տասը վայրկյանի ընթացքում համբուրելով Տիրոջ  տապանաքարը՝  ցավով մտածեցի, որ նրա խոշտանգված մարմինն ամեն օր խաչվում է այդ տաճարում` մանր փողի պահանջի ու տասը վայրկյանանոց այցելությունների թոհուբոհում:




Լրահոս