ԲՀԿ-ն ստեղծեց Ռոբերտ Քոչարյանը, քանդեց` Սերժ Սարգսյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ տեղի ունեցավ այդքան սպասված ԲՀԿ համագումարը, որից հետո հայտարարվեց Գագիկ Ծառուկյանի` ԲՀԿ նախագահի և ԲՀԿ խմբակցության ղեկավարի պաշտոններից հեռանալու մասին: Նոր որոշմամբ ԲՀԿ նախագահ դարձավ Նաիրա Զոհրաբյանը: Այսօր Armlur.am-ը կներկայացնի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անցած ուղին և վերջին տարիների գործունեությունը:

Հայաստանի քաղաքական դաշտում ընթացող գործընթացները ճիշտ գնահատելու համար անհրաժեշտ է մի փոքր ետ գնալ և վերհիշել, թե ում կողմից, ինչպես և ինչու 2006-ին հիմնվեց ԲՀԿ-ն: Այդ կուսակցությունը ստեղծվեց Ռոբերտ Քոչարյանի անթաքույց օժանդակությամբ, իշխող էլիտայի կողմից: Այդ իսկ պատճառով իշխող էլիտայի մի մասը, այսինքն՝ վարչական լծակների և ֆինանսական միջոցների տիրապետող մարդկանց մի ստվար մասը, ոչ առանց ուղղորդման` համալրեց այդ կուսակցության շարքերը:

Թեեւ Հանրապետականները հրապարակավ հերքում էին մրցակցության փաստը և նշում, որ ԲՀԿ-ն լինելու է իրենց գործընկերը, այնուամենայնիվ, ՀՀԿ գործողությունները հակառակն էին ցույց տալիս: Ի «հակակշիռ» ԲՀԿ-ի, այդ ժամանակաշրջանում Սերժ Սարգսյանը մտավ ՀՀԿ եւ դարձավ փաստացի առաջնորդը, թեեւ ՀՀԿ-ն ուներ ղեկավար՝ Անդրանիկ Մարգարյանը: Նա նաև իր համար ստեղծված խորհրդի կազմում ընդգրկեց Հայաստանի քրեականացված օլիգարխիային:

Ենթադրվում էր, որ այդպիսով ԲՀԿ-ն պետք է դառնար Հայաստանի «երկրորդ» խոշոր քաղաքական ուժը: Ըստ այդմ, իշխանության համար հիմնական պայքարը պետք է ընթանար ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջեւ: Իսկ քանի որ այդ երկու կուսակցությունների թիկունքում կանգնած էին իշխող կլանի երկու պարագլուխները` Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, նրանց մրցակցությունը պետք է լիներ «ազնիվ»: Այսինքն՝ ով որքան կարողանում, ձայն է գնում, վարչական ռեսուրսն է օգտագործում եւ իր վերահսկողության տակ գտնվող կրիմինալին է օգտագործում: Ի սկզբանե ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի ռեսուրսները` վերը բերված երեք գործոնների մասով, եղել են հավասար: 2007-ին ՀՀԿ-ն «ազնիվ» պայքարում հաղթեց ԲՀԿ-ին, ու պատահական չէր, որ Ռոբերտ Քոչարյանն անձամբ գնաց «առաջինի» գրասենյակ`շնորհավորելու:

Քաղաքական դաշտի ծրագրված ապագայի սցենարը խախտեցին 2008-ի նախագահական ընտրությունները, որոնք զարգացան իշխող էլիտայի համար վտանգավոր սցենարով: Իշխանությունը կորցնելու ռեալ վտանգի առաջ կանգնելով` իշխող էլիտան ստիպված էր իրենից կիսած «մասը» վերստին միավորելով` ընդհանուր ճակատով պատերազմել իշխանության պահպանման համար: ԲՀԿ-ի եւ ՀՀԿ-ի հետագա գործողությունները ևս ուղղված են եղել ընդհանուր իշխանության պահպանմանը: Սակայն 2008-ից հետո ակնհայտ դարձավ, որ Հայաստանի քաղաքական դաշտում անվերահսկելի խմորումներ են տեղի ունենում, եւ ոչ հեռու ապագայում` մի քանի տարի անց, իշխող էլիտան կարող է փաստի առաջ կանգնել: Ուստի անհրաժեշտ էր ամեն ինչ անել, որպեսզի ԲՀԿ-ն վերադառնար այն ուղեծրին, որի համար ստեղծվել էր:

2012-ի խորհրդարանական ընտրություններից առաջ կուսակցությունը համալրած գործիչների խումբը` Վարդան Օսկանյանի գլխավորությամբ, վերստին ուժեղացրեց Քոչարյանի դիրքերը, սակայն դրան զուգահեռ կուսակցություն ներմուծված գործարարների բանակի և Գագիկ Ծառուկյանի անհատական նախագահական ամբիցիաների արդյունքում այդպես էլ չհաջողվեց հաստատել Քոչարյանի անվերապահ ազդեցությունը:

ԲՀԿ նախագահին ոչնչացնելու գործընթացը սկսվեց նրանից, որ Գագիկ Ծառուկյանը փետրվարի 9-10-ը Մոսկվա կատարած այցի ժամանակ «թուլամորթ» որակեց Սերժ Սարգսյանին՝ ընդհուպ հայհոյելով նրան ռուս գործընկերների մոտ: Ու երբ այս լուրը հասավ Սարգսյանին, նա հրատապ գիշերային խորհրդի նիստ հրավիրեց  և հրահանգեց միացնել պետական ահաբեկչության մեքենան՝ Ծառուկյան քաղաքական գործչին ոչնչացնելու համար:

Փետրվարի 18-ից հետո, սակայն, ակնհայտ դարձավ, որ Սերժ Սարգսյանը կարողացել է վերջնականապես կապիտուլյացիայի ենթարկել ոչ միայն Գագիկ Ծառուկյանին, այլև խաղից դուրս թողնել նաև Ռոբերտ Քոչարյանին: Գ. Ծառուկյանի պատասխանից հետո սկսեցին ահաբեկել ԲՀԿ գործիչներին, և դա ստիպեց կուսակցության առաջնորդին հանդիպել ՀՀ նախագահի հետ: Հանդիպումը կայացավ «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի գլխավորությամբ: Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը նախ կազմակերպեցին Ծառուկյան-Սարգսյան հանդիպումը, ապա ելքերն առաջարկեցին, Ծառուկյանին բացատրեցին, որ ճիշտ կլինի նա մնա որպես կուսակցության պատվավոր նախագահ՝ հրաժարվելով քաղաքական դերակատար լինելուց:

Երեկվա համագումարը ցույց տվեց, որ Գագիկ Ծառուկյանն ընկալել էր, թե ինչ են իրեն ասել հանդիպման ժամանակ: Նա երեկ ի վերջո հայտարարեց քաղաքականությունը լիովին լքելու մասին:

Երկու նախագահների կռվից հասարակության մեծ մասի մոտ խորը հիասթափությունը միայն մնաց, քանի որ, իրոք, մեր համաքաղաքացիների մի ստվար զանգված կարծում էր, թե Ծառուկյանը փրկիչ է և իրենց կազատի Սերժ Սարգսյանի լծից: Հիասթափված են նաև այն բոլոր գործիչները, որոնք խմբվել էին ԲՀԿ առաջնորդի շուրջ:




Լրահոս