Ֆանտաստիկա` «Այլ քաղաք»-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆանտաստիկայի ժանրի սիրահարներն այսուհետ հնարավորություն կունենան հայերենով ծանոթանալու հայտնի հեղինակների ստեղծագործություններին, իսկ երիտասարդ ֆանտաստ գրողներն էլ կարող են հրատարակել իրենց ստեղծագործությունները: Արդեն մի քանի օր է` մամուլի կրպակներում կարելի է հանդիպել գրական նոր ամսաթերթի:

«Այլ քաղաք», այսպես է կոչվում ներկայումս ֆանտաստիկայի ժանրի միակ պարբերականը Հայաստանում:

Թերթի խմբագիր Վահե Ղուկասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ «Այլ քաղաք»-ը ֆանտաստիկայի ժանրի համար գրական պլատֆորմ ստեղծելու նպատակ ունի: «Հայաստանը դեռեւս Սովետմիության տարիներից ունի ֆանտաստիկայի որոշակի ավանդույթներ: Այս ժանրի սիրահարները մեծ թիվ են կազմում նաեւ մեր օրերում: Կան թարգմանիչներ, հեղինակներ, ովքեր փորձում են ստեղծագործել ֆանտաստիկայի ժանրում: Պարզապես մինչեւ վերջերս չկար հստակ ուղղվածությամբ գրական հրատարակչություն, որը հեղինակներին իրենց գործերը տպագրելու հնարավորություն կտար»,-ընդգծեց նա:

Խմբագրի համոզմամբ, առհասարակ, գրականության զարգացման համար անհրաժեշտ են ժանրային ինստիտուտներ: Մեր այն հարցին, թե կոնկրետ հայ ընթերցասերների շրջանում ինչ թիվ են կազմում ֆանտաստիկայի սիրահարները, Վ. Ղուկասյանը պատասխանեց. «Մենք, ծանոթ լինելով գրական շուկայում տիրող իրավիճակին, գիտենք, որ նրանց քանակը բավական մեծ է: Եթե խոսենք մոտավոր թվերով, ապա 10 ընթերցողից 5-6-ն անտարբեր չէ ֆանտաստիկայի նկատմամբ»:

Ամսաթերթ ունենալու գաղափարն, ի դեպ, եղել է նաեւ Ֆրունզ Հարությունյանինը, ով, որքան էլ զարմանալի է, մասնագիտությամբ գինեգործ է. «Ինձ թվում է` մասնագիտությունը չի սահմանափակում նախասիրությունները: Սակայն կուզենայի նշել, որ իմ դեպքում հաճախ դրանք միքսվում են. ես կարողանում եմ միահյուսել գինեգործությունը ֆանտաստիկային»,-մեզ հետ զրույցում մեկնաբանեց նա:

Ամսաթերթը ստեղծողներն այն համոզման են, որ պարբերականը պետք է ծառայի նաեւ հայաստանյան ֆանտաստիկան գլոբալ կոնտեքստում դիտարկելուն: «Ո՞վ գիտի, գուցե մեզ մոտ կան այնպիսի մտքեր, որոնք կարող են նորություն լինել առհասարակ այս ժանրի համար»,-ասում են նրանք:

Աննա Բաբաջանյան




Լրահոս