Ժողովուրդ. Սերժ Սարգսյանը` երեք քարի արանքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
 
“Սերժ Սարգսյանը հայտնվել է աննախանձելի վիճակում: Առաջին հայացքից թվում է, թե նա արտաքին քաղաքականության մեջ կարողանում է բավական լավ մանևրել արևմուտքի, Ռուսաստանի միջև: Բայց սա` միայն առաջին հայացքից, որովհետև Սերժ Uարգսյանը գնալով ավելի է խճճվում գերտերություններին տված իրարամերժ խոստումների մեջ: Ու որքան մոտենում են նախագահական ընտրությունները, այնքան գերտերություններն ավելի պահանջկոտ են դառնում այս հարցում:
Պատահական չէ, որ վերջերս “Ռոյթերս” լրատվական գործակալությունը ծավալուն հոդված էր հրապարակել` տեղեկացնելով, որ միջազգային պատժամիջոցներով ճնշված Իրանի Իսլամական Հանրապետությունը ձգտում է ընդլայնել բանկային գործունեությունը Հայաստանում: Իսկ ռուսական “Նեզավիսիմայա գազետա” պարբերականը տեղեկացրեց, որ “Ռոյթերս”-ի միջոցով ՄԱԿ-ի փորձագետների խումբն է հրապարակել Թեհրանի դեմ պատժամիջոցների մոնիթորինգի արդյունքները”,- գրում է “Ժողովուրդ”-ը և ենթադրում.
“Հայաստանին նման լրջագույն մեղադրանք ներկայացնելով` արևմուտքը լուրջ շանտաժ է անում` փորձելով ինչ-որ բան կորզել”: 
Թերթը նշում է ևս մեկ ուշագրավ հանգամանք. այս “նախազգուշացումից” հետո Սերժ Սարգսյանը որոշում է կայացրել մասնակցել Իրանում ընթացող ,Չմիավորման շարժմանե գագաթնաժողովին: “Ժողովուրդ”-ի տեղեկություններով`Ս. Սարգսյանը Թեհրան է մեկնելու այսօր` օրակարգում ունենալով նաև այլ հարցեր: Սակայն հարկ է նկատել, որ միջոցառումը մեկնարկել է դեռ օգոստոսի 26-ից և տևելու է մինչև օգոստոսի 31-ը: 
“Այս առումով Սերժ Սարգսյանը գտնվում է բավական բարդ վիճակում` հայտնվելով միանգամից երեք քարի արանքում: Իրան մեկնելու դեպքում նա կնեղացնի արևմուտքին, որի հետ վերջին շրջանում կարծես թե “խաղեր էր տալիս”, նույնիսկ համարձակվել էին Հիլարի Քլինթոնին վերագրել “հրաշալի նախագահ Սարգսյանի” մասին խոսքերը, որոնք նա իրականում չէր ասել (պարզապես դիվանագիտական սկանդալից խուսափելու համար ԱՄՆ պետքարտուղարությունն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը պաշտոնապես չհերքեցին դա): Ընդ որում, Ս.Սարգսյանն արևմուտքին կնեղացնի “բանկային ոլորտում հայ-իրանական բարեկամության” մասին հիշեցումից հետո: Իսկ եթե Ս. Սարգսյանն այսօրվա մեջ մտափոխվի ու չմեկնի Իրան, ապա կնեղացնի և’ Իրանին, և’ ՌԴ-ին: Այնպես որ, ցանկացած որոշում Ս. Սարգսյանի դեմ է շուռ գալու: Մնում է` Ս. Սարգսյանը որոշի` կողմերից որին նեղացնի”,- գրում է “Ժողովուրդ”-ը:




Լրահոս