ԿՏՐԵԼ Է ԵՐԱԿՆԵՐՆ ՈՒ ԻՆՔՆԱՀՐԿԻԶՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոր Նորքի 4-րդ զանգվածի 65-ամյա բնակիչ Վոլոդյա Սահակյանը, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, իրեն հրկիզելուց առաջ կտրել է նաեւ իր երակները: Բնակիչները մեզ պատմեցին, որ ինքնասպանության օրը Վոլոդյան ծեծել է իր կնոջը, որից հետո վերջինիս տեղափոխել են հիվանդանոց, իսկ Վոլոդյային` ոստիկանություն: Իսկ երբ այնտեղ նա իմացել է, որ իրեն պետք է տեղափոխեն հոգեբուժարան, եկել է տուն եւ ինքնասպան եղել:
Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի 4-րդ զանգվածի 2-րդ հատվածի 28 շենքի 21-րդ բնակարանի բնակիչ, 1947թ. ծնված Վոլոդյա Սահակյանն ինքնահրկիզվել էր: Երեկ նրա հոգեհանգստի արարողությունն էր: Նրան հուղարկավորեցին Նուբարաշենում: Տեղեկացնենք, որ երեկ նրա կնոջը հիվանդանոցից տուն էին բերել:  
Վոլոդյան 65 տարեկան էր եւ երկար ժամանակ «Գազ 24» մակնիշի մեքենայով տաքսի էր վարում: Բնակիչների պատմելով՝ նա աչքի է ընկել անընդհատ խմելու սովորությամբ, կոպտությամբ ու կռվարարությամբ: Վոլոդյայի որդին իր հոր այդ բնավորության պատճառով առանձին է ապրում, ունի բանջարեղենի խանութ: Իսկ թոռները երբեւէ չեն էլ ապրել իրենց պապիկի հետ: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Վոլոդյայի հարեւաններից շատերը խուսափեցին խոսել նրա մասին, միայն ասացին, որ նա հոգեկան խնդիրներ է ունեցել: «Մեռել պրծել է, լավը չենք ուզում ասել, որովհետեւ չենք տեսել: Մեզանից եւ ոչ ոքի հետ  շփում չի ունեցել: Մենք որ գալիս, այստեղ նստում ենք, չէր մոտենում մեզ, չէր նստում մեզ հետ: Կռվարար էր: Մի փոքր բանից մեծ պատմություն էր սարքում: Բորբոքվում էր: Հետո ինքն էր ու իր մեքենան»,-ներկայացրին նրանք:
Բնակիչների խոսքերով՝ նրանց տանը միշտ կռիվ ու վեճ է եղել: Նույնիսկ ծեծել է մորը, որդուն, հարսին: Իսկ կնոջ հետ մշտապես է վեճի մեջ եղել: Մի անգամ էլ կնոջը ծեծելուց հետո կինը մի տարով բաժանվել է Վոլոդյայից:
Հարեւաններից տեղեկացանք ինքնասպանության հնարավոր վարկածի մասին: Ըստ այդմ, երբ Վոլոդյան իր կնոջը ծեծել է եւ տեղափոխվել ոստիկանություն, նրան այդ օրը բաց են թողել: Հարեւանները պնդում են, որ Վոլոդյան իմացել է՝ իրեն պետք է տեղափոխեն հոգեբուժարան, վախեցել է այդ մտքից, եկել է տուն, փակվել ներսում, կտրել երակները եւ ինքնահրկիզվել:
Մի կին, որը չցանկացավ նշել իր անունը, զարմացավ` լսելով այն կարծիքը, թե Վոլոդյան ալկոհոլի նկատմամբ սեր է ունեցել. «Բայց ես նրան երբեւէ չեմ տեսել խմած: Նույնիսկ մի քանի անգամ նստել եմ իր մեքենան: Չէ՞ որ նա տաքսի էր վարում, ինչո՞ւ պետք է խմող լիներ: Հանգիստ, սիրուն վարել է»:
Նրա հետ համաձայնեց եւս մի բնակիչ` ասելով. «Մի երկու անգամ ես էլ եմ նստել իր տաքսին ու գնացել կենտրոն: Զսպված անձնավորություն էր: Բայց թե մահը ինչից է սկսվել կամ ինչու է սկսվել, դրա մասին ոչինչ չեմ կարող ասել: Իրենց ընտանիքի հարցն է»:
Բնակիչներից մեկը` Կարոն (անունները փոխված են, որովհետեւ երբ իմացան, որ լրագրողի հետ են խոսում, խուսափեցին ճիշտ անուններն ասելուց), մեզ հետ զրույցում նկատեց. «Լավ մարդը նման քայլ չէր անի: Ինքն իրեն հրկիզել է որպես ի՞նչ, իմաստ կա՞ դրա մեջ: Չկա»: Իսկ 61-ամյա Վաչիկը հակադարձեց Կարոյին՝ ասելով. «Ընտանիք կա, որտեղ տղամարդն ուզում է իր էշը քշի, բոլոր անդամներին իրեն ենթարկեցնի: Դրա համար էլ այդ մարդը հոգնել է պայքարելուց: Ուրեմն նրա մոտ հասունացել է այդ պահը: Հիմա այստեղ չես կարող ասել, թե ինչ է եղել»:
Ամեն դեպքում ցավալի է, որ մեր օրերում ինքնասպանությունը դարձել է փրկության միջոց:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս