ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՈՍԿԵ ՁԿՆԻԿ»
Չինացի ձկնորսը մի ամբողջ կարողության տեր է դարձել՝ բռնելով մի ձուկ, որն աճուրդում վաճառվել է 3 մլն յուանով՝ 473 հազար դոլարով: Ձկնորսը որսացել էր չինական բահաբա տեսակի ձուկ: Այս ձկնատեսակն առանձնապես բարձր է գնահատվում չինական բժշկության մեջ: Ավանդական բժշկության կողմնակիցների պնդմամբ` դրա ներքին օրգաններից պատրաստվող դեղամիջոցներն օգտակար են մի շարք հիվանդությունների դեպքում: Ձկնորսը պատրաստվում է այդ գումարով նոր նավ գնել: Սակայն սա ամենաթանկ «ոսկե ձկնիկը» չէ. հայտնի է դեպք, երբ նույն տեսակը Տոկիոյում վաճառվել է 700.000 դոլարով:

ԵՍԱՍԵՐ ՄԱՅՐԸ
Օգոստոսի 22-ին Ռուսաստանի Դաշնության Կոմի Հանրապետության տարածքում հրդեհի պատճառով երեք փոքրիկներ են զոհվել: Մինչդեռ նրանց մայրը, հասցնելով դուրս պրծնել այրվող տնից, կարողացել է  փրկվել՝ տանը թողնելով երեխաներին ու սպասելով  փրկարարների ժամանմանը: Նախնական տվյալներով՝ հրդեհի պատճառ է դարձել անսարք լամպային հեռուստացույցը: Հավանաբար այն պայթել է` այրման պատճառ դառնալով: Հրդեհը մարվել է մեկ ժամ անց, եւ ավերակների մաքրման ժամանակ հայտնաբերվել են երեք երեխաների այրված մարմինները: Փորձագետները դեռեւս պետք է պարզեն  հրդեհի ծագման պատճառները, իսկ հետաքննիչները` իրավական գնահատական տան մոր արարքին, որն անօգնական է թողել երեխաներին:

ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ ԵՆ
ԱՄՆ-ում անցկացվել է «Գործարար ոլորտի կանայք» մրցանակաբաշխությունը, որի շրջանակներում պարգեւատրվել են ոլորտի առաջատար եւ օրինակելի ներկայացուցչուհիները: 30 պարգեւատրվածների թվում են Գլենդելի «Գալստյան» բուժկենտրոնի բժշկուհի Ռոմելա Մարգարյանը եւ Գլենդելի ոստիկանության աշխատակցուհի, լեյտենանտ Լոլա Աբրահամյանը: Մարգարյանը պարգեւատրվել է «Շահույթ չհետապնդող կազմակերպության ականավոր աշխատակից» անվանակարգում: Նա նշված բուժհաստատության ֆիզիկական զարգացման բաժանմունքի տնօրենն է, Հայ-ամերիկյան բժշկական ընկերակցության տիկնանց խորհրդի նախագահը: Աբրահամյանը լավագույնն է «Կին իրավապահ» անվանակարգում: Նա հանդես է գալիս որպես ակտիվ կամավորական, զբաղվում քրեական գործերի հետաքննությամբ:

ՀՐԱՁԳՈՒԹՅՈՒՆ
«Ռուսաստանի Ստավրոպոլ քաղաքի ամենամեծ շուկայում կրակ են բացել Հայաստանի, Ադրբեջանի եւ Տաջիկստանի վաճառողների ուղղությամբ»,-գրում է Life News-ը: Ըստ նախնական տվյալների՝ շուկա են մտել 5 անհայտ անձ եւ սկսել վիրավորել վաճառականներին: Այնուհետեւ ինքնաձիգից եւ ատրճանակից կրակ են բացել վաճառողների ուղղությամբ:  Ըստ շուկայի ղեկավարության՝ տուժել է 10-ից ավելի մարդ, նրանց տեղափոխել են հիվանդանոց:  Բախման պատճառը հարձակվողների ներկայացրած չհիմնավորված պահանջներն են եղել շուկայի աշխատակիցներին:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՇԱԲՈՅԱՆԸ




Լրահոս