Ազատամարտիկներին նույնացնել, կցորդ սարքել կամ զուգահեռել ԲՀԿ-ի կամ Գագիկ Ծառուկյանի հետ պետք չէ:
Armlur.am-ի հետ զրույցում ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը նման տեսակետ հայտնեց` անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի հրաժարականին ԲՀԿ նախագահի պաշտոնից:
«Մենք ասել ենք` եթե կա քաղաքական ուժ, որը ժողովրդին դուրս կբերի հրապարակ, մենք` ազատամարտիկներս, տեղում ենք լինելու, որպեսզի թույլ չտանք ժողովրդի հետ երկրորդ Մարտի 1 կատարող սրիկաների խրախճանքը: Այդ եզրագծով Գագիկ Ծառուկյանը, ՀԱԿ-ը, մյուսները ձայն բարձրացրեցին, պատրաստակամություն հայտնեցին, իսկ վերջում եղավ այն, ինչ եղավ: Մենք մեր երկիրը սիրում ենք և էլի ասում ենք` նման կերպ շարունակել չի կարելի: Քաղաքական ուժեր, եկեք մտածեք այս մասին:
Մենք պարզապես ազատամարտիկներով հավաքվել էինք: Այն ազատամարտիկներով, ովքեր լափ չեն ուտում, չեն կերել, կերակրատաշտի մոտ չեն, 100 դրամը դժվար են վաստակում, ամեն առավոտ վեր են կենում և մտածում հացի փողը ոնց պետք է վաստակեն: Այն ազատամարտիկներն էին, ովքեր թքած ունեն այս իշխանության թուլափայի վրա, որովհետև մենք թուլեք չենք: Թուլեք են նրանք, ովքեր իշխանությունից վերցնում են»,- ասաց Սուրեն Սարգսյանը:
Վերջինիս խոսքով` եթե քաղաքական ուժերը, այդ թվում ԲՀԿ-ն, նորից ժողովրդին կոչ անեն դուրս գալ փողոց, ընդդիմանալ, ապա իրենք կրկին կլինեն ժողովրդի կողքին: «Նաիրա Զոհրաբյան կլինի, Լևոն Տեր Պետրոսյան կլինի, թե Սողոմոն Աբիսողոմյան, մեզ համար ի՞նչ նշանակություն ունի: Մենք այլևս չպետք է թույլ տանք մեր երկրում ընտրություններ կեղծվի և ապօրինի իշխանությունը վերարտադրվի: Սա մեր ազատամարտիկների դիրքորոշումն է»,- մանրամասնեց Սարգսյանը:
Նա շեշտեց. «Գագիկ Ծառուկյանը, լինելով իշխանությունների հետ սերտաճած անձնավորություն, գործարար, ինչ-որ պահի կարողացավ այնքան ազնիվ լինել և ասել. «արա, ա՛յ անասուններ, էսպես չի կարելի»: Իսկ թե ինչքան դիմացավ Գագիկ Ծառուկյանը, դա այլ հարց է: Եկեք գնահատենք գոնե այդ պահի ազնվությունը: Մնացածը ժամանակը ցույց կտա: Ամենևին պետք չէ ցեխ շպրտել, տրորել, սպանել: Որպես ի՞նչ»,- իր խոսքը եզրափակեց ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը:
Հիշեցնենք` այսօր ԲՀԿ արտահերթ համագումարի ժամանակ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց կուսակցությունից և քաղաքականությունից հեռանալու մասին: Իսկ ԲՀԿ նախագահ ընտրվեց խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: