ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Տեղյակ եմ, որ առողջության ապահովագրությունը պետական աշխատողների համար համարվում է պարտադիր: Մինչ դրա պարտադիր համարվելը, ես իմ սեփական նախաձեռնությամբ օգտվում եմ առողջության ապահովագրության ծառայությունից: Եւ հիմա ուզում եմ իմանալ՝ ես արդյոք կարող եմ սոցիալական փաթեթի սահմանաչափն ամբողջությամբ օգտագործել մեկ այլ ծառայության համար:

Հասմիկ Ղազարյան, 36 տարեկան, ուսուցչուհի


ՊԱՏԱՍԽԱՆ.
Եթե շահառուն ունի ապահովագրության առնվազն բազային փաթեթի չափով առողջության ապահովագրություն կամ մեկ այլ սոցիալական փաթեթի շահառու հանդիսացող պետական մարմնի կամ կազմակերպության աշխատակցի անմիջական ընտանիքի անդամ է եւ նրա միջոցով ձեռք է բերել առնվազն սոցիալական փաթեթի մեջ մտնող բժշկական ապահովագրության բազային փաթեթ, ապա նա կարող է իր ողջ գումարն օգտագործել այլ ծառայությունների վրա:

ՀՀ ֆինանսների նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Փաստորեն, մեր ուսուցչուհի ընթերցողը սոցիալական փաթեթից օգտվելու տարբերակներ ունի: Այլընտրանքի գոյությունը, իհարկե, ցանկալի է, բայց եւ ինչպես բոլոր նման առիթներով, հիմա էլ կրկնում ենք մեր այն մշտական կարծիքը, որ լավ կլիներ՝ քաղաքացիներին սոցիալական փաթեթ հրամցնելու փոխարեն համարժեք դրամական փոխհատուցում տրվեր: Ծայրահեղ դեպքում գոնե դրամական փոխհատուցումը տրվեր այն անձանց, որոնք հարգելի պատճառներով չեն կարողացել օգտվել այդ փաթեթների առաջարկած ծառայություններից: Բացի այդ, ցանկալի կլիներ ընդլայնել այդ սոցիալական փաթեթների ծառայությունների շրջանակը:




Լրահոս